Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հովիկ Աբրահամյանի հեռանալը չի թուլացնում ՀՀԿ-ի դիրքերը. Շարմազանով

Հովիկ Աբրահամյանի հեռանալը չի թուլացնում ՀՀԿ-ի դիրքերը. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունում արտառոց ոչինչ չեն տեսնում Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ն լքելու որոշման մեջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀԿ-ն ժողովրդավարական արժեքներ դավանող կուսակցություն է, և կուսակցության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի որոշել իր քաղաքական ապագան: «Առաջին  անգամը չէ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները, նաև նախկին պաշտոնյաներ, լքում են կուսակցությունը: Պարոն Աբրահամյանը նման որոշում է կայացրել, դա նրա իրավունքն է: Միջազգային պրակտիկայում էլ կան նման դեպքեր, երբ հայտնի քաղաքական գործիչները լքում են իրենց կուսակցությունները, այնպես որ մենք այստեղ արտառոց որևէ բան չենք տեսնում: Քանի դեռ նա ամբողջությամբ չի ներկայացրել, թե ինչո՞ւ է նման որոշում կայացրել, ավելին չեմ կարող ասել»,- ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ Հովիկ Աբրահամյանի հեռանալը չի թուլացնում կուսակցության դիրքերը` ընդգծելով, որ իրենք համախմբվում են ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի շուրջ և գնալու են նորանոր հաջողություններ արձանագրելու ճանապարհով: «Հայաստանի Հանրապետական կուսակցության  հիմնադիր, լուսահոգի Աշոտ Նավասարդյանն ասում էր, որ Հանրապետական կուսակցություն մտնում են ոչ թե վերցնելու այլ տալու համար: Նա ասում էր, որ այս կուսակցություն մտնում են իրենց էներգիան, ժամանակը, քրտինքը տալու, այնպես որ մենք շարունակելու ենք վստահորեն առաջ շարժվել»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ իրենք չեն կարող ժխտել Հովիկ Աբրահամյանի մեծ դերակատարումը կուսակցության զարգացման գործում, բայց կյանքն առաջ է գնում, իսկ իրենք զբաղված են ներկուսակցական աշխատանքների կազմակերպմամբ, առաջիկա խորհրդի նիստի կազմակերպչական աշխատանքներով: «Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջիկա ընտրություններին կգնա ավելի ուժեղացած: Մեր կուսակցությունը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար քաղաքական ուժը և դրանում բոլորը կհամոզվեն ապրիլի 2-ի երեկոյան»,- նշեց Շարմազանովը:

Նա նաև հայտնեց, որ զրուցել է Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն քաղաքական հարցեր չեն քննարկել:

ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է ՀՀԿ-ն լքելու մասին:   Նա հայտարարել է, որ կուսակցությունից դուրս գալու մասին կհայտարարի հունվարի 25-ին, սակայն կշարունակի մնալ քաղաքականության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am