Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Եվրամիության պաշտոնյաները գնում են Թուրքիայի հետ գործարքի՝ հաշվի չառնելով հասարակական կարծիքը. Ռուբեն Սաֆրաստյան

Եվրամիության պաշտոնյաները գնում են Թուրքիայի հետ գործարքի՝ հաշվի չառնելով 
հասարակական կարծիքը. Ռուբեն Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավոր Գարո Փայլանի անվտանգության հարցը մտահոգիչ է:  Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:  

-Պարոն Սաֆրաստյան, այս օրերին Թուրքիայում ակտիվ գործունեությամբ աչքի է ընկնում հայ պատգամավոր Գարո Փայլանը: Դուք նրա անձի հետ կապված անվտանգության խնդիր տեսնո՞ւմ եք:  

-Այո, անվտանգության խնդիր տեսնում եմ: Գարո Փայլանի դեպքերի հետ կապված հիշեցի Հրանտ Դինքի մի արտահայտություն: Երբ նրան հանդիպեցի ԱՄՆ-ում`  գիտաժողովներից մեկում, նա ասաց հետևյալը` «Թուրքիայում շատ դժվար է հայ լինելը, բայց առավել դժվար է ակտիվ հայ գործիչ լինելը»: Չմոռանանք, որ Հրանտ Դինքն ակտիվ էր ոչ միայն հայկական հարցի առումով, այլև Թուրքիայի ձախակողմյան շարժման մեջ: Հիմա տեսնում ենք, որ նման երևույթներ սկսում են ձևավորվել Գարոյի շուրջ, ինչը մտահոգություն է առաջանում:

-Ի՞նչը  կարող է նպաստել, որ նման գործիչները  ինչ-որ չափով ապահով զգան կամ երկրում իրավիճակը  փոխվի, միգուցե տեղի հայկական համայնքի գործոնը: Ո՞րն եք տեսնում ճանապարհը:

-Կարելի է հետևյալն արձանագրել՝ ժամանակակից Թուրքիայում հասարակական, քաղաքական գործիչները, որոնց հայացքները տարբերվում են Թուրքիայի իշխանութունների հայացքներից, վտանգված են: Բազմաթիվ օրինակներ կան, տեսնում ենք, թե ինչ ճնշումներ են գործադրվում քաղաքական հակառակորդների, մամուլի ներկայացուցիչների նկատմամբ: Սա է Թուրքիայի ժամանակակից իրականությունը: Ես կարծում եմ, որ այս դառն իրականությունը դեպի լավը փոխելու համար մեծ դեր կարող է ունենա միջազգային կարծիքը, Թուրքիայի վրա ճնշումը:  Չնայած, ես կասկածում եմ, որ Թուրքիան այդ ճնշումներին տեղի կտա, բայց ուրիշ ճանապարհ չկա: Ինչ վերաբերում է հայկական համայնքին, ապա այնպիսի վիճակում չէ, որ իր ներկայացուցչին պաշտպանի:

-Դուք խոսեցիք Թուրքիայի վրա ճնշումների մասին, բայց մենք տեսանք, որ օրեր առաջ Եվրահանձնաժողովը վիզաների հարցում Թուրքիայի համար կանաչ լույս վառեց:

-Այո, դա քաղաքական գործարք էր Եվրոպայի և Թուրքիայի միջև` կապված միգրանտների հետ: Եվ դա խստագույնս քննադատվեց եվրոպական հասարակական և քաղաքական հեղինակավոր շրջանակների կողմից: Միգրանտների գործարքի առաջարկը գալիս էր հենց Դավութօղլուից: Արդյունքում` Թուրքիան ստանում է միլիարդներ: Գերմանիայի բնակչության մեծամասնության կողմից բացասական է ընկալվում Եվրոպայի այդ գործարքը: Մենք տեսնոււմ ենք, որ եվրոպական պաշտոնյաները հաշվի չեն առնում հասարակական կարծիքը և գնում են Թուրքիայի հետ գործարքի: Դա վտանգավոր է հենց նույն Եվրոպայի համար: Ի վերջո, մենք տեսնում ենք, թե  ինչպես է Թուրքիան աջակցում իսլամական ծայրահեղականներին, օգտագործում փախստականներին` որպես ճմշման միջոց Եվրոպայի վրա: Մի բան էլ ցանկանում եմ ընդգծել, մինչև հիմա Թուրքիային շատ բան հաջողվում է, նա ոչ մի պատիժ չկրեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն օգնելու համար, այլ մինչև հիմա Սիրիայի հետ սահմանն է բաց պահում` օգտագործելով զենք, զինամթեք, զինյալներ տեղափոխելու համար:

-Եվրոպայի այդ նույն երկակի ստանդարտներով քաղաքականությունը կարո՞ղ ենք ասել, որ տեսնում ենք Ադրբեջանի պարագայում: Փաստորեն Ադրբեջանի զինվորները հայ զինվորին են գլխատում, միևնույն ժամանակ Բաքվում ՄԱԿ-ի Քաղաքակրությունների Դաշինքի համաժողովն է  անցկացվում, եվրոպացի գործիչներն էլ գովեստի խոսքեր են ուղղում Բաքվին:

-Այո, ցավոք այդ երկակի ստանդարտների քաղաքականությունն է անցկացվում, Եվրոպան դավաճանում է իր հայտարարած գաղափարներին կամ կարճատև շահերից ելնելով կամ կաշառք ստանալով: Եվրոպայի ռազմավարական  շահն այն է, որ եվրոպական արժեքները տարածվեն տարբեր երկրներում, նույնիսկ Ադրբեջանի նման երկրներում: Այնինչ` չեն նկատվում այն, որ զինվորը գլխատվում է, դա խայտառակություն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am