Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«Տարա՜ն, տարա՜ն». դերասանուհի Թամարա Պետրոսյանը մոնոներկայացմամբ հաստատեց իր ամուսնության մասին լուրը

«Տարա՜ն, տարա՜ն». դերասանուհի Թամարա Պետրոսյանը մոնոներկայացմամբ 
հաստատեց իր ամուսնության մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Թամարա Պետրոսյանի և «Women’s Club»-ի նրա գործընկեր Պոնչի (Տարոն Իսպիրյան) ընկերության, այնուհետև ամուսնության մասին լուրերն ամիսներ շարունակ հանգիստ չէին տալիս երկրպագուներին, սակայն զույգը չէր շտապում հաստատել այն:

Թամարա Պետրոսյանը յուրահատուկ ձևով՝ ներկայացման տեսքով հանրությանը հայտնեց, որ այո՛, ինքն ու Պոնչը վերջապես ամուսնացել են:

2024.04.11_19.56.07.08.JPG (558 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տարա՜ն, տարա՜ն» ամուսնական կատակերգության առաջնախաղը տեղի ունեցավ ապրիլի 11-ին «Բոհեմ» թատրոնում:

Դերասանուհուն հաջողվեց շուրջ 1 ու կես ժամ լարված պահել հանդիսատեսին, հուզել ու ժպիտ պարգևել ոչ միայն հետաքրքիր դրվագների նկարագրությամբ պատմելով իր և ամուսնու ծանոթության, ծնողների փոխհարաբերությունների և ընտանեկան իրարանցման մասին, այլև անդրադառնալով իր ծննդավայրի՝ Լեռնային Ղարաբաղի հանդեպ սիրուն, կարոտին:

2024.04.11_20.03.03.28.JPG (707 KB)

Հորը համեմատելով հայրենիքի հետ՝ Թամարա Պետրոսյանն ասում է. «Պապան հայրենիքի նման է. չի կարողանում համակերպվել, երբ իրեն թողնում, գնում ես, չի կարողանում ներել, երբ իրեն մոռանում ես, չի նեղանում, ցույց չի տալիս, բայց ամեն առավոտ նայում է պատուհանին ու սպասում: Հիմա այնտեղ՝ հեռվում, մեր պապան է, որ ամեն օր նայում է ճանապարհին հույսով, որ եկել ենք: Հայրենիքը չի նեղացել, իսկ եթե նեղացել է, ցույց չի տա: Նա իր ամենալավ նուռը պահելու է, որ մեզ քաղցրությունը հիշեցնի, իր սառը ջուրը պահելու է, որ մեր ծարավը հագեցնի, ամենաթարմ կանաչին փաթաթելու է հացի մեջ, որ մեզ կշտացնի, իր գարունը պահելու է, որ մեզ ջերմացնի: Նա էլ գիտի, հասկանում է, որ հիմա չենք կարողանում գնալ, գրկել, սիրել, որովհետև պայքարում ենք, որ մեզանից հետո այդ սերը կարողանան գոնե մեր երեխաները ցույց տալ: Ես դրան հավատում եմ, ինքը դրան հավատում է»:

2024.04.11_19.59.57.33.JPG (408 KB)

Լրագրողների հետ զրույցում դերասանուհին ասում է՝ չէր կարող անձնական դրվագներ պատմել իր կյանքից ու չխոսել հայրենիքի մասին, քանի որ այն իր կենսագրության կարևոր մասն է:

Հենց Ստեփանակերտում է Թամարան ապագա ամուսնուն ծանոթացրել ծնողների հետ:

«Ծնողներս ներկա չէին առաջնախաղին: Նրանք ավելի ուշ են գալու, որովհետև շատ են անհանգստանում պրեմիերայի ժամանակ: Այնպիսի ծնողներ են, որ ինձ հանգիստ են թողնում ու կողքից են աղոթում ինձ համար»,-նշում է դերասանուհին, որը ներկայացման ընթացքում խոսում է հոր բռնկուն բնավորության, մոր հանդարտության մասին:

2024.04.11_20.09.16.91.JPG (503 KB)

Թամարան չի ասել նրանց, որ հանդիսատեսի առաջ բացահայտել է նրանց բնավորության գծերը: Հույս ունի, որ ծնողները վատ չեն զգա:

«Այս ներկայացումը հնարավորինս իրական էր: Նախորդ՝ «Տանը մնացի» ներկայացման մեջ ես ևս պատմում էի իմ կարգավիճակի մասին, այստեղ ասում եմ, որ կարգավիճակս փոխվել է: Պիեսը համահունչ է իմ ապրելակերպին, զգացմունքներին ու սպասելիքներին»,-ընդգծում է դերասանուհին ու խոստովանում, որ ամուսինն ուշադիր հետևել է սցենարական աշխատանքին:

2024.04.11_19.45.15.17.JPG (938 KB)

Թամարա Պետրոսյանը կարծում է, որ սերն իրական է դառնում, երբ սիրում ես դիմացինիդ թերությունները: Նա վստահեցնում է, որ  ոչ մի սիրող կին չի հիշում իր սիրած տղամարդուն գեղեցիկ հագնված և սպիտակ ձիու վրա: «Հիշում է դեմքի անօգնական հայացքը, երբ գիշերը տառական է տեսնում, հիշում է, թե  ինչպես է նա փորձում մի բան սարքել, չի ստացվում, նյարդայնանում է ու կիսատ թողնում գործը: Նույն կերպ էլ ոչ մի տղամարդ իր կնոջը չի հիշում գեղեցիկ հագնված ակումբում պարելիս: Տղամարդն իր կնոջը հիշում է առավոտյան գզգզված մազերով ու կլոր աչքերով»,-ասում է դերասանուհին ու հավելում՝ այն ժամանակ ես հասկանում, որ սիրում ես, երբ սկսում ես վայելել սիրած մարդու թերությունները:

2024.04.11_20.01.26.88.JPG (787 KB)

Թամարա Պետրոսյանը ներկայացումը եզրափակում է՝ բոլորին հորդորելով սիրել իրար, համբուրվել, գուրգուրել ու փայփայել:

2024.04.11_19.47.42.20.JPG (1.23 MB)

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am