Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Իրավական ոլորտում բարեփոխումների առանցքային նպատակներից է դատական համակարգի շարունակական կատարելագործումը

Իրավական ոլորտում բարեփոխումների առանցքային նպատակներից է դատական 
համակարգի շարունակական կատարելագործումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում դատավորների գործունեության գնահատման վերաբերյալ աշխատաժողովում ներկայացվեց արդարադատության ոլորտի բարեփոխումների և դատավորների գնահատման նոր համակարգի միջոցառումների ծրագիրը, որին աջակցել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը։   

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն իր խոսքում նշեց, որ 2018 թվականից ի վեր Հայաստանի կառավարության բարեփոխումային օրակարգի ամենաանկյունային ուղղություններից մեկը հանդիսանում է իրավական ու դատական բարեփոխումների գործընթացը։

«Բարեփոխումների առանցքային նպատակներից մեկը եղել և մնում է թափանցիկ, արդար և հասանելի դատական համակարգի շարունակական կատարելագործումը լավագույն միջազգային չափանիշների համաձայն՝ ուղենիշ ունենալով դատարանների անկախության, արդյունավետության ու վստահության առավել բարձ աստիճանի ապահովումը։ Նշված ուղղություններին ու նպատակներին հասնել հնարավոր չի լինի առանց դատական համակարգի և դատավորների համայնքի մշտական պրոֆեսիոնալիզմի ու առաջխաղացման ապահովման։ Այս համատեքստում մեծապես կարևորվում է դատավորների գնահատման և առաջխաղացման ինստիտուցիոնալ, արժեքահեն համակարգի առկայությունը՝որպես դատավորների և դատական համակարգի անկախության ու հաշվետվողականության առանցքային սկզբունքի իրացման կարևոր մեխանիզմ»,- ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ դատավորների գնահատման անկախ և թափանցիկ համակարգը խրախուսվում է նաև միջազգային կառույցների կողմից, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի, Եվրախորհրդի եվրոպական դատարանների միջազգային միության կողմից, ինչն արտացոլված է մի շարք այլ միջազգային մոնիթորինգային մարմինների փաստաթղթերում և ուղեցույցներում։  

«Հիշյալ նպատակների իրագործմանն են ուղղված դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները, որոնք միտված են դատական համակարգի բարեփոխմանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը՝ սկսած գնահատման նոր չափանիշների սահմանումից, վերջացրած գնահատման գործընթացն իրականացնող մարմինների ռեֆորմով։ Այդ նպատակով ԲԴԽ-ի և դատական դեպարտամենտի մեր գործընկերների հետ վերջին ժամանակահատվածում իրականացրել ենք համակարգային մոնիթորինգային բավականին ծավալուն գործընթաց, որի արդյունքում վեր են հանվել այս ոլորտում առկա խնդիրները և առանձնացվել այն թիրախային ուղղությունները, որոնցով փորձելու ենք ԱԺ գործընկերների հետ միասին ներկայացնել իրավական բարեփոխումներ»,- տեղեկացրեց փոխնախարարը։  

Կարապետյանի դիտարկմամբ՝ առաջարկվող փոփոխությունները միտված են դատավորների գնահատում իրականացնող անկախ մարմին ստեղծելուն՝ ունենալով գնահատման օբյեկտիվություն ապահովելու երաշխիքներ։ Միաժամանակ բարեփոխվելու են դատավորների գնահատման չափանիշները և ցուցիչների համակարգը՝ ներառյալ առավել օբյեկտիվ քանակական և որակական տարրերը հաշվեկշռող նոր չափանիշների համակարգը։ Հստակեցվելու են դատավորների գործունեության գնահատման նպատակները, այդ գնահատումն իրականացնելու կարգը, նախատեսվելու է դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովում բոլոր մասնագիտական համայնքների ու անդամների պատշաճ և հավասար ներկայացվածությունը։  

«Առաջարկվող փոփոխությունները զգալի խթան կհանդիսանան դատավորների թափանցիկ և օբյեկտիվ գնահատման համակարգի ձևավորման գործում և որակապես նոր, ավելի բարձր նշաձող կսահմանեն արդարադատության համակարգի համար»,- եզրափակեց ՀՀ արդարադատության փոխնախարարը։  

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն իր հերթին նշեց, որ բարեփոխումները երբեք հեշտ չեն իրականացվում, բայց հայկական կողմն առանց ջանք ու եռանդ խնայելու աշխատում է առկա խնդիրները լուծելու ուղղությամբ։  

