ԵԱՀԿ-ն Ասկերանի ուղղությամբ դիտարկում է անցկացնելու
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը դեկտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Քենգերլի գյուղի հյուսիս-արևելքում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում