Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Նորանշանակ փոխվարչապետ Խաչատրյանը ՀՀ նախագահին է ներկայացրել ֆինանսական համակարգերի ռիսկերին դիմակայելու ուղիները

Նորանշանակ փոխվարչապետ Խաչատրյանը ՀՀ նախագահին է ներկայացրել 
ֆինանսական համակարգերի ռիսկերին դիմակայելու ուղիները

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է նորանշանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

«Ես որևէ կասկած չունեմ, որ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի Ձեր փորձը մեծ ու կարևոր դեր է խաղալու փոխվարչապետի պաշտոնում և, իմ անձնական գնահատականով, Ձեր նշանակումը կհանգեցնի նաև կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»,- ընդգծել է նախագահը:

Ըստ աղբյուրի՝ Տիգրան Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար, նշել է, որ իր աշխատանքային կենսագրության ընթացքում մշտապես առաջնորդվել է համագործակցության սկզբունքով և նոր պաշտոնում ջանքեր չի խնայելու իր համակարգման ներքո գտնվող գերատեսչությունների և ընդհանրապես գործադիրի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

«Հանդիպման ընթացքում Տիգրան Խաչատրյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել տարվա ավարտին հայաստանյան ֆինանսական համակարգերում առկա ընթացիկ զարգացումների ընդհանուր պատկերը և գալիք տարում կանխատեսելի ռիսկերն ու դրանց դիմակայելու ուղիները, մասնավորապես՝ կապիտալ ծախսերի կատարողականի բարձրացմանն ուղղված միջոցառումների հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորությունների սահմաններում աջակցել գործադիրի կողմից նախատեսվող ծրագրերին:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային փոխադարձ շփումներն ու խորհրդապահական բնույթի հանդիպումները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am