Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Միջնորդական խաղաղ նախաձեռնությունների հեռանկարը Գազայում․ թուրքագետը խոսել է ԱՄՆ-ի և Թուրքիայի նպատակների մասին

Միջնորդական խաղաղ նախաձեռնությունների հեռանկարը Գազայում․ 
թուրքագետը խոսել է ԱՄՆ-ի և Թուրքիայի նպատակների մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը դեռ չի հասել այն փուլին, որ հնարավոր լինի կողմերի միջև հաշտեցնող միջնորդություն իրականացնել, առավել ևս, որ այս պահին ռազմական գործողություններն ավելի ինտենսիվ բնույթ են ստացել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սաֆրաստյանը նշեց, որ եթե հակամարտությունը հասնի այն կետին, երբ լարվածությունը կթուլանա և միջնորդական փորձերը կդառնան ավելի իրատեսական, այդ դեպքում Թուրքիան նորից հանդես կգա իր առաջարկությամբ, թեև Անկարան հիմա հանդես է գալիս արդեն ավելի լուրջ նախաձեռնությամբ, այսինքն՝ նախնական իր մոտեցումն ավելի մոդիֆիկացրել է՝ նշելով, որ հանգուցալուծման միջնորդության արդյունքում պետք է լինեն անվտանգության երաշխավոր երկրներ։   

«Թուրքիան մինչև պատերազմը մեծ ջանքեր գործադրեց Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Այդ ջանքերի հետևում կանգնած էր անձամբ Հաքան Ֆիդանը, ով այն ժամանակ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավարն էր։ Անկարան և Թել Ավիվը հասան որոշակի կարգավորման՝ փոխանակելով դեսպաններ։ Պաղեստինա-իսրայելական հակամարտությունն, իհարկե, փոխեց իրավիճակը։ Սկզբում Թուրքիան բավական զուսպ էր իր հայտարարություններում, քանզի հույս ուներ, որ միջնորդ կլինի, սակայն երբ տեսավ, որ հակամարտությունը ձգձգվում է՝ ստանալով ավելի ինտենսիվ բնույթ, իսկ իսրայելական բանակի ռազմական գործողությունների արդյունքում էլ ավելանում է զոհերի ու վիրավորների թիվը խաղաղ բնակչության շրջանում, այդ դեպքում Թուրքիան հանդես եկավ որպես արաբական, ավելի շուտ մահմեդական աշխարհի ներկայացուցիչ՝  խստորեն քննադատելով իսրայելի ռազմաքաղաքական վերնախավին»,- ասաց թուրքագետը ։

Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիան հիմա փորձում է երկու խնդիր լուծել։ Առաջինը միջնորդական առաքելության իրականացումն է, որն առժամանակ հետաձգվել է, իսկ երկրորդը սեփական հեղինակությունը բարձրացնելն է ամբողջ մահմեդական աշխարհում և մասնավորապես արաբական երկրների շրջանում։

«Պաշտոնական Անկարան սկսել է ավելի կտրուկ հանդես գալ Թել Ավիվի հասցեին՝ անվերապահ աջակցություն հայտնելով պաղեստինցիներին, չդատապարտելով ՀԱՄԱՍ-ին։ Այդ կառույցի հետ Թուրքիան մինչև պատերազմն էլ ուներ որոշակի կապեր, իսկ հիմա հանդես է գալիս այդ կապերն ամրապնդելու և շարունակելու օգտին։ Այո, Թուրքիան և Իսրայելը հետ կանչեցին իրենց դեսպաններին, սակայն կան փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ Թուրքիան, այդուհանդերձ, միակողմանի հանդես չի գալիս որպես Պաղեստինի դաշնակից և Իսրայելի անվերապահ քննադատ։ Տեղեկություններ կան, որ, օրինակ, Գերմանիայի թուրքական կազմակերպությունների միությունը, որն իր գործունեությունը համաձայնեցնում է թուրքական իշխանությունների հետ, կոչ է արել այդ երկրում ապրող թուրքերին չմասնակցել պրոպաղեստինյան հանրահավաքներին և ցույցերին։ Մյուս կողմից Թուրքիան չի դադարեցրել առևտրատնտեսական կապերն Իսրայելի հետ, առավել ևս, որ ապրանքաշրջանառությունը կազմում է 20 միլիարդ դոլար»,- ասաց Սաֆրաստյանը։

Նրա կարծիքով՝ թուրքական իշխանությունը կամուրջներն այրում է կոնկրետ Նեթանյահուի հետ՝ ունենալով հավանական հաշվարկ, որ պատերազմի ավարտից հետո Իսրայելի գործող վարչապետը հրաժարական կտա։

Անդրադառնալով նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության համատեքստում ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մերձավորարևելյան շրջագայությանը և մասնավորապես Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը՝ Սաֆրաստյանն ընդգծեց, որ այդ քայլով ամերիկյան կողմը ցանկանում է օգտագործել Թուրքիայի հնարավորությունները՝ լուծելով իր համար երկու կարևոր խնդիր։

«Բլինքենն իր դիվանագիտական գործունեությամբ երկու ռազմավարական նպատակ է հետապնդում։ Նախ՝ ամեն ինչ անել, որպեսզի պատերազմը դուրս չգա պաղեստինա-իսրայելական շրջանակից և դրանում չներգրավվեն Մերձավոր Արևելքի արաբական պետությունները, իսկ երկրորդ նպատակը մարտավարական է, այսինքն՝ ԱՄՆ պետքարտուղարը փորձում է հասնել նրան, որ տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտները զերծ մնան կողմնակի հարձակումներից Իրաքում և Սիրիայում։ Այդ առումով Բլինքենի հանդիպումն Իրաքի ղեկավարության հետ պատահական չէր, որից հետո այդ երկրի վարչապետը ժամեր անց այցելեց Իրան։ Նա ամենայն հավանականությամբ իրանական կողմին փոխանցեց Բլինքենի խնդրանքը, որպեսզի վերջինս իր հովանու ներքո գործող պրոքսի կառույցներին զերծ պահի ամերիկյան ռազմական օբյեկտների վրա հարձակվելուց»,- ասաց ակադեմիկոսը։

Նրա դիտարկմամբ՝ թեև Թուրքիան ԱՄՆ-ի համար դժվար դաշնակից է, այդուհանդերձ, կոնկրետ Թուրքիայի արտգործնախարարի հետ Բլինքենի հանդիպումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Միացյալ Նահանգները փորձում է ռազմավարական նպատակներին հասնելու համար օգտագործել նաև թուրքական կողմի հնարավորությունները, որպեսզի գոնե հումանիտար զինադադար հաստատվի հակամարտության գոտում և միջազգային օգնությունը հասնի կարիքավորներին։

Հաշվի առնելով, որ Թուրքիան որոշակի ազդեցության ունի մերձավորարևելյան գործընթացներում և շարունակում է նախկին կապերը պահպանել ՀԱՄԱՍ-ի հետ՝ ԱՄՆ-ն կձգտի հետայսու ևս օգտագործել իր դաշնակցի հնարավորությունները, որպեսզի պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտն ավելի մեծ ծավալներ չունենա։ Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ քանի որ այդ առումով համընկնում են թուրք-ամերիկյան շահերը, ուստի Վաշինգտոնն, անկասկած, կաջակցի Անկարայի դիրքորոշմանը՝ հավանություն տալով Գազայի հատվածում անվտանգության երաշխավոր դառնալու թուրքական կողմի հավակնությանը։   

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am