Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայաստանի ստեղծագործական միությունները համախմբվելու և սադրանքների չտրվելու կոչ են անում

Հայաստանի ստեղծագործական միությունները համախմբվելու և սադրանքների չտրվելու կոչ են 
անում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ստեղծագործական միությունները  համախմբվելու կոչ են անում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին միությունների ղեկավարները նշեցին, որ խորապես մտահոգված են վերջին օրերին Երևանում ստեղծված իրավիճակով և գտնում են, որ պետք է լրջորեն խորհել ժողովրդի համար բախտորոշ ժամանակում ծառացած խնդիրները շուտափույթ լուծելու հարցի շուրջ: 

«Մեր կոչի շեշտադրումը հիմնականում սա է` արյուն չթափվի ու հայ ազգը համախմբի: Ապրիլյան պատերազմի ցավը դեռ կա և հանկարծ այսպիսի իրադարձություններ են զարգանում:  Զարմանալի է, բայց 1906 թվականին հային ուղղված Զորավար Անդրանիկի կոչն արդիական է ներկա զարգացումների համար:  Հայը հայի դեմ չպետք է զենք բարձրացնի»,-ասաց Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով, այս օրերին բոլորն էլ շատ անհանգիստ են ու ցանկանում են, որ արյունահեղություն չլինի: Հետևաբար` կոչ են անում իշխանություններին, ՊՊԾ գնդում գտնվող տղաներին, որ ստեղծված իրավիճակից դուրս գան բանակցությունների միջոցով:

«Բայց այստեղ այլ խնդիր կա: Հայաստանում նման դեպքերը ինչ-որ բանի մասին են խոսում, ու դրանցից պետք է հետևություններ արվեն: Այսպես չի կարելի շարունակել: ՊՊԾ գնդի դեպքը պետք է ունենա արդար լուծում, արյունահեղություն չլինի, բայց միևնույն ժամանակ դրանից հետո ինչ-որ մի բան պետք է փոխվի:  Գերատեսչությունները չեն անում իրենց գործը, մարդկանց հետ չեն խոսում, այդ ամենը բացասական մթնոլորտ է ձևավորում և դժգոհության ալիք է բարձրանում: Եթե արյունահեղություն լինի, ապա մեզ շատ դժվարություններ են սպասվում»,-ասաց Մկրտիչ Մինասյանը:

Ստեղծված իրավիճակի միակ ելքը պետք է լինի խաղաղ` առանց ավելորդ վայրիվերումների: Նման կարծիք հայտնեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն` ընդգծելով, որ իր այս տեսակետը շատերը չեն կիսում:

«Ընդհակառակը, որոշ շրջանակներում նկատում ենք, որ նպատակ կա իրավիճակը հրահրելու, ի դեպ, երկու կողմից էլ: Ինձ համար մի փոքր զարմանալի է, թե ինչու ոստիկանությունը սկսեց բռնություն կիրառել, չնայած իրավունք ունի, եթե իր վրա հարձակվում են, մյուս կողմից էլ, ինձ համար ցավալի է, որ քարեր են նետում ոստիկանների ուղղությամբ, դա արդեն գրգռում է իրավիճակը: Ինչ-որ մեկին սա, ըստ երևույթին, պետք է»,-ասաց Կարեն Աղամյանը:

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը նշեց, որ այս օրերին շատ կարևոր է մտավորականների, արվեստագետների խոսքը:

«Այսպիսի իրավիճակներում գտնվելը սարսափելի դժվար է, արվեստագետը միշտ պետք է ասի իր խոսքը: Արտահայտվել պետք է, համաձայն եմ իմ ընկերների հետ, որոնք ասում են, որ պետք էր վաղուց մտածել երկրում ստեղծված իրավիճակի մասին, չէ որ ժամանակ առ ժամանակ պոռթկումներ են լինում: Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդի վրա հարձակմանը, ապա ես չեմ գտնում, որ սա այն ճանապարհն է, որով կարող է գնալ հայը: Հայը հայի դեմ գնալը սարսափելի երևույթ է: Ի՞նչ է նշանակում հայը հային պատանդ վերցնի` հանուն հայի փրկության, դա անհեթեթություն է: Կարծում եմ` փոխզիջումներ պետք է լինեն»,-ասաց Արամ Սաթյանը: Նրա խոսքով, միգուցե ստեղծվի համապատասխան հանձնաժողով, որում ներգրավված անդամներն ընդունելի կլինեն երկու կողմերի համար:

Մեր ժողովուրդը սիրում է հպարտանալ իր պատմությամբ, բայց այդ պատմությունից դասեր քաղել չի սիրում: Այս մասին նշեց Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը:

«Մենք ունենք շատ մտահոգող պահեր: Պատանդ բառն հարիր չէ հայ ժողովրդի պատկերացումներին: Դա մեզ հետ կապ չունի, ես ցանկանում եմ, որ այս էյֆորիկ վիճակում գտնվող փառավոր ազատամարտիկները, որոնցով հպարտացել ենք, նրանց փառաբանել,  սթափվեն ու մտածեն, թե ինչու են իրենց վրա վերցնում պատանդի բառի պատասխանատվությունը»,-հավելեց Աստղիկ Գևորգյանը:

Բանակցելու ու համախմբվելու կոչ արեց նաև Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը: Նա ընդգծեց, որ հայը արյուն կարող է թափել միայն իր թշնամու դեմ:

«Այս բախումը ձեռք է տալիս միայն մեր թշնամիներին: Հայաստանը այլևս չի կարող գնալ նույն ճանապարհով, ինչպես 25 տարիների ընթացքում: Ես տեսնում եմ ցուցարարների մեջ ահավոր շատ սադրիչների: Ոստիկաններն էլ են սխալ անում, բայց իրենք էլ են լարված, նրանք էլ են վնասվածք ստացել: Այս ամենից երկու կողմն էլ տուժում են: Հետևաբար, շուտափույթ լուծում է պետք»,-եզրափակեց Ռուբեն Գևորգյանցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am