Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ստեփան Ռոստոմյանի հոբելյանական երեկոյին ելույթ կունենան երգչախմբեր և մենակատարներ

Ստեփան Ռոստոմյանի հոբելյանական երեկոյին ելույթ կունենան երգչախմբեր և մենակատարներ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: Այդ մասին լրագրողների հետ զրուցեցին Ստեփան Ռոստոմյանը և համերգի մյուս մասնակիցները: «1989 թվականին Ստեփանին հրավիրեցի  Շոտլանդիա: Հատուկ պատվերով գրեց սիմֆոնիա թիվ 3-ը կարևոր երաժշտական փառատոնի համար: Այդ սիմֆոնիան դիպավ մարդկանց նվիրական զգացմունքներին, և ես մինչ օրս չեմ մոռանում այն տպավորությունը, որը թողեց այդ ստեղծագործությունը հանդիսականների վրա: Անհամբերությամբ եմ սպասում վաղվա տոնական տորթի այն մեծ կտորին, որը սիմֆոնիա համար 3-ն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց բրիտանացի դիրիժոր Դևիդ Դեվիսը:

Ստեփան Ռոստոմյանն ընդգծեց, որ եթե արվեստագետը գաղտնիք չունի, նա ընդամենը պատճենահանող է: «Երաժշտի խնդիրն անլսելին լսելի դարձնելն է, նկարչինը` անտեսանելին տեսանելի, իսկ գրողի առաքելությունն անիմանալին իմանալի դարձնելն է: Պետք է տեսնել պատից այն կողմ գտնվող անհայտը, և այն մարդկանց սեփականությունը դարձնել»,-ասաց կոմպոզիտորը:

Խոսելով վաթսունամյակի մասին` Ռոստոմյանը շեշտեց, որ իր հետ որևէ կապ չունի այդ տարիքը, քանի որ ինքը գործունյա և կենսուրախ անձնավորություն է:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանի խոսքով` Ստեփան Ռոստոմյանը ներկայացնում է բարդ, ինտելեկտուալ ստեղծագործություններ, որոնք նման չեն որևէ այլ երաժշտության: «Նա ունի իր յուրահատուկ աշխարհն ու արտահայտչամիջոցները, որոնք հաճախ հիմնված են ժամանակը կանգնեցնելու կամ առաջ գցելու վրա»,-ասաց դիրիժորը:

Համերգին մասնակցում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Վահագն Հայրապետյան ջազ տրիոն, սոպրանո Հենրիետտա Հարությունովան, դաշնակահար Արթուր Ավանեսովը: Հոբելյանական երեկոն ղեկավարելու են դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և բրիտանացի դիրիժոր` Դևիդ Դեվիսը:

Ստեփան Ռոստոմյանը ծնվել է 1956 թվականի ապրիլի 4-ին` Վանաձորում: Նա հետխորհրդային շրջանի այն կոմպոզիտորներից է, ով գրել է այնպիսի մենակատարների համար, ինչպիսիք են Օլեգ Կոգանը, Յուրի Բաշմետը, Լոնդոն Սիմֆոնիետանը։ Շոտլանդական արվեստի խորհուրդը չորս անգամ ֆինանսավորել է Ռոստոմյանի պատվերները և յուրաքանչյուր պրեմիերա կամ կատարում որակել որպես սենսացիոն հաջողություն։ Նրա ստեղծագործություններից շատերն ըստ ամերիկյան «Leonardo» ամսագրի հայտնի են դարձել Արևմուտքում։ Ռոստոմյանի «Հրեշտակի տաղ», տաղերի եռյակը (հայկական միջնադարյան հոգևոր երաժշտության ձև) բազմիցս կատարվել է Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Ամերիկայում և արժանացել բարձր գնահատանքի։ Ռոստոմյանը գրել է երաժշտություն բազմաթիվ ներկայացումների և ֆիլմերի համար։ Հանդիսանում է հայկական երաժշտության և մշակույթի դեսպան՝ ներկայացնելով այն տարբեր դասախոսությունների, կոնֆերանսների արտերկրում։ 1989- թվականին հրավիրվել է աշխատելու Գլազգոյի համալսարանի էլեկտրո-ակուստիկ ստուդիայում։ Հետագայում այդ փորձը բերել է Հայաստան, բացել էլեկտրոնիկ երաժշտության բաժին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Ռոստոմյանը լավագույն 500 առաջատար կոմպոզիտորներից է, ում աշխատանքները ներառված են «Ժամանակակից կոմպոզիտորներ» տեղեկատուում:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am