Գյումրեցի մարզիկները բարձր տրամադրությամբ են մեկնում Բրազիլիա
ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցի մարզիկները բարձր ու մարտական տրամադրությամբ, մարզական լավ պատրաստվածությամբ են մեկնում Ռիո դե Ժանեյրո:
Օգոստոսի 5-ին մեկնարկող Ամառային 31-րդ Oլիմպիական խաղերին ընդառաջ, հուլիսի 24-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց օլիմպիական խաղերի մասնակից գյումրեցի մարզիկներին ու մարզիչներին: Քաղաքապետը մարզիկներից ու մարզիչներից հետաքրքրվեց մարզիկների մարզական վիճակից, տրամադրվածությունից ու սպասելիքներից: «Շատ մարզիկների երազանքն է օլիմպադային մասնակցելը: Սա արդեն մեծ ձեռքբերում է: Գյումրին ձեր կողքին է: Ես վստահ եմ օլիմպիական ոսկի Գյումրի կգա»,- նշեց Սամվել Բալասանյանը:
Ակնկալիքները գյումրեցի մարզիկներից մեծ են, մարզիչներն իրենց սաներից օլիմպիական մեդալներ են սպասում, սակայն իրենց ակնկալիքների մասին լրագրողներին չցանկացան բարձրաձայնել՝ ավելի լավ է բարձր արդյունքներից հետո:
«Ամեն ինչ նորմալ է: Նոր ենք ուսումնական հավաքներից եկել ու բարձր տրամադրությամբ ենք գնում: Ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որ ամեն ինչ նորմալ լինի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը՝ հույս հայտնելով, որ Ռիոյում կբարելավի նախկին արդյունքները։
Մարզիչները նշեցին, որ կան Հայաստանից մեծ շատ երկրներ, որոնք այնքան մարզիկ չեն ունենա Օլիմպադայում, իսկ Գյումրին 6 մարզիկով կներկայանա:
«Բավական ոգևորված են մարզիկները մեկնում: Ունենալով բավական լուրջ ներկայացուցչություն՝ 6 մարզիկ ու իմանալով նրանց մարզական վիճակի մասին, լուրջ ակնկալիքներ ունենք բոլորից»,- նշեց Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը:
Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Ամառային 31-րդ Oլիմպիական խաղերին Գյումրիից կմասնակցեն Արթուր Ալեքսանյանը՝ հունահռոմեական ըմբշամարտ, Գոռ Մինասյանը՝ ծանրամարտ, Նազիկ Ավդալյանը՝ ծանրամարտ, Հովհաննես Դավթյանը՝ ձյուդո, Արթուր Հովհաննիսյանը՝ բռնցքամարտ, և Հովհաննես Բաչկովը՝ բռնցքամարտ։
Արմենուհի Մխոյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում