Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

Հավակնո՞տ նպատակ է…«Renommée»-ն դառնալու է աշխարհի նմանատիպ ռեստորաններից լավագույնը. Դավիթ Երեմյան

Հավակնո՞տ նպատակ է…«Renommée»-ն դառնալու է աշխարհի նմանատիպ 
ռեստորաններից լավագույնը. Դավիթ Երեմյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարող է իր ուրույն տեղն ունենալ համաշխարհային գաստրոքարտեզում և աշխարհի լավագույն ռեստորանների ցանկում։  Այս համարձակ նպատակին ուղղված առաջին քայլն արդեն անում է ռեստորանային ոլորտի առաջատար «Երեմյան Փրոջեքթս»-ը։ Հոկտեմբերի  17-ին Երևանում՝  Բուզանդի 91 հասցեում, կբացվի հեղինակային խոհանոց ներկայացնող,  Հայաստանում նախադեպը չունեցող Renommée ռեստորանը։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը պատմում է Հայաստանում հեղինակային խոհանոցով առաջին և եզակի ռեստորանի, դրա կոնցեպտի և ստեղծման գաղափարի մասին։

Ինչո՞ւ  …«Renommée»-ն

«Renommée»-ի գաղափարն ունեինք դեռևս 2019 թվականից։ Հիշում եք, այդ տարի մեր երկրում զբոսաշրջային եռուզեռ էր, շատերը գալիս էին այստեղ հենց նոր համեր փորձելու, համտեսելու այն ուտեստները, որոնց մասին լսել ու կարդացել էին։ Գաստրոտուրիզմն, իրոք դարձել էր Հայաստանի այցեքարտերից մեկը։ Ժամանակն էր մտածել նոր կոնցեպտի մասին. կոնցեպտ, որին կարող ենք հանդիպել միայն խոհարարական հարուստ փորձով, առաջատար ռեստորանային ոլորտով երկրներում, որտեղ գաստրոմշակույթի զարգացումն այն գագաթնակետին է հասել, որ խոհարարարների ստեղծարար գործունեությունն ազատ արտահայտում է ստանում, նրանք կարողանում են իրենց դրսևորել հեղինակային ուտեստներ արարելով և ներկայացնելով:

Եվ այո´,  ինչո՞ւ Հայաստանում էլ չունենանք

Իսկ եթե ոչ մենք, ապա ո՞վ։ Ունենք խոհարարական հարուստ պատմություն, երկար տարիների փորձ, տաղանդ ու գիտելիքներ, միջազգային ասպարեզում իրենց լավագույնս դրսևորած, հմուտ, պրոֆեսիոնալ ու ստեղծագործ խոհարարական թիմ… Եվ մի բան էլ, արդեն պահն էր հասունացել զուտ կոնցեպտուալ ռեստորան ունենալու շրջանակից դուրս գալու, և անհրաժեշտություն՝ ներկայացնելու մեր խոհարարների անհատական մտքի թռիչքը: Ինչո՞ւ Հայաստանում չլինենք առաջինը։

Համարձակ, ոգևորող  ու  մարտահրավերային այս գաղափարով վարակվեց մեր ամբողջ թիմը: Եվ չնայած նախորդ տարվա բոլոր դժվարություններին, մենք կրկին ուժ գտանք աշխատելու այս նախագծի զարգացման ուղղությամբ: Հիմա մեծ հպարտությամբ ու պատվով ասում եմ՝ «Երեմյան Փրոջեքթսի» թիմն իրեն արդարացրեց և դեռ ավելին: Նոր գաղափարը, մոտեցումները, մատուցումը, ամեն բան պարզապես գերազանցեց մեր սպասումներն ու ակնկալիքները. մենք այս անգամ գերազանցեցինք ինքներս մեզ:

Ես այսպիսի կոնցեպտով ռեստորանների հանդիպել եմ տարբեր երկրներում։ Եվ այսօր հպարտորեն կարող եմ ասել, որ մեր խոհարարական թիմը՝ հանձինս մեր շեֆ խոհարար Կարեն Խաչատրյանի, իր տաղանդով ու վառ երևակայությամբ ոչնչով չի զիջում, եթե իհարկե, չի գերազանցում այդ ռեստորանների խոհարարներին: Կարենը տարիներ շարունակ տարբեր երկրներում Միշլենյան աստղ ունեցող ռեստորաններում է աշխատել, միջազգային տարբեր խոհարարական մրցույթների հաղթող է, իր հեղինակային ուտեստներն այսօր զարդարում են այդ ռեստորանների ճաշացանկերը։ Այսօր էլ իր խոհարարական արվեստի գլուխգործոցներն են «Renommée»-ում։ Ինքս համերի սիրահար ու մեծ քննադատ եմ, բայց մեր թիմը, իսկապես, կարողացավ զարմացնել ինձ: Սա ինձ համար հավելյալ մոտիվացիա էր նախագիծն անպայմանորեն կյանքի կոչելու համար:

«Renommée» միմիայն համերի ներդաշնակության ու բազմազանության մասին է

Մեծամի՞տ է հնչում, գուցե շատ հավակնո՞տ նպատակ է... բայց Renommée»-ն աշխարհի նմանատիպ ռեստորանների շարքում դառնալու է լավագույնը։ Ես համարձակվում եմ սա պնդել, որովհետև դրա համար մենք ունենք բոլոր նախադրյալներն ու ապահովել ենք պահանջված բոլոր չափանիշները՝ ռեստորանի վայրը, միջավայրը, մթնոլորտը, երաժշտությունը, սպասարկումը, և իհարկե,  անկրկնելի ու յուրահատուկ խոհանոցը:

Դուք գուցե չեք էլ պատկերացնում, թե համային ինչպիսի համադրություններ, ինչպիսի ուտեստներ ու աղանդեր կարելի է ստանալ՝ միախառնելով առաջին հայացքից անհամադրելի թվացող մթերքները:

Renommée»-ն վայր է, որտեղ միանում են բոլոր զգայարանները, «Ռենոմեն» վայր է, որը տրամադրում է կենտրոնանալու միայն համի վրա, վայր, որտեղ դուք վայելելու եք տաղանդը, որտեղ տեսնելու և զգալու եք, թե ինչ բարձունքների են հասել մեր խոհարարները, թե ինչեր են կարողանում ստեղծել ու արարել: Այստեղ, դժվար թե, կարողանաք գալ  ճոխ խնջույքներ ու մեծ շուքով տոներ կազմակերպելու, այստեղ գալու եք նուրբ համերի ու գերող  բույրերի հետքերով։

Եթե կարողանում ենք այս ամենը ստանալ, ապա ինչու չներկայացնենք մեր բնակիչներին, հյուրերին և աշխարհին ու չապացուցենք, որ Հայաստանը կարող է իր տեղն ունենալ գաստրոնոմիայի այդ յուրահատուկ քարտեզում։

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]