Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Լուծարված ընկերության աջակցություն չի տրամադրվել. նախարարությունն արձագանքում է տարածված լուրերին

Լուծարված ընկերության աջակցություն չի տրամադրվել. նախարարությունն 
արձագանքում է տարածված լուրերին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը լուծարված ընկերություններին աջակցություն չի տրամադրել, իսկ ընկերությունների գործունեության ժամանակավոր դադարեցումը դեռևս լուծարում չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը` անդրադառնալով տարածվող լուրերին, որ նախարարության աջակցությունից օգտվել են ՏՏ ոլորտի լուծարված ու գործունեությունը դադարեցրած ընկերություններ։

HM2_9487.jpg (497 KB)

Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ՝ արտարժույթի արժեզրկման և գլոբալ ՏՏ ճգնաժամի պատճառով ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կրած վնասները մեղմելու և առկա աշխատատեղերը պահպանելու նպատակով շուրջ 7.4 մլրդ դրամ պետական աջակցություն տրամադրվեց տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերություններին։ Տարածվող տեղեկությունների համաձայն՝ աջակցությունը ստանալուց հետո ընկերություններից 14-ը դադարեցրել է գործունեությունը, իսկ 4-ը՝ լուծարման գործընթաց սկսել:  Նախարարությունը, սակայն, բացատրում է՝ ոլորտի համար գործունեության ժամանակավոր դադարեցումը հնարավոր երևույթ է, և հավելել, որ նախատեսում են նաև ծրագրի առանձին վերլուծություն իրականացնել։

«Կառավարության աջակցությունը ստանալու պահին ընկերություններից որևէ մեկը լուծարված չի եղել։ Մինչև այժմ էլ չկան օգնություն ստացած ու փաստացի լուծարված ընկերություններ․ միայն 4 ընկերություն լուծարման գործընթացի մեջ է։ Ինչ վերաբերում է գործունեությունը ժամանակավորապես կասեցրած ընկերություններին, սա ոլորտային ընկերությունների պարագայում բնական ընթացք է։ Գործունեությունը  ժամանակավոր դադարեցնելը չի նշանակում, որ այդ ընկերությունները փակված են, ուղղակի որոշ ընկերություններ կախված որոշակի հանգամանքներից, ժամանակավոր դադար են վերցրել, մինչև կարգավորեն իրենց հարաբերությունները գործընկերների հետ»,- նշեց Սահակյանը:

HM2_9451.jpg (462 KB)

Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև այն 4 ընկերություններին, որոնք լուծարման գործընթաց են սկսել, ընդգծելով, որ դրանք բավարարել են որոշման պայմաններին և լուծարման գործընթաց են սկսել աջակցությունը ստանալուց հետո: Նա հավելել է, որ քննարկվող «Օպտիմ Արմենիա» ընկերությունը չի հրաժարվել աջակցություն ստանալուց, փոխարենը եղել են ընկերություններ, որոնք լուծարման գործընթացի մասին տեղեկացնելուն զուգահեռ հրաժարվել են աջակցությունից:

Սահակյանը մանրամասնեց՝ հայտարարված աջակցությունը ստանալու համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 510 ընկերություն էր դիմել, ներկայացված պահանջներին բավարարել է դրանցից 332-ը։ 2 ընկերություն էլ հրաժարվել էր աջակցությունից, քանի որ գործունեությունը շարունակելու հեռանկար չէր ունեցել։ Սակայն այդ ընկերությունների ցուցակում չի եղել «Օպտիմ Արմենիա» ընկերությունը: Նախարարի տեղակալը  հիշեցրեց, որ աջակցությունից կարող էին օգտվել այն ընկերությունները, որոնք բավարարել են ՀՀ կառավարության 2022թ. դեկտեմբերի 1-ի թիվ 1863-Լ որոշման պայմաններին, մասնավորապես՝ 20%-ից ավել չեն կրճատել աշխատավարձի ֆոնդը և արտահանումը կազմել է շրջանառության 70%-ից ավել:

HM2_9473.jpg (351 KB)

«Պետք է նշեմ, որ այս ծրագիրը ուղղված է եղել դրամի կտրուկ արժևորումից և ՏՏ գլոբալ ճգնաժամից կրած վնասների փոխհատուցմանը: Միևնույն ժամանակ, մենք դիտարկում ենք տարբերակ, որպեսզի իրականացնենք պետական աջակացության այս ծրագրի մոնիթորինգ. գնահատվելու է աջակցություն ստացած բոլոր 330 ընկերությունների գումարի նպատակային օգտագործումը, և միայն այս տվյալների հիման վրա հնարավոր կլինի գնահատական տալ ամբողջ ծրագրին»,- պարզաբանեց նախարարի տեղակալը։

Սահակյանը կարևորեց նաև անդրադառնալ այն հարցին, թե ինչու է աջակցությունը տրամադրվել միայն արտահանող ընկերություններին:

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտը գլոբալ ոլորտ է և հանդիսանում է  որպես կատալիզատոր տարբեր ոլորտների զարգացման և առաջընթացի համար: ՀՀ կառավարությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտը սահմանել է գերակա ճյուղ՝ հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների կարևորությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության համար:

Աջակցելով ԲՏ ոլորտի զարգացմանը, մենք հնարավորություն ենք տալիս այս ընկերությունների ստեղծած տեխնոլոգիաները հասանելի դարձնել, ներդնել այլ ոլորտներում»,- մանրամասնեց Սահակյանը: 

HM2_9447.jpg (343 KB)

Եզրափակելով խոսքը՝ նախարարի տեղակալը նշեց, որ հանդիպումներ են անցկացնում նշված 18 ընկերությունների հետ՝ հասկանալու գործունեության ժամանակավոր դադարեցման կամ ընկերությունների լուծարման գնալու պատճառները: Ընդհանրապես, ոլորտային ընկերությունները մշտապես նախարարության ուշադրության կենտրոնում են, կազմակերպվում են հանդիպումներ ոլորտի ներկայացուցիչների հետ, հենց իրենցից լսելու առկա խնդիրները և առաջարկվող լուծումները, որտեղ կարող է պետությունը գործուն դեր ունենալ: 

Կառավարությունը նախորդ տարի դեկտեմբերին որոշել էր աջակցել դրամի արժևորումից տուժած մի շարք ընկերությունների այդ նպատակով 10 միլիարդ դրամ էր հատկացվել։ «Հետքը» պարզել էր, որ աջակցություն ստացած ընկերություններից 14-ը աջակցությունը ստանալուց հետո դադարեցրել է գործունեությունը, իսկ 4-ը՝ լուծարման գործընթաց սկսել։

 

Կարինե Տերտերյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am