Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

«Տարեդարձ է այսօր». Երևանը երգեց, խոսեց և շնչեց Ազնավուրով

«Տարեդարձ է այսօր». Երևանը երգեց, խոսեց և շնչեց Ազնավուրով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հերոս, ֆրանսիահայ նշանավոր երգահան և կատարող Շառլ Ազնավուրի 92-ամյակը նրա երգի սիրահարները Երևանում նշեցին իր իսկ անվան հրապարակում՝ հայ արտիստների մասնակցությամբ համերգին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համերգն անցավ Ազնավուրի ռիթմիկ ու ջերմ երգերի ներքո, որոնք հնչեցրին ինչպես նորահայտ, այնպես էլ արդեն աշխարհին հայտնի դարձած կատարողներ: Համերգը բացեց անվանի երաժիշտ Լևոն Մալխասյանը, Շառլ Ազնավուրի հայտնի ստեղծագործությունների յուրովի կատարումներով հանդես եկան Սոնա Շիրոյանը, «Արտ Սինեմա» անսամբլը, Տիգրան Համասյանը, Հայկ Պետրոսյանը:


Համերգի կազմակերպիչ «TM փրոդաքշն» ընկերության տնօրեն Թոմաս Մարտիրոսյանի խոսքով՝ միջոցառման մեկնարկով նպատակ ունեն այն դարձնել ավանդական՝ ընդլայնելով մասնակից կատարողների կազմը՝ ընդհուպ մինչև արտասահմանյան երաժիշտներով: Կազմակերպիչը տեղեկացրեց, որ Շառլ Ազնավուրին անձամբ է հայտնել համերգի մասին Հայաստան նրա վերջին այցի ժամանակ: Լսելով գեղեցիկ գաղափարի մասին՝ շանսոնյեն պարզապես ժպտացել է:

Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի կապն Ազնավուրի հետ սկսվել է, երբ Հայկը հինգ տարեկան էր: «Մայրս ցուրտ ու մութ տարիներին, երբ մեկ ժամով լույսերը տալիս էին, Ազնավուր էր լսում ու լալիս: Ես սկզբում ատում էի Ազնավուրին՝  մտածելով, որ այդ մարդու պատճառով մայրս լացում է: Հետո մեծացա, գնացի Ֆրանսիա, լեզուն սովորեցի, նրա երգերը շատ սիրեցի: Նրան սիրում եմ որպես մարդ, ով համառության, նպատակասլացության մեծ օրինակ է: Ես մի անգամ բախտ եմ ունեցել նրա ձեռքը սեղմելու, երբ եկել էր Փարիզում հորս ներկայացմանը»,-ասաց Հայկ Պետրոսյանը, ով հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի որդին է: Մեր զրուցակիցը բախտ է ունեցել երկու անգամ տուն տանելու Ազնավուրին պատկանող թաշկինակը, որը նա ավանդաբար նետում է «Լա Բոհեմե» երգից հետո: «Մեկ անգամ նրա 80-ամյակի համերգին եմ բռնել, մեկ ուրիշ անգամ էլ՝ այստեղ համալիրում 90-ամյակին: Մի քանի անգամ էլ երազումս եմ տեսել նրան. հարազատ պապիս պես սիրում եմ, բացի նրանից, որ հանճարեղ արտիստ է»,-անկեղծացավ երգիչը:

Համերգային այն հատվածում, երբ կատարումներով հանդես էր գալիս Հայկ Պետրոսյանը, հանդիսատեսը նրա առաջարկով երգեց «Տարեդարձ է այսօր»-ը, այն հույսով, որ հետագայում աշխարհահռչակ արտիստը տեսնելու է համերգի տեսագրությունը:

Այն, որ Շառլ Ազնավուրի հրապարկում էին հավաքվել նրա երգի իսկական սիրահարները, փաստում էին հայտնի ու հարազատ դարձած հնչյունների տակ հանդիսատեսի ձայնակցումները: Ակնահաճո էին բեմից քիչ հեռու կանգնած տղայի՝ մատիտով արհեստավարժ շարժումները, որոնք փոքրիկ նոթատետրում գծապատկերում էին կատարողներին, այդ թվում՝ Տիգրան Համասյանին, ով բեմից իջնելուց հետո նաև մակագրեց իր դիմանկարի կողքին: Պատանին 17-ամյա Կարապետ Հաջի-Ասլանյանն էր, ով Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանող է: Հարցին՝ արդյոք, Ազնավուրին էլ է նկարել, տղան նշեց. «Ազնավուրին մեկ-մեկ նկարում եմ՝ հիշելով նրա դիմագծերը, բայց ավելի ճիշտ է բնօրինակից նկարելը»: Տղան ուրախությամբ փաստեց, որ նմանատիպ համերգներով ուշադրության կենտրոնում են հայտնվում հայ մեծերը:

1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում ծնվեց Շահնուր (ֆրանսուհի բուժքույրի թեթև ձեռքով՝ Շառլ) Ազնավուրյանը, ով հետագայում դարձավ ֆրանսահայ նշանավոր շանսոնյե, երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը:

Նրա քույրը՝ Աիդա Ազնավուրը, եղբորն ու իրենց ընտանիքի պատմությունը ներկայացնող «Ափարիկս» գրքում առավել քան գեղեցիկ նկարագրել է այն պահը, երբ հայրն ու պապիկն իմացել են մոր՝ Քնար Ազնավուրյանի հղինության մասին, երբ պետք է ծնվեր հետագայում աշխարհի բեմերը նվաճած ոչ այնքան գրավիչ արտաքինով «Շառլոն»:

«1923 թվականի աշնան նորույթն իսկապես արտասովոր էր, մայրիկը հղի էր: Այդ արտակարգ նորությունն իմանալուն պես Միշան ու հայրը փակում են ռեստորանը, մտերիմների հետ որոշում նշել «Կովկասի» գինու, վոդկայի գետերով, նման դեպքում անխուսափելի ուրախության արցունքներով…Երրորդ բաժակից հետո նրանք վճռում են, որ նորածինը արու զավակ է լինելու, յոթերորդից հետո՝ դառնալու է հաղթանդամ, գեղեցիկ ու առնական տղամարդ, տասնմեկերորդից հետո՝ Ազնավուրյան տոհմանունը տարածելու է աշխարհով մեկ… վերջում թառով սկսում են գովերգել դեռ չծնված երեխային: Մի խոսքով՝ երկու տղամարդ գինու մեջ գտնում են ճշմարտությունը, հարբածության մշուշոտ երկնակամարում կանխագուշակում Շառլի ապագան, որը գրեթե նույնությամբ պիտի իրականանար, այն չնչին տարբերությոններով, որոնք հավանաբար ձեր աչքից էլ չվրիպեցին». հատված Աիդա Ազնավուր-Կառվարենցի «Ափարիկս» գրքից:

Անի Նազարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am