Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մայիս

Յուրի Երզնկյանի 100-ամյակը նշվեց ռեժիսորին նվիրված գրքի շնորհանդեսով և ֆիլմի ցուցադրությամբ

Յուրի Երզնկյանի 100-ամյակը նշվեց ռեժիսորին նվիրված գրքի շնորհանդեսով և ֆիլմի 
ցուցադրությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  20-րդ դարի հայ կինոյի ամենանշանավոր գործիչներից մեկի՝ ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Յուրի Երզնկյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց հենց ռեժիսորի ծննդյան օրը՝ հունվարի 26-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում:

Միջոցառմանը, որին ներկայացվեց հեղինակին նվիրված «Յուրի Երզնկյան» գիրքը և ցուցադրվեց ռեժիսորի մասին պատմող ֆիլմ, ներկա էին նրա ընտանիքի անդամները, գործընկերները, կոմպոզիտորներ, կինոքննադատներ և Երզնկյանի ֆիլմարվեստի երկրպագուներ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երզնկյանի դուստրը՝ կինոքննադատ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անետա Երզնկյանը, որը երկլեզու՝ հայերեն և ռուսերեն «Յուրի Երզնկյան» գրքի կազմողն է, ասում է՝ գրքում զետեղվել են հոդվածներ, ռեժիսորի կյանքին և ստեղծագործությանը նվիրված հուշեր, գրախոսություններ և այն սցենարը, որը չի նկարահանվել:

«Հայրս հետաքրքիր անձնավորություն էր: Ուսանելով և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում՝ նա կինոյում ինքնուրույն ու ինքնատիպ քայլեր է արել, ֆիլմերին յուրահատուկ պատկերային լուծումներ է տվել և հիմնականում էկրանավորել է գրական գործեր՝ շատ կարևորելով դա»,-նշում է Անետա Երզնկյանն ու հավելում, որ, լինելով ականավոր քաղաքական գործիչ Արամայիս Երզնկյանի որդին՝ մարդու, որը ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1936 թվականին բանտարկվել էր, 14-ամյա Յուրին հայտնվել էր միայնության մեջ, բայց ուներ քույրեր, եղբայրներ: Չնայած դրան՝ Յուրի Երզնկյանը մեծացել է այնպիսի ականավոր մարդկանց միջավայրում, ինչպիսիք էին Չարենցը, Սարյանը, Թամանյանը և այլք, մարդիկ, որոնք հաճախ են հյուրընկալվել Երզնկյանների տանը:

Անետա Երզնկյանը խոստովանում է, որ Յուրի Երզնկյանը շատ ուշադիր հայր է եղել, շատ է ժամանակ հատկացրել իր զավակներին, բայց երբեք չի բռնացել, միշտ արտահայտել է իր կարծիքը, սակայն թույլ է տվել ինքնուրույն որոշում կայացնել:

«Նրա բոլոր Ֆիլմերն եմ սիրում, սակայն ինձ համար առանձնահատուկ է «Սգավոր ձյունը» կինոնկարը»,-շեշտում է Անետա Երզնկյանը:

Կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը կարծում է, որ Յուրի Երզնկյանի ֆիլմերը շատ մարդկային են, և դա նրա ֆիլմերի գլխավոր արժեքն է:

Մուրադյանի խոսքով՝ Երզնկյանի «Առաջին սիրո երգը» համազգային սեր է վայելել, քանի որ այն ստալինյան ժամանակների գաղափարական կինոյից հետո վերադարձ էր դեպի մարդը: «Մարդիկ կարոտել էին այդպիսի հայացքին: Պրոֆեսիոնալ իմաստով այն կինոն ևս բարձրակարգ էր, սակայն մարդը ոչինչ էր, իսկ կոլեկտիվը՝ ամեն ինչ, ռեժիմը ամեն ինչ էր, իսկ անհատը՝ ոչինչ: «Առաջին սիրո երգը» ֆիլմով հայ կինոն վերադարձավ դեպի մարդկային պատմություններ, այդ սերնդի բերած կենսափիլիսոփայություն: Այդ փիլիսոփայությամբ Յուրի Երզնկյանը շարունակեց իր հետագա ամբողջ ճանապարհը: Նա ունի մնայուն ֆիլմեր, որոնք հայ կինոյի պատմության կարևոր, արժեքավոր էջերից են և կարող են աշխատել նաև վաղը»,-ընդգծում է նա:

Անդրադառնալով Երզնկյան մարդուն՝ Մուրադյանն ասում է, որ նա վառ անհատականություն է եղել, գլուխը միշտ բարձր է քայլել, անգամ ցուրտ եղանակին վերարկուի կոճակներն արձակած է զբոսնել: «Նա հումորի մեծ զգացում ուներ. միջակությունը հումորից զուրկ է, տաղանդն է հումոր ճառագում: Յուրի Երզնկյանը կարող էր այնպես խոսել, շփվել, որ նրան շրջապատող մարդկանց երեսին ժպիտ առաջանար: Նա տաղանդավոր մարդ էր, արվեստագետ, որն ապրում  է նաև իր ֆիզիկական գոյությունից հետո»,-եզրափակում է Դավիթ Մուրադյանը:

 

 

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]