Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Երևանում բացվեց Երվանդ Քոչարի «Ընդվզում» ստեղծագործության մուրալը

Երևանում բացվեց Երվանդ Քոչարի «Ընդվզում» ստեղծագործության  մուրալը

ԵՐԵՎԱՆ, 16  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Պուշկին 62 հասցեում, ապրիլի 16-ին պաշտոնապես բացվեց Երվանդ Քոչարի «Ընդվզում» ստեղծագործության մուրալը։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝  Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված մուրալ նախագծի հեղինակ և ղեկավար Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ մտահղացումը կապված է մեծ վարպետին ևս մեկ անգամ հասարակությանը  ներկայացնելու հետ, նրան հիշելու ժամանակի շնչին համահունչ արվեստի միջոցով՝ ինչպիսին մուրալն է։

«Քանի որ մենք ամեն տարի իրականացնում ենք նման նախագծեր, այս անգամ հարկ համարեցինք նախաձեռնությունը նվիրել Քոչարի 125-ամյակին։ Այսպիսով՝ նաև միջազգայնացվում է Երևան քաղաքի մշակութային կյանքը, քանի որ արտասահմանից հրավիրվում են նկարիչներ՝ հիմնականում Իտալիայից։ Նրանք ունենալով հետևորդների մեծ բանակ, միաժամանակ ստեղծագործելով այստեղ, Երևանը դարձնում են էլ ավելի ճանաչելի աշխարհում, մասնագիտական համայնքներում։ Ամենակարևոր հանգամանքներից մեկն էլ, որ այլևս այս և նման ստեղծագործությունները դառնում են Երևանի ժառանգությունը՝ էսթետիկական, ճանաչողական և մշակութաբանական տեսանկյուններից ապագա սերունդների համար ավելի ընկալելի արվեստի տեսակ, իսկ կրթամշակութային տեսանկյունից ավելի մեծ ազդեցություն ունենում այն մարդկանց համար, ովքեր արվեստի հետ այդքան էլ չեն առնչվում»,-ասաց նախագծի հեղինակը։

Անդրադառնալով «Ընդվզում» ստեղծագործության ընտրության հարցին՝ Խաչատրյանը պարզաբանեց, որ այն ընտրվել է հաշվի առնելով դինամիկ լինելը։ Բացի այդ՝ քանի որ Քոչարի բոլոր գործերը բարդ կատարողական են, ընտրվել է դրանցից ամենաթեթևը։

«Բնանկարից է վերարտադրվել։ Ոչ մի գիծ պակաս կամ ավել չէ, չափսերը մեծացված են, բայց միաժամանակ ոչինչ չի խախտվել բնօրինակից, ինչը խոսում է նաև նկարիչ կատարողի, նրա պրոֆեսիոնալիզմի մասին»,-հավելեց Խաչատրյանը։

OLD05820.JPG (1.70 MB)

Իտալացի ճարտարապետ, նկարիչ, «Սթրիթ-արտ»-ի ներկայացուցիչ Ֆաբիո Մարիա Ֆեդելեն պատմեց, որ Երվանդ Քոչարի աշխատանքներին ծանոթանալու բախտ է ունեցել մագիստրատուրայում սովորելու տարիներին։

«Գալով այստեղ, այցելեցի նրա տուն-թանգարան և ավելի խորացրեցի ճանաչողությունս, ծանոթացա նրա տարբեր տեսակի տեխնիկաների, գործերի հետ, ինչն ինձ հաճելիորեն շատ զարմացրեց, որովհետև շատ էին տարբերվում մեկը մյուսից»,-նշեց իտալացի նկարիչը։

Նրան  նաև զարմացրել է, որ  Քոչարն այնպիսի գործեր է ստեղծել, որոնք արդիականությունը չեն կորցնում նաև այսօր և ժամանակի հետ համահունչ են։

«Կարծում եմ, որ Սառը պատերազմը թույլ չի տվել, որպեսզի նրան աշխարհը ճանաչի, հակառակ դեպքում այսպիսի մեծ արվեստագետը չէր կարող ճանաչում չունենալ ամբողջ աշխարհում»,-համոզմունք հայտնեց Ֆեդելեն։

Խոսելով «Ընդվզում» ստեղծագործության տպավորությունների մասին՝ իտալացի նկարիչն ասաց, որ դրանում տեսնում է թե Քոչարի, թե հայ ժողովրդի ուժը։

OLD07264.JPG (481 KB)

Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի կարծիքով՝ Քոչարի արվեստը կհանրահռչակվի ոչ միայն թանգարան այցելությամբ կամ քանդակային ստեղծագործություններին ծանոթանալով, այլ նաև  իրականացված այս նախագծի շնորհիվ։

«Սա, կարծես, հարգանքի տուրք է նրա հիշատակին։ Այս տարի լրանում է Քոչարի 125-ամյակը։ Կարծես, այս միջոցառմամբ մեկնարկեցին ընդհանուր միջոցառումները»,-ասաց թանգարանի տնօրենը։

Նրա խոսքով՝ շատ մեծ պատասխանատվություն է և բարդ Քոչարի ստեղծագործությունը վերարտադրելը, բայց իտալացի հրավիրյալ նկարիչը փայլուն իրականացրել է այդ գործը։

«Սա կարծում եմ նաև մեծ նվեր է մեր քաղաքին, քանի որ աշխարհում ընդունված ոճ է և հիմա իր ուրույն արտահայտումը գտավ նաև Երևան քաղաքում՝ առավել գրավիչ դարձնելով բոլորի համար»,-ավելացրեց Կարինե Քոչարը։

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալ Գևորգ Սահակյանը վստահեցրեց, որ նախագիծը շարունակական է լինելու։

OLD07294-1.JPG (340 KB)

«Լավագույն նկարները, որոնք թանգարաններում են, շատ քիչ կամ որոշ թվով մարդիկ են այցելում և տեսնում, բայց եթե պատկերը հայտնվի քաղաքում՝ շենքի դիմերեսին, ապա, այսպես ասած, շահառուները շատ կլինեն։ Մենք շատ ուրախ ենք, որ Քոչարի 125-ամյակին նվիրված ծրագրերի շրջանակում մենք աջակիցը եղանք, որ այս հիանալի ստեղծագործությունը պատկերի քաղաքի ամենագեղեցիկ հատվածներից մեկում գտնվող շենքը»,-նշեց Սահակյանը՝ ավելացնելով, որ մուրալ արվեստի գործերը Երևանում ներկայացնելու համար քաղաքապետարանը նախատեսում է որոշակի կարգ սահմանել, որը կհստակեցվի  մինչև տարեվերջ։ Այդ շրջանակներում բոլոր արվեստագետները կարող են դիմել և համապատասխան թույլտվություն ստանալուց հետո նկարազարդումներ իրականացնել։

Մուրալի ստեղծմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am