Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Պետական սիմֆոնիկ նվագախմբի օպերային գալա-համերգում հնչել են հատվածներ և արիաներ հայտնի օպերաներից

Պետական սիմֆոնիկ նվագախմբի օպերային գալա-համերգում հնչել են հատվածներ և 
արիաներ հայտնի օպերաներից

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ապրիլի 15-ի օպերային գալա-համերգի ընթացքում ներկայացվել են սիմֆոնիկ հատվածներ, արիաներ Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչինիի, Ֆրանչեսկո Չիլեայի, Ռուջերո Լեոնկավալոյի, Գաետանո Դոնիձետիի հայտնի օպերաներից։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, վերջինիս հետ հանդես են եկել տենոր Հովհաննես Այվազյանը‚ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը‚ տենոր Լիպարիտ Ավետիսյանը‚ սոպրանո Անահիտ Մխիթարյանը‚ մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը‚ բարիտոն Կիմ Սարգսյանը‚ մեցցո-սոպրանո Բելլա Ամարյանը։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։

«Ամբողջ երեկոյի ընթացքում դահլիճում տիրում էր երաժշտության նկատմամբ խորը և իրական հետաքրքրության մթնոլորտ։ Երաժշտասերները ջերմորեն ընդունեցին Օթելլոյի արիան Ջուզեպպե Վերդիի «Օթելլո» օպերայից‚ Մանտուան դուքսի արիան Վերդիի «Ռիգոլետտո» օպերայից‚ Մադամ Բաթերֆլայի արիան Ջակոմո Պուչչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայից‚ Լեոնորայի արիան Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայից և այլն‚ որոնք երաժիշտների կողմից ներկայացվում էին մեծ ոգեշնչմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը երեկոյի ընթացքում կապարել է արքայադուստր դե Բույոնի արիան Ֆրանչեսկո Չիլեայի «Ադրիանա Լեկուվրոր» oպերայից։ Երգչուհու խոսքով՝ այն իր ամենասիրած ստեղծագործություններից է‚ և այդ արիան ընտրել են մաեստրո Ջանլուկա Մարչիանոյի հետ միասին. «Այս դերերգը շուտով կատարելու եմ նաև Իտալիայում‚ և այսօր լավ առիթ էր‚ որպեսզի իմ սիրած դերերգից գլխավոր արիան ներկայացնեմ հենց մաեստրո Մարչիանոյի հետ Երևանում»։ Սոֆիա Թումանյանը‚ խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին‚ նշում է‚ որ բազմիցս է հանդես եկել նվագախմբի հետ‚ և միշտ հաճույքով է ընդունում միասին ելույթ ունենալու հրավերները։

Տենոր Հովհաննես Այվազյանն էլ‚ որը ներկայացրել է Օթելլոյի արիան‚ ասում է‚ որ համավարակի հետևանքով ստեղծված համերգային դադարը նպաստեց‚ որպեսզի կարողանա պատրաստել Օթելլոյի դերը. «Համավարակի առաջին օրերին կարծում էինք‚ թե այն շուտ կավարտվի‚ սակայն հետագայում որոշեցինք ճիշտ օգտագործել ժամանակը և անել այն‚ ինչ մինչ այդ ժամանակի սղության պատճառով հնարավոր չէր լինում»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am