Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

«Հայկական ազգագրական պատկերներ՝ տեսիլք, կամք եւ յոյս»․ լույս է տեսել աշխարհի 90 երկրում ապրող հայերի մասին պատմող գիրք 

«Հայկական ազգագրական պատկերներ՝ տեսիլք, կամք եւ յոյս»․ լույս է տեսել 
աշխարհի 90 երկրում ապրող հայերի մասին պատմող գիրք 

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթերցողի սեղանին է դրվել սփյուռքահայ գործիչ, մտավորական, Պարսից Ծոցի արաբական երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար, աստվածաբանության դոկտոր Հրայր Ջեբեջյանի (Ճէպէճեան) «Հայկական ազգագրական պատկերներ՝ տեսիլք, կամք եւ յոյս» գիրքը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հրայր Ջեբեջյանը նշեց, որ սա աշխարհի շուրջ 90 երկրում հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու մտերմիկ զրույցներն ամփոփող՝ 2018-2022 թվականների ընթացքում գրված իր հոդվածների երրորդ ժողովածուն է։

«Աշխատանքի բերումով շատ եմ ճամփորդում և անպայման ցանկանում եմ տեսնել տարբեր երկրներում գոյություն ունեցող հայկական իրականությունները։ Բարեբախտաբար ասեմ, թե դժբախտաբար, ամենուր միշտ հայ կա։ Յուրաքանչյուր վայրում, որ հայ եմ տեսնում անպայման ցանկանում եմ խոսել իրենց հետ՝ ոչ միայն համայնքի ղեկավարների, այլ նաև հայերի հետ, որոնք պարզ են՝ սովորական քաղաքացիներ, քանի որ ուզում եմ բացահայտել իրենց ապրումները, կենցաղը, կյանքի ընդհանրությունները, իրենց համար ինչ է նշանակում հայ լինել, ինչպես կարելի է հայ ինքնությունը պահել արտասահմանյան իրենց երկրում, հայրենիքից հեռու»,-ասաց հեղինակը։

Նրա խոսքով՝ իր տեսածն ու լսածը փորձում է արտացոլել հոդվածներով, որոնք գրքի բովանդակության գերակշիռ մասն են կազմում։ 

Ըստ Ջեբեջյանի՝ դրանք միայն տեղեկագրություն չեն` թիվ, թվանշաններով, որոնք ամենուր կարելի է գտնել։ Հեղինակի գլխավոր նպատակն է ցույց տալ հայ մարդու ապրումները, իղձերն ու մարտահրավերները, ինչպես նաև Սփյուռքում հայ մնալու հնարավորությունը։ 

«Կա ևս մեկ կարևոր մաս՝ Հայաստան-Սփյուռք մեր հարաբերությունները՝ թե ինչպես է հնարավոր Սփյուռքն իր տարբեր գունավորումներով ներմուծել հայաստանյան իրականություն։ Սփյուռքն անշուշտ բարդ է, տարբեր գունավորումներով, բայց իր մեջ այնպիսի ուժ ունի, որ կարելի է ներմուծել համահայկական ընդհանուր իրականության մեջ»,-ասաց մտավորականը։

Նրա հերթական հատորում տեղ են գտել նաև 44-օրյա պատերազմին և Լեռնային Ղարաբաղին առնչվող հոդվածներ։

8D1A5171.jpg (541 KB)

Անդրադառնալով գրքի ժանրային առանձնահատկություններին, հեղինակը նշեց, որ մասնագետների մի մասի կարծիքով այն հրապարակախոսություն է, որը միաժամանակ հոգեմտավոր մտորումներ է պարունակում։ Որոշ մասնագետների համոզմամբ էլ այն գեղարվեստական գրականությանն է հարում, մյուսներն էլ սփյուռքագիտության վերաբերյալ և ազգագրական տվյալներն են կարևորում։

Հոդվածները մինչ այդ հրապարակվել են նաև Սփյուռքի և մայր հայրենիքի մամուլում։

 Ջեբեջյանը գրքի տեսքով հրապարակումը կարևորեց այն հանգամանքով, որ հոդվածների համատեղումը նոր մտահղացումների, այլ ուսումնասիրությունների դուռ է բացում։

«Երբ գրքի տեսքով դրանք հայտնվում են գրադարաններում և ինստիտուտներում, մարդկանց համար հավելյալ ուսումնասիրությունների աղբյուր են դառնում։ Նախորդ գրքիս շնորհանդեսին գիտնականներից մեկն ասաց, որ սա սփյուռքագիտության պատմության ուսումնասիրման կարևոր գիրք է համարվում»,-պարզաբանեց հեղինակը։

Գրքի խմբագիրը, Ջեբեջյանի տիկին, լեզվաբան, պրոֆեսոր Արտա Ջեբեջյանն է, ում խոսքով՝ հեղինակը կանգ չի առնում միայն մարդկանց հույզերն ու մտահոգությունները ներկայացնելով, այլ նաև ճանապարհային քարտեզ է գծում և ներկայացնում, թե ինչպես է հայը դիմացել այս կամ այն իրավիճակներին։

8D1A5175.jpg (678 KB)

 «Հրայրը հոդվածներում ներկայացնում է իր հանդիպումները և վերջում ասում, թե բոլորս կարծես նույնանման ենք, կամքի կարիք ունենք և որպես հայեր շատ զորավոր կամք ունենք, հույս առ այն, որ ճիշտ է դժվարությունների մեջ ենք, բայց պիտի հաղթահարենք, որովհետև հայը միշտ հաղթահարել է»,-շեշտեց խմբագիրը՝ հավելելով, որ չնայած մարտահրավերներին ու խնդիրներին գրքի հեղինակը միշտ դրականն է տեսնում՝ կարևորելով հայ ինքնությունն ու ազգային միասնությունը։ 

Գրքում տեղ է գտել մոտ 84 հոդված՝ դասավորված ըստ ժամանակագրության։ Դասավորությունն, ըստ խմբագրի, այնպես է կատարվել, որ ընթերցողն իր գաղափարին համապատասխան որոշի հեղինակի ասելիքը։

Արտա Ջեբեջյանի խոսքով՝ մամուլում հրապարակելիս յուրաքանչյուր խմբագիր իր ձևով էր խմբագրել, գրքում դրանք պետք է նույնանման՝ ուղղագրությամբ, շարահյուսությամբ ու ձևավորմամբ լինեին և ընթերցողը նույնանման խմբագրական ձեռագիր նկատեր տարբեր տարիներին գրված բոլոր հոդվածներում, ինչն էլ իրականացվել է։

Ընդհանրացնելով զրույցը` Հրայր Ջեբեջյանը նշեց, որ հայ ինքնության հետ կապված բոլոր մտահոգությունների, մարտահրավերների հետ մեկտեղ, որոնք արտացոլվել են հոդվածներում, նաև փորձել է դրական լույսի ներքո ներկայացնել դրանք հաղթահարելու ուղին՝ առանց ընկճվելու, հուսահատվելու։

«Հայկական ազգագրական պատկերներ՝ տեսիլք, կամք եւ յոյս» ժողովածուի

հոդվածները ներառում են Հրայր Ջեբեջյանի հանդիպումները հայկական տարբեր իրականությունների հետ, որտեղ վեր են խոյանում ազգային, մշակութային, սոցիալական և տնտեսական խնդիրներն ու մարտահրավերները: Հեղինակը հոդվածների միջոցով խոսում է հայ ինքնության, դրա պահպանման ու վերակառուցման ներկայիս հրամայականների և հեռանկարների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am