Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Բրյուսելյան եռակողմ հանդիպումն անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ իսկապես աննախադեպ էր. վերլուծաբանի կարծիքը

Բրյուսելյան եռակողմ հանդիպումն անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ 
իսկապես աննախադեպ էր. վերլուծաբանի կարծիքը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետք է կարևորել ու գնահատել բրյուսելյան ձևաչափը, որը հավաքական Արևմուտքի հետ համագործակցության տեսանկյունից անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ աննախադեպ էր, և որի իրագործումը հնարավոր եղավ նախևառաջ աշխարհաքաղաքական իրողությունների և ՀՀ կառավարության վարած քաղաքականության արդյունքում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի բրյուսելյան եռակողմ հանդիպման արդյունքներին։ 

«Այս նոր ձևաչափի մեկնարկով ու տեղի ունեցած բանակցություններով սկիզբ դրվեց համագործակցության նոր շրջափուլի, որի զարգացման համար դեռ կա իրականացնելու ահռելի աշխատանք, ու այդ համատեքստում նախաձեռնողականությամբ պետք է հանդես գա հատկապես Հայաստանը՝ եռակողմ փաստաթղթում ձևակերպված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, համագործակցության նշված ուղղությունները խորացնելու և նոր ոլորտներ ներառելու նպատակով, որպեսզի շոշափելիորեն ավելանա Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությունը մեր երկրին»,- ասաց Պետրոսյանը։

Նրա կարծիքով՝ ձեռք բերված պայմանավորվածությունները, բնականաբար, առավելագույն իրատեսականության շրջանակում են, բայց, իհարկե, կարող են ավելի արգասաբեր լինել Հայաստանի համար, քանի որ սա պրոցեսի մեկնարկն է, այլ ոչ թե հանգուցակետը։

«Մասնավորապես տնտեսական աջակցությունը պետք է լինի ֆինանսական և ոլորտային առումներով շատ ավելի ընդգրկուն, քան արձանագրված է փաստաթղթում։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ավելի մեծ ծավալով աջակցեն մեր երկրին՝ տնտեսական քաղաքականության դիվերսիֆիկացման առումով, որովհետև այդ համագործակցությունը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի հիմնական, ասել է թե ռուսական շուկաների առնչությամբ։ Խոսքը բնականաբար ՌԴ-ից ակնկալվող որոշակի հակաքայլերի մասին է, քանի որ Արևմուտքի հետ մեր համագործակցությունը տեղի է ունենում աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին, և բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ, անգամ դրանից հետո մի քանի տարածաշրջանային ու արտատարածաշրջանային խաղացողների՝ Թուքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի արձագանքը խոսում է այդ մասին։ Որպեսզի մենք լինենք շատ ավելի անկաշկանդ արևմտյան ուղղությամբ հարաբերությունների զարգացման մասով, պետք է ունենանք տնտեսական մակարդակում շատ ավելի մեծ մանևրի հնարավորություն»,- ասաց վերլուծաբանը։

Պետրոսյանի դիտարկմամբ՝ դա ենթադրում է առաջին հերթին ֆինանսական զգալի աջակցություն, և երկրորդ՝ տնտեսական ավելի շոշափելի, արտոնյալ պայմաններ հայկական բիզնեսին ԵՄ-ի և նրա մեջ ընդգրկված առանձին երկրների կողմից։ Անհրաժեշտ է շեշտադրում կատարել ենթակառուցվածքների, լոգիստիկայի վրա, որպեսզի նախ հայ արտադրողն ու արտահանողը կարողանան դյուրին եղանակով փնտրել ու գտնել ռուսական շուկայի այլընտրանքները, և հետո նաև հարթ լինեն արևմտյան շուկաներ հասնելու ճանապարհները։  

«Հաջորդը հումանիտար ոլորտն է, արցախահայությանը տրամադրվող աջակցությունը։ Այս ուղղությամբ ևս Արևմուտքը կարող է շատ ավելի մեծ աջակցություն ցուցաբերել, մանավանդ, որ տասնամյակներ շարունակ ԵՄ-ն նույնպես բախվում է նման խնդրի։ Խոսքը փախստականների, բռնի տեղահանվածների արտահոսքի մասին է։ Եվրամիությունը Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի երկրներին, անգամ Թուրքիային հատկացնում է զգալի միջոցներ, որպեսզի սիրիացի փախստականները մնան այնտեղ ու չտեղափոխվեն Եվրոպա։ Նույնը Հայաստանի պարագայում է։ Չնայած արցախահայությունը մեր ժողովրդի կարևորագույն հատվածն է, բայցևայնպես մեր հայրենակիցներն իրենց կարգավիճակով բռնի տեղահանված են ու փախստական, ուստի միջազգային հանրությունը նրանց նույնպես ցուցաբերում է աջակցություն»,- ասաց մեր զրուցակիցը։

