Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

Իշխանությունը մեղավոր է նրանում, որ 2.5 տարում չի կարողացել բեկել ուժերի հարաբերակցությունը. Վահագն Ալեքսանյան

Իշխանությունը մեղավոր է նրանում, որ 2.5 տարում չի կարողացել բեկել ուժերի 
հարաբերակցությունը. Վահագն Ալեքսանյան

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Վահագն Ալեքսանյանն Արցախի պատերազմում պարտության, տարածքների մի մասի կորստի հիմնական մեղավոր է համարում նախկինում պետությունը թալանածներին, իսկ ներկայիս իշխանությանը մեղավոր է համարում նրանում, որ 2.5 տարում չի կարողացել բեկել ուժերի հարաբերակցությունը՝ հակառակորդի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեքսանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով գործող իշխանությանը դավաճանության մեջ մեղադրողներին:

«Մեղադրողների մեծ մասը տարիներ շարունակ աչքի է ընկել պետության թալանով, բանակի թալանով: Այդ մարդկանց լկտիությունը հասել է այն աստիճանի, որ ծաղրում են ՀՀ վարչապետին՝ զինվորներին թարմ միրգ տալու համար, ասում են՝ ելակով է բանակ պահում: Եփած ցորենով երևի պիտի պահե՞ր»,-ասաց Ալեքսանյանը:

Նա նշեց նաև, թե 2018-ին ԱԺ-ում վարչապետ ընտրվելու ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե բանակցային գործընթացը փաստացի գտնվում է փակուղում: «Ի՞նչ պետք է դրանից հետո տեղի ունենար, եթե ոչ պատերազմ, եթե նա փաստացի կտակել էր փակուղում գտնվող գործընթաց»,-ասաց Ալեքսանյանը:

Անդրադառնալով հարցին, թե ի վերջո Արցախի մի մասը կորցնելու, զոհեր ունենալու համար մեղավորը ո՞վ է՝ նա ասաց. «Բնականաբար, հիմնական մեղքի բաժինն այն մարդկանցն է, ովքեր 25 տարի շարունակ առանց խղճի խայթի թալանել են: Ներկայի իշխանությունը մեղավոր է նրանում, որ 2.5 տարում չի կարողացել բեկել ուժերի այն հարաբերակցությունը, որը ձևավորվել էր նախկին ապիկար իշխանությունների շնորհիվ»:

2020-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների աջակցությամբ պատերազմ էր սկսել Արցախի դեմ: 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով զինադադար է հաստատվել Լեռնային Ղարաբաղում: 2021թ. հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ երեք երկրների ղեկավարները հաստատել են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման պատրաստակամությունը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]