Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Բաքուն չի էլ թաքցնում, որ խախտում է նոյեմբերի 9-ի համաձայնությունը․ փորձագետները՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի մասին

Բաքուն չի էլ թաքցնում, որ խախտում է նոյեմբերի 9-ի համաձայնությունը․ 
փորձագետները՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետը, փաստացի դեռ դեկտեմբերին էր տեղադրվել, հիմա պարզապես ֆորմալացվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքագետը նման տեսակետ հայտնեց ապրիլի 25-ին կայացած քննարկմանը։ 

«Ադրբեջանցիները Լաչինի միջանցքում անցակետ էին տեղադրել, սակայն այն անցակետ չէր անվանվում: Ադրբեջանի կառավարությունը ինչ-որ մարդկանց էր ուղարկել, որոնք այնտեղ կանգնած՝ ում ուզում թողնում, ում ուզում՝ չէին թողնում տեղաշարժվել: Հիմա այդ իրավիճակի ձևակերպումն է, այդ մարդիկ կոչվելու են Ադրբեջանի սահմանապահներ»,- ասաց Իսկանդարյանը: 

Նրա համոզմամբ՝ սա Ադրբեջանի հետևողական ռազմավարությունն է՝ ճնշում Հայաստանի Հանրապետության վրա իր համար ցանկալի արդյունքներին հասնելու համար։

«Ադրբեջանն իրեն հասանելի բոլոր միջոցներով ճնշում է գործադրում հայկական կողմի վրա․ նախ հայտարարում էր՝ Ղարաբաղ գոյություն չունի, հիմնախնդիրը գոյություն չունի, հիմա էլ «Լեռնային» բառը չի օգտագործում։ Սահմանային միջադեպերը նույնպես ճնշում են հայկական կողմի վրա»,- նշեց նա։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն էլ հիշեցրեց՝ Ալիևը անցակետ տեղադրելու մասին ազդարարել էր երկու ամիս առաջ, մյունխենյան հանդիպումից հետո: Նա հայտարարել էր, որ Լաչինի միջանցքում Հայաստանի հետ սահմանին պետք է անցակետ տեղադրվի, և Արցախի շրջափակումը, ըստ նրա,  հենց այս նպատակով էր։ 

Նա ընդգծեց՝ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, և հիմա նույնիսկ նոր նարատիվ է առաջ քաշում՝ Ադրբեջանի Սահմանադրությունը գերակա է բոլոր հայտարարություններից և պայմանավորվածություններից:

«Ադրբեջանը չի իրականացնում նոյեմբերի 9-ի հայտարարության առանցքային կետը, դա կասկածի տակ է դնում մեր տարածաշրջանի այժմյան և հետագա բոլոր գործընթացները, որովհետև անիմաստ է խոսել ինչ-որ գործընթացների մասին, որոնց հիմքը նոյեմբերի 9-ի հայտարարությունն է, եթե առանցքային կետը Բաքուն չի կատարում»,- ասաց նա։ 

Գրիգորյանի կարծիքով՝ նաև խաղաղության պայմանագրի և այլ գործընթացների մասին բոլոր խոսակցությունները դառնում են անհասկանալի, քանի որ եթե Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջը, որն ընդամենը երեք տարի առաջ է ստորագրվել, ապա ի՞նչ երաշխիքներ կան, որ որևէ նոր փաստաթուղթ կամ նոր գործընթաց կարող է որակապես փոխել իրավիճակը տարածաշրջանում և նպաստել տարածաշրջանում կայունությանը։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։ Հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, ապրիլի 23-ից փակել է Լաչինի միջանցքում գտնվող Հակարիի կամուրջը, ապօրինի կերպով տեղադրել է անցակետ:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am