Վերլուծաբանի խոսքով՝ ՀՀ-ին ցուցաբերվող քաղաքական աջակցությունն ինքնին շատ կարևոր է, բայց պետք է ունենա նաև շերտեր, ինչը կդիտարկվի որպես անվտանգային մակարդակում մեր երկրին որոշակի երաշխիքներ տրամադրելու տրամաբանության մեջ, որովհետև գործընթացը կարևոր ու զգայուն է ամբողջ տարածաշրջանի համար։ Ըստ նրա՝ Հայաստանի ճանապարհը բավականին խորդուբորդ է և այդպես լինելու է նաև ապագայում, քանի որ բախվելու ենք լուրջ խնդիրների և խոչընդոտների՝ ի դեմս Թուրքիայի դիրքորոշման, Ադրբեջանի քաղաքականության և վերջինիս ձեռամբ Ռուսաստանի քաղաքականության։ Որոշակի փուլում չեն բացառվում նաև Իրանի կողմից հնարավոր վերապահումներ՝ չնայած բոլոր մակարդակներում հայկական կողմը Թեհրանին հավաստիացնում է, որ Արևմուտքի հետ համագործակցությունը որևէ կերպ չի հակասում Հայաստան-Իրան հարաբերություններին։

«Որպեսզի այս ձևաչափը լինի ավելի արդյունավետ, իսկ Արևմուտքի ուղղությամբ Հայաստանի քաղաքականությունը դառնա ավելի ակտիվ ու համարձակ, պետք է գործընթացը մեր երկրի համար լինի մարտահրավերներով նվազ։ Դրա համար պետք է Արևմուտքի ավելի մեծ աջակցությունը»,- ասաց վերլուծաբանը։

Անդրադառնալով հակազդող գործոններին՝ Պետրոսյանն ընդգծեց, որ Արևմուտքի հետ համագործակցության ներկայացումը ներքին լսարանին ու արտաքին աշխարհին պետք է լինի չափազանց զգուշավոր, որպեսզի դրա դեմ անհարկի հակազդեցություն չլինի։

«Մենք արդեն իսկ տեսնում ենք Ադրբեջանի կողմից բավականաչափ ագրեսիվ վերաբերմունք Հայաստանի մանևրի և դիմակայունության վերականգնման ցանկացած նոր հնարավորության դեմ։ Դրա վառ ապացույցն էին ինչպես եռակողմ հանդիպումից առաջ, այնպես էլ դրանից հետո դրսևորված դիվանագիտական ջանքերը, անգամ ռազմական էսկալացիայի փորձերը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Այսինքն՝ մենք պետք է հաշվի առնենք, որ կա Ադրբեջանի լուրջ հակազդեցությունը, որը հասկանալով, որ արևմտյան ուղղությամբ Հայաստանի հաջողումը նաև Ալիևի վարչակարգի վարած սխալ քաղաքականության, իրավիճակը ոչ լիարժեք գնահատելու արդյունք է, ձգտելու է ամեն կերպ խափանել, կամ առնվազն խոչընդոտել ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ համագործակցությունը՝ Արևմուտքից պահանջելով որոշակի հավասարակշռող քայլեր նաև Ադրբեջանի ուղղությամբ, որպեսզի պահպանվի ընդհանուր բալանսը։ Այդ հարցում Բաքուն վայելում է Անկարայի անվերապահ աջակցությունը»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Վերջում Պետրոսյանն անդրադարձավ ռուսական գործոնին և շեշտեց, որ ՌԴ-ն նույնպես շատ լավ հասկանում է Արևմուտքի ակտիվանալու մոտիվացիան՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական լարվածությունը և դրա արդյունքում առաջացած հնարավորությունները, ինչպես նաև Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության վակուումը հենց իրենով լցնելու մղումը։

«Այստեղ միանշանակ ակնկալվում է նաև Մոսկվայի հակազդեցությունը, որը կարող է լինել ինչպես Հայաստանի նկատմամբ ուղղակի գործողություններով, այնպես էլ ընդհանուր Հայաստան-Արևմուտք գործընթացի դեմ արտահայտվող մյուս դերակատարների հետ համագործակցությամբ, համատեղ քայլերով ու ծրագրերով։ Չի բացառվում, որ Ադրբեջանը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ կնքելով նոր գործարքներ՝ փորձի դիմել ռազմական ագրեսիայի և նոր հնարավորություններ առարկայացնել՝ Հայաստանից նոր տարածքներ պոկելու միջոցով։ Մենք պետք է պատրաստ լինենք նման սցենարը չեզոքացնելուն»,- եզրափակեց վերլուծաբանը։          

Բրյուսելում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը։ 

Եռակողմ հանդիպման մեկնարկից առաջ ՀՀ վարչապետը, ԱՄՆ պետքարտուղարը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես եկան համատեղ հայտարարությամբ։

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am