Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Առևտրի ժամանակ և ավտոմեքենաներում պետք է լինել դիմակով. վարչապետը ներկայացրեց պարետատան որոշումները

Առևտրի ժամանակ և ավտոմեքենաներում պետք է լինել դիմակով. վարչապետը ներկայացրեց պարետատան որոշումները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարետատան մայիսի 24-ի նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու ցուցանիշների աճի պատճառները և վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ աշխատանքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նշեց, որ վարակի դեպքերի աճի հիմնական պատճառը 75-80 տոկոս դեպքերում արդյունաբերական և ծառայությունների ոլորտի ձեռնարկություններն էին, որոնք աստիճանաբար սկսեցին բացվել մայիսի 4-ից։

Փաշինյանը հավաստեց, որ դեպքերի նման զարգացումը կանխատեսելի էր, և պարետատան սահմանած անվտանգության կանոնները պահպանելու դեպքում վարակվելու դեպքերի նման աճ չէր լինի։

«Ընտրության հարց էր։ Հասկացանք, որ մենք տնտեսական առումով չենք կարող այլևս փակված մնալ»,- նշեց նա՝ հավելելով, որ փորձ է արվել գնալ այնպիսի ճանապարհով, որ տնտեսական և առողջապահական հարցերը հավասարակշռվեն։  Վարչապետը նկատեց, որ ՀՀ կառավարության այդ քաղաքականության արդյունքն է, որ Հայաստանում գրանցվել է ամենացածր գնաճերից մեկն աշխարհում և ազգային արժույթի փոխարժեքի ամենափոքր տատանումները։

Փաշինյանի տվյալներով՝  վարակվելու դեպքերի աճի ամենամեծ ցուցանիշներն արձանագրվել բանկերի այցելուների շրջանում, որոնք 9-րդ միջոցառման շրջանակում հասանելիք աջակցությունը ստանալու համար գնացել են բանկեր և ոչ բոլոր դեպքերում չեն պահպանել կանոնները։

Ըստ վարչապետի՝ որոշում է կայացվել, որ կանոնների կատարման առումով խստագույն հսկողություն կսահմանվի ձեռնարկությունների նկատմամբ, և պատժողական քաղաքականությունը կզուգակցվի բացատրական աշխատանքների հետ։

Նա առավելագույնս կարևորեց քաղաքացիների անհատական վարքագիծը։ «Մարդկանց գիտակցության հետ աշխատելը իմ ճանաչած ամենախորքային մեթոդն է»,- շեշտեց Փաշինյանը՝ ընդգծելով, թե կողմ է, որ կանոնները երկրորդ անգամ խախտած ձեռնարկությունները փակվեն ոչ թե մեկ օրով, այլ մեկ ամսով։

Ներկայացնելով դիմակը կրելու ուսումնասիրության արդյունքները՝ ՀՀ վարչապետը հավաստեց, որ դիմակի կրելու կարգապահությունը հնարավորություն կտա զրոյացնել վարակվելը՝ դիմակի որակը և դիմակ կրելու որակն ապահովելու դեպքում

Անդրադառնալով պաերատատան մայիսի 24-ի որոշումներին, վարչապետ Փաշինյանը տեղեկացրեց, թե դրանցից առաջինը վերաբերում է նրան,  որ, անկախ վայրից, առևտրի բոլոր մասնակիցները՝  և՛ գնորդը, և՛ վաճառողը պետք է դիմակով լինեն, և այդ կանոնը խախտելու դեպքում վարչական պատասխանատվությունը խիստ է լինելու։

Երկրորդ որոշումը վերաբերում է նրան, որ ավտոմեքենաների մեջ մեկից ավելի մարդու առկայության դեպքում բոլորը պետք է լինեն դիմակով։

Նա հորդորեց, որ մարդիկ, դիմակ չունենալու դեպքում, խոսակցություն վարեն մեկ ու կես մետր հեռավորության վրա գտնվելով։

«Մենք կկիրառենք խստագույն վարչական միջոցներ, բայց մեր խնդրանքն ու հավատն է, որ ՀՀ քաղաքացին, որ բազմիցս ապացուցել է իր բարձր գիտակցությունը, այս իրավիճակում ևս կցուցաբերի բարձր գիտակցություն»,- շեշտեց վարչապետ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ վերը նշված կանոնների պահպանմամբ հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am