Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-35/21. Կռոյան, Սյոնմեզ, Աջամյան, Պետրոսյան

«Նոր գիրք»-35/21.  Կռոյան, Սյոնմեզ, Աջամյան, Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

 

Հայ հեղինակ
Նարինե Կռոյան, «Բելլա Բելլադոննա»

Վանաձորում անկողնային մորն է խնամում 48-ամյա Բելլան։ Նախկին գրադարանավարն արդեն երեք տարի չի աշխատում. մոր երկարամյա հիվանդությունն ու գործազուրկ լինելու անպատվաբեր կարգավիճակն ստիպում են ապրել թոշակառուի հաշվին։ Բելլայի օրերն անգթորեն կրկնվում են. առավոտյան՝ մոր խնամք, հետո՝ խանութ, ապա՝ խոհանոց, երեկոյան՝ սերիալներ։

«... սկզբում փորձում էր կյանքից պոկել իր բաժինը, երբեմն նույնիսկ կռվում էր այդ պատառի համար։ Սակայն ամեն անգամ, կարծես, փետուր էր կորցնում իր թեւերից, որոնց գոյությանը դեռ հավատում էր։ Երբ մայրն անկողին ընկավ, կյանքն ավարտվեց, սկսվեց մահը։ Դանդաղ մահը: Այն փետուրներ չէր պոկում: Մահը խլում էր ամեն ինչ...»։

Բելլային մխիթարում էին իր «Բելլադոննա» ծաղիկները։ Դրանք գեղեցիկ էին ու թունավոր։ Նա դրանք աճեցնում էր՝ ինքն էլ չհասկանալով, թե ինչու...

Եվ ահա մի օր բազմաբնակարան շենքում է հայտնվում առույգ ու կայտառ մի աղջիկ։ Այդ երեսառած երեխան գլխիվայր է շրջում Բելլայի հաստատուն առօրյան, ստիպում ապրել, նայել շուրջբոլորը, հարցեր տալ նաեւ Գուգլին, ջազ լսել ու թեկուզ պատահաբար՝ բացահայտել անցյալի ամենացավոտ ճշմարտությունը։ Ճշմարտություն, որը տակնուվրա է անում Բելլայի հոգին։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

 

ՍԹարգմանական գրականություն
Բուրհան Սյոնմեզ, «Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ»

 

Վեպը 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո Ստամբուլում մի բանտախցում բանտարկվածների ու նրանց պատմությունների մասին է: Ժամանակը անցկացնելու համար նրանք միմյանց պատմություններ են պատմում՝ իրական և երևակայական:

Տասը գլխից բաղկացած վեպը Դեկամերոնի սկզբունքով է կազմված, որտեղ տասը պատմությունից յուրաքանչյուրը պատմում է բանտարկյալներից մեկը: Պատմություններ հորինելն ու պատմելը դառնում է վրա հասած դժվարությունները հաղթահարելու միակ ճանապարհը:

Վեպի հիմքում ընկած է երկու քաղաքների՝ երկու Ստամբուլների, երկու իրականությունների հակադրությունը գետնի երեսին և գետնի տակ՝ բանտում, ընդ որում վերջինս բանտարկյալների պատմությունների միջոցով ժամանակավորապես ավելի ապահով վայր է դառնում: Վերնագիրը ինքնին ցույց է տալիս այդ երկու քաղաքների հայելային տարբերությունը, որոնք չնայած որքան էլ հակադիր են միմյանց, պատմության մի կետում հավասարվում են:

Թարգմանությունը թուրքերենից՝ Արփի Աթաբեկյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

 

Մանկապատանեկան գրականություն
Հասմիկ Աջամյան, «Արևային անձրև»

Այս գունեղ, նկարազարդ գրքույկը ներկայացնում է Հասմիկ Աջամյանի «Արևային անձրև» մանկական բանաստեղծությունների ժողովածուն։ Հեղինակն աշխարհին նայում է մանկան աչքերով, և շրջակայքն ու սովորական թվացող երևույթները դառնում են վառ ու հրաշալի։ Մանկական բանաստեղծությունները գրված են մանկան սիրո ու հավատի ներշնչանքով, լի են մանկական միամտությամբ և փոխադարձ սիրո սպասումով։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

 

 

Փաստավավերագրական գրականություն
Վարդան Պետրոսյան, «Սկիզբ»

 

Գրքում անազատության մասին երկու զուգահեռ պատումներում ներկայացվում են Վարդան Պետրոսյանի կալանավորման, բանտարկության, դատավարության, նաև հաջորդող համաճարակային շրջանում ինքնամեկուսացման մեջ՝ Ֆրանսիայում, անցկացված օրերը։ Հումոր, թախիծ, փիլիսոփայություն, դառը իրականություն․․․ջերմ, լուսավոր սեր։ Այսպես է հեղինակը ներկայացնում իր կալանքի պատմությունը և համադրում այն աշխարհում համավարակի մեկուսացման օրերի հետ։ Եվ եթե կալանքը շրջադարձային եղավ հեղինակի կյանքում, հանդիսանալով, նոր հոգևոր կյանքի սկիզբ, արդյո՞ք նույնը կլինի նաև մարդկության հետ հիվանդության ինքնամեկուսացումից հետո․․․ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

 

 

 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am