Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չկալովկայում զգացվում է նախակրթարանի կարիք քուրդ և հայ երեխաների համար

Չկալովկայում զգացվում է նախակրթարանի կարիք քուրդ և հայ երեխաների համար

ԳԱՎԱՌ, 25  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի  Չկալովկա գյուղում բնակվող քուրդ ազգային փոքրամասնության ընտանիքներում ավելի շատ երեխաներ են ծնվում, քան հայ ընտանիքներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Չկալովկայի գյուղապետ Վահրամ Կարապետյանը, Չկալովկայում բնակվող մոտ 100 ընտանիքներից 10-ը քրդեր են, որոնցում վերջին տարիներին ծնունդների նկատելի աճ է արձանագրվում: «Վերջերս Սաշա Ջելոյանի ընտանիքում ծնվեց հինգերորդ երեխան: Մնացած նորաստեղծ ընտանիքները եւս երեք-չորս երեխայից պակաս չեն ունենում: Իսկ մեր բնակչության ընդհանուր թվի մոտ 20 տոկոսը կազմում են քրդերը»,-հավաստեց համայնքի ղեկավարը՝ շեշտելով, որ քուրդ բնակչությունը ոչ միայն համերաշխ, այլ նաեւ չափազանց հարազատ ու մերված է հայ բնակչության հետ: Ավելին՝ համայնքից հեռանալու, արտագաղթելու, դժգոհելու որեւէ առիթ չունի:
«Քրդերը Չկալովկայում բնակության են տեղափոխվել անցած դարի 30-ական թվականներից՝ Սեւանի Գոմաձոր գյուղից այստեղ վերաբնակված հայ ընտանիքների հետ: Նրանց հիմնական զբաղմունքն եղել է անասնապահությունը, ինչը պահպանում են եւ այժմ: Ոմանք ներգրավված են նաեւ հանրային այլ աշխատանքներում: Նրանք իրենց համարում են մեր համայնքի լիիրավ անդամներ, անգամ խառն ամուսնությունների շնորհիվ վաղուց բարեկամական կապերի մեջ են իրենց համագյուղացի հայերի հետ, համերաշխ՝ բոլոր հարցերում: Նրանք վարժ խոսում են հայերեն, կրթվել են մեր գյուղի դպրոցում, բայց պահպանում են իրենց մայրենի լեզուն: Հաշտ եւ համերաշխ են նաեւ գյուղի հայ եւ քուրդ երեխաները»,-նշեց Վահրամ Կարապետյանը:
Համայնքի ղեկավարի կարծիքով՝ Չկալովկայում խիստ զգացվում է նախակրթարանի կարիք, եւ դրա բացման անհրաժեշտությունը շատ դեպքերում կապված է հայ եւ քուրդ երեխաների՝ ավելի վաղ տարիքում իրար հետ շփումներ ստեղծելու հնարավորության հետ:
«Մեր համայնքում մանկապարտեզ չի գործում, որի կազմակերպման հնարավորությունը չունենք: Փորձում ենք նախակրթարան ստեղծելու միջոցով ապահովել նախադպրոցական կրթությունը, որտեղ ակնկալում ենք պետության աջակցությունը: Կարծում եմ, նախակրթարանում մեր համայնքի հայ եւ քուրդ երեխաների շփումը ավելի վաղ տարիքում շատ ավելի ցանկալի արդյունք կտա, նրանք մինչեւ դպրոց հաճախելն արդեն շատ  ավելի մերված կլինեն միմյանց հետ»,-ամփոփեց Վահրամ Կարապետյանը:
Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am