Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Արայիկ Հարությունյանի հրաժարականն իրադարձությունների օբյեկտիվ ընթացքի արդյունքն էր․ քաղաքագետն անդրադարձել է Արցախի ներքաղաքական զարգացումներին

Արայիկ Հարությունյանի հրաժարականն իրադարձությունների օբյեկտիվ ընթացքի 
արդյունքն էր․ քաղաքագետն անդրադարձել է Արցախի ներքաղաքական 
զարգացումներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Գարիկ Քեռյանը կարծում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պետք է դիտարկել ոչ թե այն առումով, թե որքան էր դա տեղին կամ անտեղի, այլ պարզապես պետք է հասկանալ, որ դա իրադարձությունների օբյեկտիվ ընթացքի արդյունք էր։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Քեռյանն ասաց, որ փաստացիորեն 2020 թվականի պատերազմից հետո քաղաքական ամբողջ գործընթացը դիվանագիտական հարթակներում չհանգեցրեց վիճահարույց խնդիրների կարգավորման։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի ու միջազգային դերակատարների կողմից շրջանառվող այն նարատիվը, թե գործընթացը մտել է խաղաղության պայմանագրի կնքման փուլ և կողմերը պետք է ապաշրջափակեն ճանապարհներն ու գնան սահմանագծման ու սահմանազատման, ըստ էության չիրականացավ։ Նա արձանագրում է, որ մի կողմից Ադրբեջանի համար կա խնդիր, քանզի Բաքուն, հաղթանակ տանելով ռազմի դաշտում, այդուհանդերձ, չկարողացավ հաջողությունն ամրագրել դիվանագիտական ճակատում, իսկ մյուս կողմից Հայաստանի համար կա խնդիր, քանզի Երևանն իր հերթին չկարողացավ դուրս գալ հետպատերազմյան ճգնաժամից, և իրավիճակը շարունակեց վատանալ։

«Հաշվի առնելով նշված իրողությունները՝ տեսնում ենք, որ դիվանագիտական բոլոր հարթակներում բոլոր կողմերի համար արձանագրվում են ձախողումներ, ինչն էլ բերում է ներքաղաքական լարվածության և քաղաքական ճգնաժամի խորացման հատկապես Արցախում, որովհետև Ադրբեջանը փաստացի ընտրել է ուժային լուծման տարբերակը՝ պահանջելով արցախցիներից վերացնել հայկական ադմինիստրացիան և ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն։ Այս ամբողջ ընթացքում Արցախի իշխանությունները կարողացա՞ն ինչ-որ լուծման տարբերակ գտնել կամ շփման եզրեր գտնել հակառակորդի հետ, որպեսզի ապահովեն անվտանգային միջավայր Արցախի շուրջ, բնականաբար, ո՛չ։ Հետևաբար նման իրավիճակը չէր կարող երկար շարունակվել։ Առանց այդ էլ հասկանալի էր, որ երեք տարի ձգվող ներքաղաքական ճգնաժամը ինչ-որ կերպ պետք է հանգուցալուծվեր»,- նշեց մեր զրուցակիցը։

Քեռյանի համոզմամբ՝ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց, որովհետև պարզապես այլ ելք չգտավ։ Ո՛չ Հայաստանի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ եվրոպական ու ամերիկյան հարթակների հետ նա լուծումներ չգտավ։ Բացի այդ, ներգրավված չլինելով բանակցություններում և կախված լինելով միջնորդների որոշումներից՝ Արցախի իշխանությունը հայտնվեց թևաթափ վիճակում, երբ ոչ մի լծակ չուներ և հիմա էլ չունի՝ որոշակի մասնակցություն ունենալու հիմնախնդրի կարգավորման գործում։ Արայիկ Հարությունյանն, ըստ քաղաքագետի, չդիմացավ երկարատև նյարդային մարաթոնին, ընկճվեց ու հեռացավ՝ ելքեր չգտնելով։

Անդրադառնալով այն հարցին, որ հիմա վտանգված է նաև Արցախի Հանրապետության  նախագահի ինստիտուտը, քանի որ նման իրավիճակում հնարավոր չէ լիարժեք ընտրություններ կազմակերպել ու անցկացնել, Քեռյանը համաձայնեց նշված տեսակետի հետ, բայց հիշեցրեց, որ Արցախում 1988 թվականից հետո տեղի ունեցած բոլոր ընտրություններն էլ միջազգային հարթակներում չեն ճանաչվել։

«Մեր հասարակությունը տրոհված է մի քանի մասի՝ եվրոպասերներ, վիլսոնասերներ, Ռուսաստանի կողմնակիցներ, սակայն հաշվի չի առնվում այն իրողությունը, որ աշխարհաքաղաքական ոչ մի կենտրոն երբևէ չի ճանաչել արցախյան ընտրությունների արդյունքները։ Իհարկե, եղել են շփումներ որպես չճանաչված երկրի ղեկավարության հետ, բայց միայն այդ ձևաչափով և այն էլ լավագույն ժամանակներում, երբ կար բանակցային գործընթաց, ու Մինսկի խմբի համանախագահները այցելում էին ոչ միայն Երևան ու Բաքու, այլև Ստեփանակերտ՝ տեղում հարցերը ճշտելու նպատակով։ Ըստ էության, միջազգային իրավական առումով Արցախի պետական կառավարման մարմինները ճանաչում չունեն, նրանք միանշանակ լեգիտիմ են, որովհետև միշտ արտահայտել են իրենց ժողովրդի կամքը և ընտրվել ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների միջոցով, բայցևայնպես միջազգային առումով լեգալ չեն եղել, քանզի չեն ճանաչվել ոչ մի երկրի կողմից, հետևաբար եթե հիմա էլ լինի որևէ ընտրություն, ապա դա էական որևէ փոփոխություն չի մտցնի իրադրության մեջ»,- ասաց Քեռյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման տարբերակը ոմանք տեսնում են ՌԴ-ում, ոմանք՝ Արևմուտքում, մինչդեռ ելքը հայ-ադրբեջանական անմիջական երկխոսությունն է, հստակ սահմանի առկայությունը։

«Եթե մենք կարողանանք Ադրբեջանի հետ նստել երկկողմ բանակցությունների, եթե կարողանանք դուրս մղել մանիպուլյատիվ քաղաքական շահերը և գերապատվելի դարձնենք հումանիտար գործոնը և կարողանանք հասնել նրան, որ դիտարկվեն նաև ժողովրդական դիվանագիտության, փորձագիտական դաշտի կարծիքները, որոնք վերաբերում են փոխզիջումային տարբերակներ առաջադրելուն, ապա դրանից հետո կարող ենք ասել, որ Արցախը կփրկվի։ Իսկ եթե շարունակվեն այս կամ այն կողմից առանձին դիրքորոշումներն առաջնային դարձնելու քայլերը, իսկ Արցախի իշխանությունները չկարողանան Բաքվի հետ գնալ բանակցությունների, ապա սայլը տեղից չի շարժվի»,- եզրափակեց քաղաքագետը։ 

Մանվել Մարգարյան

  

 

           

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am