Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախարարի համոզմամբ՝ Գյումրին տեխնոլոգիական զարգացման մեծ պոտենցիալ ունի

Նախարարի համոզմամբ՝ Գյումրին տեխնոլոգիական զարգացման մեծ պոտենցիալ ունի

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի արդյունաբերության ոլորտում եղած ծրագրերի շարունակականության ապահովման, նոր որակի ու նոր մակարդակի տնտեսական քաղաքականություն իրականացնելու վստահությամբ հուլիսի 26-ին  ճանաչողական այցով Շիրակի մարզում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:  

Նախարարը, մինչ Շիրակի մարզպետի հետ հանդիպումը, եղավ  Մարալիկի Բամբակամանվածքային ֆաբրիկայում, ծանոթացավ սնանկացման եզրին կանգնած ֆաբրիկայի խնդիրներին: Դրանք հիմնականում մեծածավալ վարկային պարտավորվածության ու շուկայի հետ են կապված: Ֆաբրիկայի առողջացման ծրագրի ընդունման համար հաջորդ շաբաթ խորհրդակցություն կհրավիրվի: Ընդհանուր առմամբ, Շիրակը, որ խորհրդային տարիներին եղել է խոշոր արդյունաբերական կենտրոն, այսօր էլ ունի մեծ պոտենցիալ: Այս առումով մեծ է հատկապես Գյումրու տեխնոլոգիական զարգացման ներուժը՝ վստահեցրեց նախարարը:

«Գաղտնիք չէ, տնտեսական հսկայական պոտենցիալ է կենտրոնացված Շիրակի մարզում, իսկ Գյումրի քաղաքը, վստահ եմ, որպես տեխնոլոգիական զարգացման տեսակետից ապագա ունեցող կենտրոն է՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար»,-նշեց Արծվիկ Մինասյանը:Խոսելով  տնտեսական քաղաքականության մոտեցման մասին՝  նախարարը կարևորեց տեղական ռեսուրսների մաքսիմալ իրացումը:

«Տնտեսական ռեսուրսը՝ հատկապես փողը, մարդկային ներուժը և ձեռնարկատիրական ունակությունը, որ այս տարածաշրջանին բնորոշ են, պետք է շատ արագ ձևով համախմբենք: Գաղտնիք չէ, որ Հայաստան ներմուծվող բազմաթիվ ապրանքներ կարող են արտադրվել տեղում՝ առնվազն հումքի մակարդակով, որպեսզի մենք կարողանանք այս արտադրական շրջանառությունն իրականացնել մեր երկրում. դա վերաբերում է սննդամթերքին և ոչ պարենային արտադրանքին»,-նշեց   ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ փաստելով, որ հիմնականում տնտեսության բացը կապված է տեխնոլոգիական վերազինման հետ:

«Գյումրին այս առումով պետք է լինի առաջամարտիկ և տեխնոլոգիական  կենտրոնի բազայի վրա նորարարական տեխնոլոգիաների զարգացումը պետք է դառնա նաև մեր տնտեսության հիմնական ուղղություններից մեկը: Այն, ինչ կա, պետք է բազմապատկենք ու զարգացնենք»,-նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝  տնտեսության մեջ կարևորելով նաև որակի ենթակառուցվածքների զարգացումը: «Մենք մտադիր ենք այս ուղղությամբ թե՛ մեծածավալ ռեսուրսներ ներդնել, թե՛ ամբողջական համակարգի վերանայում իրականացնել: Գյումրին իր մարդկային ռեսուրսներով ունակ է շատ նորարական մոտեցումներ իրականացնել: Այս պարագայում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է ցանկացած նախաձեռնություն առաջ մղել: Եթե մենք միատեղենք մեր ջանքերը, վստահ եմ, որ կունենանք զարգացած մարզ, զարգացած քաղաք և մեր քաղաքացիները չեն մտածի այլ վայրերում իրենց ապրուստը վաստակել»,-հավելեց նախարարը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am