Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Թուրքիայի իշխանամերձ շրջանակներն ԱՄՆ-ի նորընտիր նախագահին թշնամի են համարում

Թուրքիայի իշխանամերձ շրջանակներն ԱՄՆ-ի նորընտիր նախագահին թշնամի են 
համարում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» թերթի գլխավոր խմբագիր Իբրահիմ Քարագյուլը Twitter-ի իր էջում մեկնաբանել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքը և մասնավորապես նախագահի թեկնածուներից Ջո Բայդենի հաղթանակը։ Քարագյուլը հիշեցրել է Բայդենի հետևյալ խոսքերը` «Մենք կաջակցենք ընդդիմությանը և կտապալենք Էրդողանին» և այդ համատեքստում Բայդենին որակել է որպես «Թուրքիայի թշնամի»։ Նա նաև ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ թուրքական ընդդիմության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն արդեն իսկ շտապել է շնորհավորել Բայդենին։

Հիշեցնենք, որ Բայդենն Էրդողանի մասին այդ հայտարարությունն արել էր դեռևս 2019թ. դեկտեմբերին, ինչին թուրքական կողմը ամենատարբեր մակարդակով արձագանքեց ավելի քան 8 ամիս անց՝ 2020թ. օգոստոսին։ Բայդենի խոսքերի հանդեպ եղավ մոտ երկու տասնյակ խիստ արձագանք Թուրքիայից, Բայդենը մեծապես քննադատվեց իր այդ խոսքերի համար։ Սրանով թուրքական կողմն ուղերձ էր հղում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ փորձելով ցույց տալ, որ ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններում իր համար նախընտրելի թեկնածուն Թրամփն է։

Ի դեպ, Թուրքիայի նախկին արտգործնախարար ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուն տարօրինակ է համարել Էրդողանի այս ընտրությունը՝ հիշեցնելով, որ հենց Դոնալդ Թրամփն է Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ, իսկ Գոլանի բարձունքները ճանաչեց Իսրայելի տարածք (սրանք Էրդողանի համար գոնե արտաքնապես բավական զգայուն թեմաներ են)։ Քարագյուլն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի ներքին խնդիրներին՝ հայտարարելով, որ «Բայդենի հաղթանակը ներսից ավելի կարագացնի ԱՄՆ-ի փլուզումը, և որ այնտեղ խաղը դեռ նոր է սկսվում»։ Քարագյուլն ԱՄՆ-ը որակել է որպես «նոր հիվանդ մարդ»։

Հիշեցնենք, որ Եվրոպայում երկար ժամանակ «հիվանդ մարդ» անվանում էին հենց թույլ տնտեսություն ունեցող Օսմանյան կայսրությանը (այդ արտահայտությունը շրջանառության մեջ դրել է ռուսական կայսր Նիկոլայ 1-ինը 1853թ. հունվարի 9-ին, ապա լրացրել է ամերիկյան The New York Times թերթը 1860թ. մայիսի 12-ին)։ Ի դեպ, վերջին տարիներին Էրդողանը սկսել է հայտարարել, որ «հենց Եվրոպան է այժմ դարձել հիվանդ մարդ, մինչդեռ Թուրքիան բավական հզորացել է»։ Քարագյուլի խոսքերով՝ «ապագայում Թուրքիայի, մուսուլմանական աշխարհի, Աֆրիկայի հզորությունը գնալով կաճի, մինչդեռ ԱՄՆ-ի հզորությունը գնալով կնվազի»։ Նա ակնարկել է, որ «հենց ԱՄՆ-ն է կանգնած եղել 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման փորձի հետևում»՝ ընդգծելով, որ «իր երկիրն այլևս երբեք չի կորցնի ևս մեկ հարյուրամյակ»։

Սրանով Քարագյուլը կրկնում է «Նոր Թուրքիայի» ջատագով Էրդողանին, ով դեռ 1993թ. հայտարարել էր, թե Թուրքիայի Հանրապետության («Հին Թուրքիայի») գոյության 70-ամյա ժամանակաշրջանը (1923-1993թթ) դատարկ տեղը ծախսված ժամանակաշրջան է։ Ի դեպ, Էրդողանն այդ ժամանակ Թուրքիայի նախագահը չէր և ոչ էլ վարչապետը և անգամ Ստամբուլի քաղաքապետը չէր։ 1993թ. Էրդողանն իսլամիստական Refah («Բարօրություն») կուսակցության Ստամբուլի մասնաճյուղի ղեկավարն էր և կուսակցության կենտրոնական վարչական կոմիտեի (MKYK) անդամը։

Հովհաննես Բադալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am