Դավիթ Լոքյանը եւ Լեւոն Մկրտչյանը կպահպանեն իրենց պաշտոնները. Աղվան Վարդանյան
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման, ինչպես նաեւ կրթության եւ գիտության նախարարներ Դավիթ Լոքյանը եւ Լեւոն Մկրտչյանը միանշանակ պահպանելու են իրենց պաշտոնները: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Եթե մեր համաձայնագրում առաջադրված խնդիրները լուծվեն, կարեւոր չէ, թե քանի նախարար մենք կունենանք. կարող ենք ընդհանրապես չունենալ եւ կարող ենք ունենալ 5-ը»,-ասաց խմբակցության քարտուղարը:
Անդրադառնալով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ տնտեսության ոլորտում փոփոխությունների իրականացմանն ուղղված քայլերին՝ նա հույս հայտնեց, որ վարչապետը կարողանալու է լուծում տալ ոլորտում առկա խնդիրներին: «Այս փուլում դրված խնդիրները շատ հստակ են՝ վճռական պայքար ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ, պայմանների ստեղծում նոր արտադրություն ստեղծողների համար, արտոնությունների տրամադրում՝ նաեւ հարկային, կառավարության կառուցվածքի օպտիմալացում եւ այլն: Սա ամենակարեւորն է, եւ այս փուլում մենք տեսնում ենք վարչապետի վճռականությունը այս երեւույթների դեմ պայքարելու հարցում»,-եզրափակեց Աղվան Վարդանյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում