Սպասվող լրահոս. 08.05.2017
Այսօր` մայիսի 8-ն է, օրը` ոչ աշխատանքային: Կառավարության որոշմամբ մայիսի 9-ին նախորդող օրը` ամիս 8-ը, ևս դարձավ ոչ աշխատանքային: Փոխարենը՝ աշխատանքային կլինի մայիսի 20-ը, որը շաբաթ օր է։ Մայիսի 9-ին Հայաստանը նշում է Հաղթանակի և խաղաղության տոնը, մայիսի 8-ին՝ Երկրապահի օրը: Մայիսի 8-ը, որպես երկրապահի օր նշելու որոշումը կայացվել է Երկրապահկամավորականների միության 3-րդ համագումարում՝ 1997 թվականի նոյեմբերին։ Օրվա առթիվ սպասվում են մի շարք միջոցառումներ:
Այսօր լրագրողների հետ կհանդիպի ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա կանդրադառնա «Եվրոպայի օրեր» միջացառումների շարքին, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, Գործընկերության առաջնահերթություններին: Դրանից բացի, նա կխոսի նոյեմբերին սպասվող ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի մասին:
Երևանում կմեկնարկի «Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրները» խորագրով համաժողովը։ Համաժողովին կմասնակցեն Հայաստանի և Վրաստանի պետական պաշտոնյաներ, կրոնական առաջնորդներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված փորձագետներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից և Նորվեգիայից։ Համաժողովին բացման խոսքով ելույթ կունենան ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոս Դաուման։
Մայիսի 9-ի տոնական օրվա ընդառաջ «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը եւ «Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ նախագահ, անհետ կորած ազատամարտիկի մայր Ռիմա Առաքելյանը կհանդիպեն լրագրողների հետ: Նրանք կխոսեն մայիսյան եռատոնի մասին, կանդրադառնա սահմանային իրավիճակին:
Տոնական թեման կշարունակեն ազատամարտիկներ Գագիկ Դանիելյանը, Սամվել Փափազյանը, Կարեն Ներսիսյանը: Նրանք կվերհիշեն Շուշիի ազատագրման օրերը, իրականացրած գործողությունները: Պատմաբան Գևորգ Մելքոնյանն էլ արցախյան հիմնախնդիրը կդիտարկի տարածաշրջանային զարգացումների համատեքստում:
Ինչպե՞ս է մայիսյան եռատոնը նշում Հայաստանի եզդիական համայնքը: «Սինջար» եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազին կներկայացնի սպասվող միջոցառումները, ինչպես նաև կանդրադառնա պատերազմի տարիներին եզդիական համայնքի մասնակցության, ներդրումներին, կորուստներին: Բանախոսը կանդրադառնա նաև Երևանի ավագանու ընտրություններին և համայնքի մասնակցությանն այդ գործընթացին։
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում