Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քառորդ դար առաջ Անկախության հռչակագրի ընդունումով աշխարհին հնչեցրինք մեր վճռական ազդականչը. ԱԺ նախագահ

Քառորդ դար առաջ Անկախության հռչակագրի ընդունումով աշխարհին հնչեցրինք մեր վճռական ազդականչը. ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ազգային ժողովի նաագահ Գալուստ Սահակյանն Հայաստանի Անկախության հռչակագրի 25-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղեձ է հղել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային ժողովի հասաակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ուղերձում ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Անկախության հռչակագրի ընդունման 25-ամյակի առթիվ: 

Քառորդ դար առաջ այս օրն Անկախության հռչակագրի ընդունումով աշխարհին հնչեցրինք մեր վճռական ազդականչը, որը մարմնավորում էր անկեղծ իղձ, անկասելի ցանկություն և անբեկանելի ձգտում: Այն օբյեկտիվ իրականության վավերացումն էր ժամանակի և հասունացած ժամանակի ամրագրումը՝ իրականության մեջ: 

Անկախության հռչակագիրը ոչ թե երազել պարտադրող, այլ երազանքից ծնված փաստաթուղթ էր, որը գործնական հիմքի վրա դրեց այն, ինչ կար ինքնիշխանության ճանապարհն ընտրած ժողովրդի մտքում, հոգում և սրտում: Հռչակագիրը պաշտոնապես անցյալից հյուսեց, ներկայի մեջ ձևակերպեց և ապագային ուղղեց կենսակերպի մեր ըմբռնումը, որը մշտապես ապրում էր մեր մտածողության մեջ, մեր արժեհամակարգում և հոգեկերտվածքում, բայց տարբեր պատճառներով իրականություն չէր դարձել կամ ունեցել էր ժամանակավոր բնույթ: 

Մենք հռչակեցինք, որ չենք մոռանում երեկը, չենք ժխտում այսօրը, բայց մեզ արժանի ենք համարում և հաստատակամ ենք ունենալ ավելի լավ ապագա, ստեղծել, կառուցել այն սեփական ձեռքերով, հոգու, մտքի և մարմնի ուժով: Հռչակեցինք և վստահորեն դա ամրագրեցինք հռչակագրի ընդունումից շուրջ մեկ տարի անց անցկացված համաժողովրդական հանրաքվեով, հռչակեցինք, որ մենք` որպես ժողովուրդ, ի տարբերություն ոմանց, ժամանակավոր չենք եղել պատմության ոչ մի փուլում և մեր ներուժով, կենսատենչությամբ ու նպատակասլացությամբ մշտական ներկայություն ենք ունենալու համաշխարհային ասպարեզում: 

Սիրելի հայրենակիցներ, 25 տարի առաջ Հայաստանի խորհրդարանը, արտահայտելով ժողովրդի միասնական կամքը, ընդունեց Անկախության հռչակագիրը՝ կանգնելով նոր պետության ստեղծման, նոր երկրի կառուցման ակունքներում: Հռչակագիրն առաջին իրավական հիմնաքարն էր հայոց խորհրդարանի նորօրյա պատմության մեջ: Այսօր էլ բարձրագույն օրենսդիր իշխանությունն իր սահմանադրական գործառույթներով հետևողականորեն շարունակում է իրացնել անկախության հռչակագրի դրույթները, հռչակագիր, որը քառորդդարյա՝ երբեք հեռու չթվացող տարածության վրա էլ առաջնորդում է մեզ, պարտավորեցնում երբեք չդադարել լավատեսությամբ առաջ նայել և հաստատակամորեն առաջ շարժվել, այլապես այսօրը կարող է անհուսալի թվալ, իսկ վաղվա օրը՝  անհասանելի լինել: Մենք պարտավոր ենք լավատես լինել և այդ լավատեսությունը լիցքավորել շոշափելի քայլերով, տեսանելի հաջողություններով ու մեզ միշտ հասանելի հաղթանակներով:
Մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և ամենայն բարիք»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am