Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 18.04.2017

Սպասվող լրահոս. 18.04.2017

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն այսօր՝ ապրիլի 18-ին, կներկայացնի «Ծնողների դիրքորոշումները դեռահասների սեռական զարգացման վերաբերյալ» հետազոտության արդյունքները: Կազմակերպությունը 2016թ. հունվար-հունիս ամիսներին իրականացրել է աշխատանք Երևանում, Արմավիրում, Լոռիում և Գեղարքունիքում՝ ուսումնասիրելու ծնողների շրջանում իրենց երեխաների դաստիարակման, սեռական զարգացման վերաբերյալ առկա պատկերացումները և դիրքորոշումները: Հանդիպմանը ներկա կլինեն պետական գերատեսչությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Տարածաշրջանային զարգացումներին կանդրադառնան քաղաքագետներ Ալեքսանդր Իսկանդարյանն ու Սերգեյ Մինասյանը: Նրանց վերլուծությունների առանցքում կլինեն Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակումը: Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին կխոսեն նաև թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը, փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Երևանում առաջին անգամ անցկացվում է «Արգենտինական գինու շաբաթ»: Կազմակերպիչը՝ Հայաստանում Արգենտինայի դեսպանատունն է, որը համագործակցում է  տեղական ընկերությունների հետ: «Արգենտինական գինու շաբաթ»-ը հագեցած է մի շարք միջոցառումներով, որոնք նախատեսված են ապրիլի 18-23-ը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան կներկայացնի սպասվող միջոցառումներն ու դրանց հիմնական նպատակը:

Մոսկվայում ապրիլի սկզբին անցկացվել է «Դեպի Հայաստան՝ հանգստյան օրերին ներքին անձնագրերով» խորագրով միջոցառումը: Ռուսաստանում հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացման ու խթանման գործընթացի մասին, ինչպես նաև «InTourExpo 2017-ի զբոսաշրջային ամենամյա ցուցահանդես»-ի մասին մանրամասներ կներկայացնեն  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, EXPO GROUP ընկերության հիմնադիր տնօրեն Վահագն Միրիջանյանը:

Հայաստանում մեկնարկել է «Վերածնունդ» IX միջազգային մրցույթ-փառատոնը: Ըստ ստացված հայտերի՝ մրցույթ-փառատոնին մասնակցում են ավելի քան 3000 անհատ կատարողներ և համույթներ շուրջ 35 երկրներից, ՀՀ բոլոր մարզերից, Արցախից: ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր նախատեսված ասուլիսին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, «Փյունիկ» համահայկական հիﬓադրամի  պատվո նախագահ Գաբրիել Ջամբարջին, Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը և այլք կներկայացնեն մանրամասներ փառատոնի մասին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am