Եվրոպայի այս առաջնությունում ուժեղ մրցակցություն էր. Համլետ Մանուկյան
ՌԻՄԻՆԻ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության երիտասարդական թիմի անդամ Համլետ Մանուկյանի կարծիքով երիտասարդների Եվրոպայի առաջնության նժույգ-թափերի վարժությունում մեդալների համար մրցակցությունը բարդ էր:
View this post on Instagram
«Փառք Աստծո, որ կարողացա լավ կատարել վարժությունս, որի համար շնորհակալ եմ բոլորին, ովքեր այս հաղթանակում իրենց օգնությունն է ցույց տվել: Շնորհակալ եմ մարզիչներիս, անձնական մարզիչ ընկեր Հայկին, ընկեր Հակոբին, ընկեր Սոսին, ընկեր Արտակին, ընտանիքիս: Եվրոպայի այս առաջնությունում ուժեղ մրցակցություն էր և բոլոր մասնակիցները հավակնություններ ունեին թե հաղթելու, թե մեդալներ նվաճելու»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Ռիմինիում լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի նորընծա երիտասարդ չեմպիոնը:
Մանուկյանի խոսքով` մրցաշարից առաջ ուսի վնասվածք է ունեցել և այժմ էլ ցավերն առկա են:
«Ինձ համար նժույգ-թափերում օրինակ է Հարություն Մերդինյանը, քանի որ նույն դահլիճում ենք մարզվում և տեսնում եմ, թե այդ տարիքում նա ինչպես է պայքարում, մրցում և մրցաշարերում լավ ելույթ ունենում»,-առանձնացրեց նա:
Իտալական Ռիմինի քաղաքում ընթացող մարմնամարզության երիտասարդների առաջնության առանձին գործիքներից նժույգ-թափերի եզրափակիչում Համլետ Մանուկյանը հավաքելով 14.500 միավոր դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Հայաստանի ընտրանու անդամ Մամիկոն Խաչատրյանը 14.266 միավորով արժանացավ բրոնզե մեդալի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում