Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Էկոտուրիզմ, հատուկ երթուղիներ, բնության հետ ծանոթացում. Խոսրովի անտառում նոր ծրագիր մեկնարկեց 

Էկոտուրիզմ, հատուկ երթուղիներ, բնության հետ ծանոթացում. Խոսրովի անտառում նոր 
ծրագիր մեկնարկեց 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների պատշաճ պահպանության, կենսաբազմազանության կայուն զարգացման ապահովման, արգելավայրի գիտական պոտենցիալի իրացման, ինչպես նաև Հայաստանն էկոզբոսաշրջային երկիր դարձնելու ու բնությունն աշխարհին ներկայացնելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը մեկնարկեց «Խորովի անտառ» պետական արգելոցում էկոզբոսաշրջային բաղադրիչի ներդրման նոր ծրագիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս ծրագիրն իր մեջ ներառում է զբոսաշրջային հատուկ երթուղիներ, արգելավայրի մուտքի հայտավորում և հստակ սահմանափակումների ամրագրում, էկոզբոսաշրջության մատուցվող ծառայությունների փաթեթային առաջարկներ, էկոկրթական բաղադրիչի զարգացման նպատակով դասընթացների կազմակերպում, վճարում հատուկ տերմինալի միջոցով և այլն։

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը լրագրողներին ներկայացրեց, թե ինչպես պետք է զբոսաշրջիկը կիրառի վճարումների էլեկտրոնային համակարգը վճարային տերմինալի միջոցով, ինչ քայլեր կատարի, որպեսզի «Խոսրովի անտառ» մուտք գործելու տոմս ձեռք բերի։ «Անհրաժեշտ է տերմինալի վրա սեղմել ՇՄ նախարարության պատուհանը, այնտեղ հայտնված «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատուհանի վրա սեղմելուց հետո զբոսաշրջիկին են ներկայացվում 8 երթուղիներ, որոնք պետք է ընտրել, այնուհետև լրացնել անձնական տվյալները՝ սոցիալական քարտի համար, անուն, ազգանուն և կատարել վճարումը։ Տուրօպերատորները այս երթուղիներով զբոսաշրջիկներին տանելու համար, նախօրոք պետք է մուտքի հայտավորում իրականացնեն, որտեղ կան հստակ սահմանափակումներ»։- Ասաց նախարարի պաշտոնակատարը:

… Վճարումն իրականացնելուց հետո ուղղվում ենք դեպի արգելոցի Գառնու տեղամասի Այցելուների կենտրոն:

Տեղի ունեցավ այդ կենտրոնի ցուցանակի բացման հանդիսավոր արարողությունը։

«Այս ուղղությամբ աշխատել ենք ամիսներ շարունակ, իհարկե, այս ամենը կատարվել է CNF-ի, GIZ-ի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ։ Խոսրովի անտառում ունենք պատմաճարտարապետական կոթողներ, ինչպիսիք են՝ Հավուց թառը, Կաքավաբերդը, Աստղիկի ու Վահագնի ջրվեժները։ Ծրագիրը ենթադրում է քայլարշավներ՝ վերահսկողական ծրագրերի գործիքակազմերի առավելագույն կիրառմամբ՝ մասնագիտացված և հատուկ կուրսեր անցած էկոտուրիզմի տեսուչների հետ։ Վճարումներն իրականացվելու են ոչ միայն տերմինալների, այլև մեր կայքի միջոցով, ինչի շնորհիվ ոլորտում կիրականացվի խիստ վերահսկողություն, կբացառվի ստվերային շրջանառությունն ու կոռուպցիոն դրսևորումները:- Այցելուների կենտրոնում ասաց ՇՄ նախարարի պաշտոնակատար Ռ. Պետրոսյանը։- Այստեղ բերող ճանապարհը բարեկարգվելու է, իրականացվելու է 690 մ երկարությամբ ասֆալտապատում, հայտարարվել է մրցույթ և ընտրվել է կապալառուն։ Ցուցանակի հարևանությամբ լինելու է նաև 2 ավտոկայանատեղի»։

Նա ընդգծեց, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի մուտքից սկսած զբոսաշրջիկներին ու զբոսավարներին ուղեկցելու են էկոտեսուչները։ Խմբերը բաղկացած են լինելու 10-12 հոգուց։  

Ճեպազրույցից հետո լրագրողների համար կազմակերպվեց մեդիատուր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի երթուղիներից մեկով՝ Գառնի տեղամասից դեպի Հավուց թառ վանական համալիր։ Արշավն իրականացվեց Ազատ գետի և համանուն կիրճի ձախակողմյան հատվածում։ Ճանապարհը հարուստ է բուսական աշխարհով՝ գիհիներով, մասրենիներով, իշակաթնուկով և այլն։ Քայլեցինք 2,5 կես ժամ, անցանք՝ 5 կմ ճանապարհ։ Հավուց թառ հնարավոր է հասնել նաև Գեղարդի սարահարթից, սակայն այդ ճանապարհն ավելի երկար է։ Վանական համալիր հասնելով՝ տեսանք գեղեցիկ և հետաքրիր զարդաքանդակներ, խաչքարեր։

Մարդկային գործոնի ազդեցությունը արգելոցի տարածքում նվազագույնի հասցնելու նպատակով կկիրառվի այցելուների թվի սահմանափակում՝ Շրջակա միջավայրի նախարարության խիստ վերահսկողության ներքո։

Լիլիթ Դեմուրյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]