Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում

«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT 
թանգարանում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ի նշանավորում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը։

Ցուցադրությունը ներկայացնում է մեծն վարպետ Փարաջանովի ընկեր, աշակերտ, լուսանկարիչ Յուրի Մեչիտովի լուսանկարները՝ այդ թվում հայտնի «Թռիչք» ֆոտոն։

Վարպետի կյանքի և ստեղծագործությունների ընկալման հարցում այս լուսանկարն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում և ունի ստեղծման հետաքրքիր պատմություն։ Այն արվել է 1981 թվականի մայիսի 15-ին և փոխանցում է ոչ միայն Փարաջանովի դիմագծային կերպարը, այլև նրա ստեղծագործական միտքը, քանի որ Յուրի Մեչիտովի կողմից արված լուսանկարի կոմպոզիցիոն հեղինակը հանդիսացել է հենց ինքը՝ Փարաջանովը։

«Դժվար, գրեթե անհնար է մեծն Փարաջանովի փառավոր ժառանգությունը համակողմանի վերլուծելը։ Նրա ստեղծագործական աշխարհին հարաբերվելու առաջին իսկ փորձառությունը վերափոխում է պատկերային ընկալումների մեր հայացքները և վերածվում մտագրավ մի առեղծվածի։ Կյանքի վառ պահերի, առատաձեռնության և վարպետության մարգարե Փարաջանովի ողջ կյանքը գեղեցիկի ու ներդաշնակի որոնման անկեղծ փորձ է, ինչի մի քանի դրվագներ տեղ են գտել այս ցուցադրությունում։ Ուրախ ենք, որ ARARAT թանգարանի տասնյակ հազարավոր այցելուներ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից գալիք մի քանի ամիսների ընթացքում կկարողանան բացահայտել Վարպետության, Առատաձեռնության, Ստեղծագործական մտքի և Նվիրվածության նոր եզրեր», - մեկնաբանում է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

Նշենք, որ ցուցադրության պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսին և հանդիսացել է Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանի musæum նախագծի մաս։

ARARAT թանգարանում «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը կգործի մինչև 2024 թվականի մայիսի 1-ը։

 

           


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am