Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ձգձգման պատճառին

Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ձգձգման պատճառին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունը և սկզբունքները համաձայնեցված են, և նախորդ տարեվերջին  թվում էր, թե, ի վերջո, պայմանագրի վերջնական տեքստի համաձայնեցումը շատ մոտ է, բայց սկզբից Ադրբեջանը երեք անգամ հրաժարվեց մասնակցել տարբեր ֆորմատներով բանակցություններին, որից հետո Ադրբեջանում նախագահական ընտրություններ նշանակվեցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին բրիտանական «The Telegraph»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե  ինչ կետում է և ինչու է ձգձգվում Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը:

«Նախ պետք է արձանագրել, որ միջազգային երեք ֆորմատներում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքները համաձայնեցված են: Առաջինը տեղի է ունեցել 2022թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ընթացքում, որին մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ես, և մենք՝ երկար քննարկումներից հետո, ընդունել ենք համատեղ հայտարարություն, որտեղ արձանագրվում է հետևյալ սկզբունքը, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- ասել է Փաշինյանը՝ պարզաբանելով, որ  Ալմա-Աթայի հռչակագրով, որ ստորագրել են Խորհրդային միության մաս կազմած 12 հանրապետություններ, արձանագրվել է, առաջինը՝ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ և այդ հանրապետությունները՝ դառնալով ինքնիշխան պետություններ, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը և սուվերենությունը: Այդպիսով՝ Ալմա-Աթայի հռչակագրով, Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են այլևս պետական սահման:

«Ինչո՞ւ եմ այդպես ասում, որովհետև Ալմա-Աթայի հռչակագրում արձանագրվում է, որ այդ հանրապետություններն ընդունում են գոյություն ունեցող սահմանները, այսինքն՝ այդ պահին ինչ սահման գոյություն ուներ, նրանք այդ սահմանների անձեռնմխելիությունը ճանաչում են: Եվ իհարկե, այստեղ մի շատ կարևոր նրբություն կա, որ ես ուզում եմ ընդգծել. Ալմա-Աթայի հռչակագիրը և հռչակագրի հետ կապված փաթեթները Հայաստանի խորհրդարանը վավերացրել է 1992 թվականին, Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է ավելի ուշ: Ստորագրումից և վավերացումից հետո տեղի են ունեցել շատ իրադարձություններ, բայց այս համատեքստում շատ կարևոր է արձանագրել, որ Պրահայում հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ Հայաստանը և Ադրբեջանը, ըստ էության, այդ բոլոր իրադարձություններից հետո, վերահաստատել են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- ներկայացրել է ՀՀ վարչապետը:

 Նրա խոսքով՝ երկրորդ կարևոր կետն այն է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դառնա երկու երկրների միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հիմքը: Սա էլ շատ կարևոր սկզբունք է, ինչն այս համատեքստում նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ոչ թե սահման պետք է ստեղծվի, այլ Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված, վերահաստատված սահմանները պետք է արտահայտվեն գետնի վրա, քարտեզների վրա:

Փաշինյանի գնահատմամբ՝ Պրահայում ձեռք է բերվել առաջին ֆունդամենտալ պայմանավորվածությունը, որին հաջորդել է հոկտեմբերի 30-ին  Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իր եռակողմ հայտարարության ստորագրումը, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը գրավոր հայտարարությամբ ընդունել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը, և հայտարարում են, որ հրաժարվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, և բոլոր հարցերը կլուծեն բանակցային ճանապարհով:

«Այս պայմանավորվածությունն է նաև հիմք դարձել՝ երրորդ ֆունդամենտալ սկզբունքի ձևավորման և ձևակերպման, որը նշանակում է, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը, ապաշրջափակումը և միմյանց համար ճանապարհների բացումը տեղի կունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման շրջանակներում, և այդ սկզբունքն էլ՝ նախորդ երկու սկզբունքների հետ, արձանագրվել է մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների արդյունքում: Ընդ որում՝ բոլոր, ինչի մասին ասում եմ, խոսքը հրապարակային փաստաթղթերին է վերաբերում»,- ընդգծել է վարչապետը՝ կարծիք հայտնելով, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո այս կետերի շուրջ կհաջողվի հասնել իմպլիմենտացիայի՝ քաղաքական կամքի առկայության դեպքում:

«Կարող եմ արձանագրել, որ Հայաստանի կառավարությունը, ինչպես նախկինում, ունի այդ քաղաքական կամքը՝ գնալու մեր տարածաշրջանում կոնկրետ խաղաղության և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման՝ վերը նշված պայմանավորվածությունների հիման վրա»,-շեշտել է Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am