Նիկոլ Փաշինյանն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ալմաթիում սպասվող հանդիպումից առաջընթացի ակնկալիք ունի
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, գուցե, մինչև այս տարվա նոյեմբեր ստորագրվի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 7-ի մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը համաձայն է մինչև նոյեմբեր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու գաղափարի հետ՝ նշելով դրա համար անհրաժեշտ պայմանները։
«Ես համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ։ Դրա համար պետք է բոլոր սկզբունքները, որոնք բանակցային հարթակներում համաձայնեցվել են, արձանագրվեն խաղաղության պայմանագրում։ Պետք է այդ սկզբունքները շարադրել և ստորագրել, ես այդ տրամաբանությանը համաձայն եմ, բայց, եթե ես հիմա չեմ ասում, որ այս շաբաթվա վերջ կստորագրենք, նշանակում է, դա դեռ տեղի չի ունեցել»,- ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում Ալմաթիում երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ առաջընթացը կլինի։
Մայիսի 10-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում նախատեսված է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում