Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասնագիտացման և աշխատանքի տեղավորման ծրագրում սահմանափակումներ չկան, բոլոր ցանկացողները կարող են դիմել

ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասնագիտացման և աշխատանքի տեղավորման 
ծրագրում սահմանափակումներ չկան, բոլոր ցանկացողները կարող են դիմել

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտացման և աշխատանքի տեղավորման ծրագրի շրջանակում արդեն կնքվել է եռակողմ 397 պայմանագիր՝ շահառու-գործատու-Միասնական սոցիալական ծառայության գրասենյակ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ ծրագրից օգտվել ցանկացողների շրջանում բավական հետաքրքրվածություն կա։

«Ծրագրին մասնակցելու համար որևէ սահմանափակում չկա։ Եթե ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շրջանում կան ցանկացողներ, ապա պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության իրենց տարածքային գրասենյակ։ Այնտեղ կուղղորդեն և կներկայացնեն, թե ինչ փաստաթղթեր են պետք։ Ասեմ, որ մասնակցության 2 պայման կա՝ վերջին մեկ ամսում աշխատած չլինեն և լինեն 16-63 տարեկան»,-ասաց Ռուբեն Սարգսյանը։

Բռնի տեղահանված արցախցիներից ոմանք հարց են բարձրացնում այն մասին, որ աշխատանքի համար դիմածների մեծ թվի պատճառով սպառվել է ծրագրին միանալու սահմանաչափը։ Սոցիալական հարթակներում գրառումներ են կատարում այն մասին, որ Միասնական սոցիալական ծառայության գրասենյակում նշում են, թե տեղերը լրացվել են։ Այս դիտարկմանն արձագանքելով՝ նախարարի տեղակալը նշեց, որ նախնական 1000 շահառու է նախանշվել, սակայն պահանջարկով պայմանավորված սահմանաչափը կավելացվի։

«Որևէ խնդիր չկա, ցանկացողները  հանգիստ կարող են դիմել։ Կառավարությունը պատրաստ է պահանջարկին համահունչ շահառուներ ընդգրկել։ Եվս մեկ անգամ Միասնական սոցիալական ծառայության գրասենյակին կզգուշացնենք, կիրազեկենք, որպեսզի բոլոր ցանկացողներն ընդգրկվեն»,-ասաց Ռուբեն Սարգսյանը։

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտացման և աշխատանքի տեղավորման ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝ մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում, մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում։

Առաջին բաղադրիչի շրջանակում մինչև 6 ամիս ժամկետով կազմակերպվում է շահառուի մասնագիտական ուսուցման գործընթացը, որի ընթացքում վերջինիս վճարվում է ամսական առավելագույնը 50 հազար դրամ՝ ուսման վարձի փոխհատուցման համար և տրվում ևս 50 հազար դրամի չափով կրթաթոշակ։ Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի ու շահառուի միջև առնվազն 3 ամիս ժամկետով պետք է կնքվի աշխատանքային պայմանագիր. այս դեպքում գործատուին պետք է տրամադրվի աջակցություն՝ ամսական առավելագույնը 50 հազար դրամ (ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով)՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարի փոխհատուցման համար։

Երկրորդ բաղադրիչի շրջանակում գործատուի և աշխատողի միջև առնվազն 6 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր։ Առաջին 3 ամսվա ընթացքում տրվում է աշխատանքային փորձի ձեռքբերման հնարավորություն, որի շրջանակում գործատուին 3 ամիս ժամկետով տրվում է ամսական 165 հազար դրամ փոխհատուցում՝ շահառուի աշխատավարձի վճարման համար։ Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո վերջինիս տրամադրվում է աջակցություն՝ ամսական առավելագույնը 50 հազար դրամի չափով (բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով)՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարի փոխհատուցման համար։

Երրորդ բաղադրիչի շրջանակում մինչև 6 ամիս ժամկետով կազմակերպվում է շահառուի մասնագիտական ուսուցման գործընթացը, որի ընթացքում վերջինիս ամսական կտրվածքով վճարվում է առավելագույնը 50 հազար դրամ՝ ուսման վարձի փոխհատուցման համար և ևս 50 հազար դրամի չափով կրթաթոշակ։ Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր։ Առաջին 3 ամսվա ընթացքում իրականացվում է աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակում գործատուին 3 ամիս ժամկետով տրվում է փոխհատուցում շահառուի աշխատավարձի վճարման համար`ամսական 165 հազար դրամ: Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո վերջինիս տրամադրվում է աջակցություն՝ ամսական առավելագույնը 50 հազար դրամի չափով (ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով)` շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար։

Ռուբեն Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն կնքված պայմանագրերը ցույց են տալիս, որ շահառուները ներգրավվում են հիմնականում ծառայության ու շինարարության ոլորտում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am