Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Գյումրիում անցկացվեց բրազիլական երեկո

Գյումրիում անցկացվեց բրազիլական երեկո

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլական տաքարյուն պար ու երաժշտություն, կոկտեյլներ ու ուտեսներ. հանրապետության երկրորդ քաղաքում օգոստոսի 19-ի երեկոն   բրազիլական էր: 

Բեռլին Արտ հոթելն ինչպես հարկն է պատրաստվել էր տարվա ամենասպասված և գունեղ իրադարձություններից մեկին՝ բրազիլական երեկոյին՝ այն վստահությամբ, որ   ծանոթացումը տարբեր ազգերի մշակույթներին հիասքանչ միջոց է նորը բացահայտելու և հիշարժան օր անցկացնելու: 

Միջոցառման ընթացքում բոլոր հյուրերին առաջարկվեցին տիպիկ բրազիլական ըմպելիքներ, ուտեստներ և աղանդեր, իսկ վերջում խաղեր և պարեր՝ համեմված երկրին հատուկ զվարճալիքներով: Որպես պարտադիր պայման՝ երեկոյի հյուրերը ներկայացել էին բրազիլական գույներով՝ դեղին ու կանաչ: Միջոցառման կազմակերպչական աշխատանքներին աջակցել էր բրազիլահայ կամավոր Նատալիա Հազարյանը. 24-ամյա աղջիկը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքից է, Հայաստան է եկել Դեպի Հայք ծրագրի շրջանակում: Երեկոյին ներկա էր ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:  

Դեսպանն անձամբ «Արմենպրես»-ին բացահայտեց, ինչպես ինքն  է ասում, «երջանկության խմիչքի»՝ քայպիրինյայի, պատրաստման գաղտնիքը: Փորձեցինք՝ լայմով պատրաստված ըմպելիքը՝ մի փոքր ալկոհոլն ավելի թունդ էր: Դեսպանը նկատեց՝ օգտագործված է օղի, բրազիլական ալկոհոլային կոնյակի՝ քաշասայի փոխարեն, որը Հայաստանում գտնելը դժվար է: Խոսելով գինու մասին՝ դեսպանը փաստեց, որ գինին այնքան էլ տարածված չէ  Բրազիլիայում, բայց արտադրելու փորձեր արվում են: «Ես իմ ընկերներին խորհուրդ եմ տալիս այդ հարցում հայերին վստահել, քանի որ հայերը գինի են պատրաստել դեռ հազարավոր տարիներ առաջ: Հուսով եմ, որ նաև Հայաստանից Բրազիլիա կարտահանվի շատ ավելի կոնյակ ու գինի՝ չէ, որ մեծ հայկական համայնք կա Բրազիլիայում»,- ասում է նա: 

Այն հարցին, թե ինչպիսի մշակութային նմանություններ կան այս երկու տարբեր երկրներում,  Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն պատասխանեց՝ երաժշտությունն ու պարը: «Պարերը տարբեր են, բայց ոգին նույնն է ՝բրազիլացիները չեն կարող ապրել առանց պարելու, հայերի ուրախ միջոցառումներն անցնում են պարերով: Հայը նաև օժտված ազգ է, երաժշտական շատ լավ ստեղծագործություններ ունեք»,-նշեց դեսպանն՝ անդրադառնալով նաև ամառային օլիմպիական խաղերին և, հատկապես, գյումրեցի ծանրորդ Արթուր Ալեքսանյանի հաղթանակին:

«Անչափ ուրախ եմ, ոչ միայն այն բանի համար, որ ձեր ծանրորդը օլիմպիական ոսկու արժանացավ, այլ նաև նրա համար, որ հիմա այդ ծանրորդի քաղաքում եմ: Այն պահին երբ Հայաստանի դրոշը բարձրացավ ու հնչեց հայկական հիմնը՝ դա անասելի պահ էր: Ուրախ եմ այդ հաղթանակի ու հայերի համար»,-հավելեց դեսպանը:Երեկոյի կազմակերպիչների նպատակը` Ամառային Օլիմպիական խաղերի երկրի մշակույթին ու առանձնահատկություններին ծանոթացնելն է:

«Ամենակարևորն այսօր բրազիլական ջերմությունն է ու բրազիլական հողի բարի կամեցողությունը, ինչն ապացուցվեց մեր մարզիկների հաղթանակով: Գյումրին բրազիլական Օզասկո քաղաքի հետ քույր քաղաքներ են: Հուսով ենք, որ բարեկամական հարաբերությունները կզարգանան ու մեծ թափ կստանան՝ հատկապես օլիմպիական հաղթանակներից հետո»,-«Արմենպրես»-ին նշեց   Բեռլին Արտ հոթելի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am