Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

6.5 միլիոն դոլարի ներդրում 30 ստարտափում. հայկական վենչուրային ներդրումները 2023-ին ակտիվ են եղել

6.5 միլիոն դոլարի ներդրում 30 ստարտափում. հայկական վենչուրային 
ներդրումները 2023-ին ակտիվ են եղել

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական 4 վենչուրային ֆոնդերը և 3 հրեշտակ ներդրողների խմբերը 2023 թվականին 30 հայկական ստարտափում 6.5 միլիոն դոլարի ներդրում են արել։ Հայ հիմնադիրներ ունեցող ստարտափները ամերիկյան վենչուրային ֆոնդերից, ընդհանուր առմամբ, 200 միլիոն դոլարի ներդրում են ներգրավել: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց BANA Angels հրեշտակ ներդրողների ցանցի տնօրեն Սոնա Վեզիրյանը՝ հավելելով, որ, չնայած տարին ճգնաժամային էր, այնուամենայնիվ, Հայաստանի ներդրումային և ստարտափային ոլորտում դրական ցուցանիշներ եղել են: 

GEV_5344.JPG (816 KB)

«Հայկական ՏՏ էկոհամակարգի համար 2023 թվականը մարտահրավերներով լի տարի էր: Ներդրումային աշխարհը ճգնաժամի մեջ է, և հույս ունենք, որ 2024-ին ճգնաժամը կմոտենա իր տրամաբանական ավարտին: Անկումը նկատվում էր դեռ 2022-ից, այս պահին դրական դինամիկա ենք տեսնում: Ամեն դեպքում 2023-ին դրական դեպքեր ունեցել ենք: Ընդհանուր առմամբ վենչուրային ֆոնդերից ակտիվ են եղել 4-ը՝ Big Story VC, Granatus Ventures, Triple S Ventures, Formula VC, 3 հրեշտակ ներդրողների խմբեր էլ ունեցել են գործարքներ: Ընդհանուր 7 աղբյուրներից 30 ստարտափների մեջ 6.5 միլիոն դոլարի ներդրում է եղել: Հայկական հիմնադիրներով ստարտափները 2023-ին ամերիկյան վենչուրային ֆոնդերից մոտ 200 միլիոն ներդրում են ներգրավել»,- ասաց Վեզիրյանը: 

Նա տեղեկացրեց, որ, օրինակ, ԱՄՆ-ում 2023 թվականին նախորդ տարվա համեմատ ոլորտում ներդրումները նվազել են 42 տոկոսով, որը կապված է բազում խնդիրների հետ՝ տնտեսական անորոշ վիճակ, տոկոսադրույքների աճ, աշխարհաքաղաքական իրավիճակ:  ԱՄՆ-ում  2022 թվականին եղել են 381 միլիարդ դոլարի գլոբալ վենչուրային ներդրումներ, իսկ 2023-ին՝ 221 միլիարդ դոլարի: 

GEV_5300.JPG (434 KB)

«Այս տարի ունեցել ենք ստարտափների որակի խնդիր: Դրանից զատ, իրավիճակով պայմանավորված, ամբողջ աշխարհում ներդրողները ավելի զգուշավոր են դարձել, ներդրումների չափանիշներն ավելի խիստ են: Թե՛ հրեշտակային ներդրողները, թե՛ վենչուրային ֆոնդերը ուզում են ավելի կայուն, կենսունակությամբ  հաստատուն ստարտափներ տեսնել, որոնք կունենան վաճառքների որոշակի ծավալ, ինչն էլ հնարավորություն է տալիս հասկանալ ստարտափի կենսունակ լինելը: Ներդրողների զգուշավորությունը ազդել է ներդրումների չափաբաժինների վրա»,- մանրամասնեց նա: 

Վեզիրյանը կարևորեց նաև 2023-ին հայ հիմնադիրներ ունեցող ստարտափների մասնակցությունը միջազգային աքսելատորներին, մասնավորապես՝ Y Combinator, Berkeley SkyDeck, 500 Global, Plug and Play, The Alchemist: 

Նրա խոսքով՝ ակտիվ տարի է եղել նաև Հայաստանում կազմակերպված ոլորտային միջոցառումների առումով: Իսկ 2024 թվականին սպասվելիք միջոցառումներից նա առանձնացրեց WCIT միջազգային համաժողովը, որը Հայաստանը տեխնոլոգիական քարտեզի վրա ավելի տեսանելի է դարձնելու: 

GEV_5325.JPG (440 KB)

Անդրադառնալով ներդրումների ոլորտում առկա մարտահրավերներին՝ Վեզիրյանն առանձնացրեց օրենսդրական դաշտում առկա խնդիրն առ այն, որ ֆոնդերի բաժնետերերի քանակը չի կարող գերազանցել 49-ը, ինչը, ըստ նրա, չհիմնավորված թիվ է: 

Վեզիրյանը, որը նաև  Formula VC-ի վենչուրային ֆոնդի անդամ է, տեղեկացրեց՝ ֆոնդը 2024-ին ծրագրել է 5 ստարտափում ներդրում անել: 

«Նոր ստարտափները պետք է իրենց ներդրումային բացը լրացնեն հրեշտակ ներդրողներից գումարներ ներգրավելով: Նախասաղմնային ու սաղմնային փուլում պետք է ավելի շատ այդ ուղղությամբ աշխատել: Այս շրջանում ստարտափները, հրեշտակ ներդրողներին դիմելիս, պետք է լավ աշխատեն  իրենց պրոդուկտի, գաղափարի  վրա: Ցանկացած ներդրող ակնկալում է, որ հիմնադիրը իր առավելագույնն է ներդնում ստարտափի մեջ ու պատրաստված է գալիս ներդրում վերցնելու: Երբ ստարտափն ասում է, որ գումարը վերջանում է, դրա համար են ուզում գումար ներգրավել, դա այն չէ, ինչ ներդրողն ուզում է լսել: Նա ուզում է լսել, որ ստարտափը նոր նիշային շուկա է բացահայտել կամ տարածվում է այլ շուկայում, վաճառքի կամ մարքեթինգի մեջ բացահայտել է մի ուղղություն, որը լավ արդյունքներ է ցույց տալիս ու այդ ամենը զարգացնելու համար գումար է ուզում ներգրավել: Ներդրողներն ուզում են քո հաջողությանն աջակցել, ոչ թե քեզ փրկել կործանումից»,- մանրամասնեց Վեզիրյանը:  

Ֆինանսական ներդրումներից զատ, ֆոնդը ստարտափներին աջակից է լինում նաև խորհուրդներով: Վեզիրյանը տեղեկացրեց՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի ֆոնդերում շատ կապեր ունեն, ստարտափներին ներկայացնում են հետագա փուլի ներդրումները ներգրավելու համար: 

Կարինե Տերտերյան 







Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am