Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը եզրափակվեց «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացմամբ

Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը եզրափակվեց «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացմամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը հատեց եզրագիծը ռեժիսոր Կարո Բալյանի «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացմամբ: Այն հանդիսատեսի դատին հանձնեց Թաթարական պետական դրամատիկական թատրոնը նոյեմբերի 20-ին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին փառատոնի բոլոր մասնակիցներին հանձնվեցին դիպլոմներ: Փակման հանդիսավոր արարողության ժամանակ ամփոփվեց նաև «FestOFF» ծրագիրը, որը նախատեսված էր ուսանողների և անկախ թատերախմբերի համար, որոնք Հայաստանից և արտերկրից են: Հաղթող ճանաչվեց Մարիամ Հարությունյանը՝ «Շեքսպիրյան Տրիլոգիա» բեմադրությամբ։

Այս բեմադրությունն անգլիացի դրամատուրգի ստեղծագործությունների վառ հերոսուհիների՝ Ջուլիետի, Դեզդեմոնայի, Լեդի Մակբեթի սիրո և դրանց խոցելի կողմերի մասին է: Հաղթողին Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը նվիրեց շեքսպիրյան թեմատիկայով նոր ներկայացման ամբողջական ֆինանսավորում:

Ծրագրի ժյուրիի նախագահը դրամատուրգ Կարինե Խոդիկյանն էր, ժյուրիի անդամները՝ թատերագետներ Տիգրան Մարտիրոսյանը, Հասմիկ Սեյմորը, Գայանե Թադևոսյանը, դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը: 

Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը մեկնարկել էր նոյեմբերի 15-ին՝ Կիևի ազգային ակադեմիական երիտասարդական թատրոնի «Ամառային գիշերվա երազը» ներկայացմամբ։

Փառատոնը հյուրընկալեց 7 երկրից ժամանած ավելի քան 100 մասնակցի և հյուրի, որոնց թվում՝ հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոնների տնօրենների՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իրանից, Ուկրաինայից, ՌԴ-ից։ Երևանյան տարբեր բեմահարթակներում ցուցադրվեց շուրջ 15 ներկայացում:

 Շեքսպիրյան միջազգային 15-րդ թատերական փառատոնի կայացման գործում ձեռք մեկնեցին անհատներ, այդ թվում՝ Հայկ Գրիգորյանը, Տիգրան Հարությունյանը եւ այլք: Փառատոնի հեդլայներներն էին «Թատրոն Կամրջի մոտ» («Театр у моста»)՝ «Մակբեթ» (ՌԴ, բեմադրիչ՝ Սերգեյ Ֆեդոտով) և Ռոդոփի դրամատիկական թատրոնի «12-րդ գիշեր» (Բուլղարիա) ներկայացումները։

 Փառատոնի օրերին անցկացվեցին վարպետաց դասեր, որոնք վարեցին ՌԴ վաստակավոր արտիստ, Չեխիայի ազգային մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» փառատոնի դափնեկիր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Սերգեյ Ֆեդոտովը, «Կնեբել» թատրոնի և «MiSHiNLaB» թատերական լաբորատորիայի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Միշինը (ՌԴ), դերասանուհի Աուրելիե Իմբերտը (Ֆրանսիա) եւ Նովոռոսիյսկի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Տեատրալնայա Գավան» փառատոնի ղեկավար Եվգենի Կուշպելը (ՌԴ)։

Երեւանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է: 2016-ից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։ Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am