Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հենրիխ Մխիթարյանն ավարտում է մրցելույթները Հայաստանի ազգային հավաքականում

Հենրիխ Մխիթարյանն ավարտում է մրցելույթները Հայաստանի ազգային 
հավաքականում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտնել է հավաքականում իր ելույթներն ավարտելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մխիթարյանն այդ մասին հայտարարություն է տարածել:

«Հիշում եմ, երբ առաջին անգամ կրեցի ազգային հավաքականի մարզաշապիկը Պանամայի դեմ ընկերական խաղում և երբ խփեցի առաջին գոլս աշխարհի առաջնության որակավորման փուլի Էստոնիայի դեմ խաղում։ Անկախ դժվարությունից՝ ցանկացել եմ հաղթել կարիերայիս ամեն քայլափոխին։

Վերջին 15 տարիների ընթացքում մեծագույն պատվով եմ խաղացել իմ ազգային հավաքականում, իսկ վերջին 6 տարիների ընթացքում՝ առավել պատվով կրել նրա ավագի թևկապը:

95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, նվիրումից և իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում աննախադեպ վերելքներից և վայրէջքներից հետո որոշում եմ կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթներս:

Այս եզրահանգմանն եմ եկել նոյեմբերին Գերմանիայի դեմ կայացած իմ վերջին խաղից հետո։ Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է և, որ տվել եմ իմ հավաքականին ամենը՝ ինչ կարող էի:

Հետևաբար առաջիկա տարիներին ամբողջությամբ կենտրոնացած կլինեմ ակումբային մրցելույթներիս վրա:

Իմ ֆուտբոլային սկիզբը կերտվել է Հայաստանում՝ իմ հայրենիքում, և ես հավերժ երախտապարտ կլինեմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ, ովքեր մարզել ու կրթել են ինձ, ում հետ ես խաղացել եմ և վերջապես յուրաքանչյուրին, ով նպաստել է իմ՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարդ, կայացմանը։

Հաջողություններ իմ ազգային հավաքականին!

Ընդմիշտ ձեր՝ Հենո»,- ասված է՝ Մխիթարյանի հայտարարության մեջ:

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Նրա  դեբյուտը հավաքականում կայացել է 2007 թվականի հունվարին: Մխիթարյանը հանդես է եկել Եվրոպայի լավագույն լիգաներում: Նա եղել է «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» (2016-2018) ֆուտբոլիստ:  Նա 2017 թվականի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Եվրոպայի լիգայի եզրափակիչում գոլի է խփել՝ դրանով իսկ դառնալով եվրոպական խոշոր գավաթ նվաճած առաջին հայ ֆուտբոլիստը։ 2013-2016 թվականներին հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում և 2015-2016թթ․ մրցաշրջանում ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուգբոլիստ՝ 52 հանդիպումներում դառնալով 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև խաղացել է Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) և Դոնեցկի «Մետալուրգում» (2009–2010)։ «Փյունիկում» (1995-2006) խաղալուն զուգահեռ Մխիթարյանը հանդես է եկել նախ երկրի երիտասարդական հավաքականում, իսկ 17 տարեկանում՝ արդեն մեծահասակների հավաքականում որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Նա ՀՀ նախագահի կողմից ստացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար առաջին աստիճանի շքանշան և 10 անգամ ճանաչվել է Տարվա լավագույն հայ ֆուտբոլիստ։ Նա տիրապետում է 7 լեզվի (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն,  պորտուգալերեն և իտալերեն): Հենրիխն ավարտել է  Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Սանկտ Պետերբուրգի Արտաքին տնտեսական կապերի ինստիտուտի երևանյան մասնաճյուղը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am