Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Եվայի երազն» ամենապահանջվածն է. մանկական, հունիս, 2021

«Երևանյան բեսթսելեր». «Եվայի երազն» ամենապահանջվածն է. մանկական, հունիս, 
2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է Արիս Ռաֆֆիչի «Եվայի երազը» հեքիաթ-վիպակը: «Եվայի երազը» իրականության ու հեքիաթի յուրօրինակ զուգորդում է՝ ուղղված թե՛ փոքրերին, թե՛ մեծերին: Այն հետաքրքիր պատմություն է փոքրիկ աղջկա մասին, որը, հայտնվելով զարմանալի մի աշխարհում, իր կյանքի վերաբերյալ նոր ու կարևոր բացահայտումներ է անում՝ սովորելով խիզախել, ներել ու սիրել:

Երկրորդ հորիզոնականում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործությամբ որքա՜ն սերունդներ են իմաստություն ձեռք բերել:

Երրորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ այլ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:

Չորրորդ հորիզոնականում «Երեք խոզուկները» մանկական հեքիաթն է: Գիրքը փոքրիկներին հնարավորություն է տալիս ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:

Հինգերորդ տեղում է «Գայլն ու յոթ ուլիկները» գիրքը: Գրիմ Եղբայրների այս հեքիաթը հրատարակվել է 1812-1815 թվականների հեքիաթների շարքում: Սյուժեն շատ հայտնի է ու պարզ, այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի:

«Շունն ու կատուն» գիրքը վեցերորդ հորիզոնականում է: Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Հովհաննես Թումանյանի այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:

Յոթերորդ հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն հյուսում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն ութերորդն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները: 

Իններորդ հորիզոնականում է  Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը տասներորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների և փազլի միջոցով:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան-Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Արիս Ռաֆֆիչ

«Եվայի երազը»

Անտարես 100
2 * «Շաղգամը» Բուկինիստ 74
3 -1 «Բոքոնիկը» Բուկինիստ 64
4 +3 «Երեք խոզուկները» GSM 61
5 0 «Գայլն ու յոթ ուլիկները» Բուկինիստ 56
6 -3 «Շունն ու կատուն» Բուկինիստ 56
7 -6 «Ով է ապրում տնակում» Բուկինիստ 53
8 *

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Բուկինիստ 51
9 -1

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»

Զանգակ 47
10 -4

Հովհաննես Թումանյան

«Փիսիկի գանգատը»

Բուկինիստ 44

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am