«Դատավորների գնահատման ծրագիրն ունի կենսական կարևորություն ոչ միայն գործող համակարգի, այլև նրա ապագա զարգացման միտումների համար, հետևաբար բարձր ենք գնահատում շահագրգիռ բոլոր կողմերի պատրաստակամությունն ու ծրագրին մասնակցելու հանձնառությունը։ ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կուռ համագործակցություն են ձևավորել, որի հիմքում հարգանքն է օրենքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների նկատմամբ։ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը ՀՀ-ում աշխատում է գործընկերների հետ, որպեսզի առաջ մղի Հայաստանի ընթացքն ավելի ներառական, ժողովրդավարական ու տնտեսապես դիմակայուն երկիր դառնալու ճանապարհին։ Տվյալ ծրագիրը, որը մեկնարկեց 2022 թվականին, նպատակ ունի խթանել դատական համակարգի բարեվարքությունը, արդյունավետությունը և անկախությունը, որպեսզի նրա հանդեպ ավելի բարձրանա հանրային վստահությունը։ Սերտորեն աշխատել ենք արդարադատության նախարարության հետ, և մեր համագործակցության հիմքում ապացուցահեն տվյալներն են այն կարիքների մասին, որոնք բացահայտվել են լուրջ հետազոտությունների ու շահագրգիռ կողմերի հետ քննարկումներում»,- ասաց Ալելոն։

Նա հավելեց, որ դեռ կան որոշակի խնդիրներ, որոնք վնասում են դատական համակարգի գործունեությանը՝ խոչընդոտելով նրա անկախությանը, հետևաբար սույն ծրագիրը շատ կարևոր գործոն է կուռ, անկախ և ինքնուրույն դատական համակարգ ունենալու համար։ Նոր մեթոդի տրամաբանությամբ կարևոր բարեփոխումներ են առաջարկվում գնահատման գործընթացում՝ ներառելով լավագույն փորձի օրինակներ միջազգային չափանիշներին համահունչ։ Ամերիկյան կողմն ակնկալում է ավելի լայն շրջանակների արձագանքները, որպեսզի թվով ավելի շատ սուբյեկտներ ներգրավվեն գործընթացում։ Ալելոյի պնդմամբ՝ քաղհասարակության ներգրավումը դատական վեկտորը կերտելու, ինչպես նաև այդ համակարգի հաշվետվողականությունը բարձրացնելու գործում խիստ կարևոր է։    

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագիրը օժանդակում է ՀՀ կառավարությանը՝ ստեղծելու ավելի արդար արդարադատության համակարգ՝ միաժամանակ բարձրացնելով հանրային վստահությունը և ամրապնդելով իրավունքի գերակայությունը։ Ծրագրի գործունեությունը նպաստում է դատական իշխանության անկախության և արդյունավետության բարձրացմանը՝ ուժեղացնելով դատարանների, համապատասխան ինքնակարգավորվող մարմինների և կրթական հաստատությունների արդյունավետությունը և կարողությունները, ինչպես նաև խթանելով արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման բազմակողմանի վերահսկողությունը։

Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագիրը համագործակցում է Բարձրագույն դատական խորհրդի հետ՝ դատավորների ընտրության, գործունեության գնահատման առավել արդյունավետ և թափանցիկ համակարգեր մշակելու և կիրառելու հարցում։ Ծրագիրն աջակցում է նաև շահագրգիռ կողմերին՝ բարելավելու ներքին և արտաքին ռազմավարական հաղորդակցության կարողությունները՝ արդարադատության բարեփոխումների երկխոսության մեջ ներգրավելով դատարաններից օգտվողներին և քաղաքացիական հասարակությանը։

Առաջիկա տարիներին ՀՀ արդարադատության ոլորտի աջակցության ծրագիրը կշարունակի խորհրդատվական և տեխնիկական աջակցություն տրամադրել ԲԴԽ-ի գործընկերներին՝ բարելավելու դատավորների թեստավորման և ընտրության գործընթացը, բարձրացնելու դատական էթիկան և կարգապահությունը, տրամադրելու տեխնոլոգիական աջակցություն, ուժեղացնելու ԲԴԽ-ի և դատարանների ռազմավարական հաղորդակցությունը, թարմացնելու ԲԴԽ-ի պաշտոնական կայքը և հաղորդակցության ուղիները, և որպես ԱՄՆ-ի ՄԶԳ մարդակենտրոն արդարադատության պարադիգմի մաս՝ բարձրացնելու արդարադատության ոլորտի ընթացիկ բարեփոխումներում համայնքի ներգրավվածության մակարդակը։

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am