Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Որն է «Հարրի Փոթեր» վիպաշարի հաջողության գրավականը. ներկայացնում է թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանը

Որն է «Հարրի Փոթեր» վիպաշարի հաջողության գրավականը. ներկայացնում է 
թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանը, որի շնորհիվ ընթերցողը հնարավորություն ունի հայերեն կարդալ «Հարրի Փոթեր» շարքի գրքերը, համաշխարհային գրականության բազմաթիվ կոթողներ, կարծում է՝ մեր օրերում մանկական գրականությունը մեծ պահանջարկ ունի: Նրա խոսքով՝ գրքերը թարգմանվում են բնագրից, գունեղ են, գեղեցիկ նկարազարդումներով և գրավում են ընթերցողներին: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ջիվանյանը պատմել է թարգմանչական արվեստի նրբությունների, «Հարրի Փոթեր» վիպաշարի առանձնահատկության, «Զանգակ» հրատարակչության լույս ընծայած մանկական հետաքրքիր գրքերի մասին:

-Տիկին Ջիվանյան, կան կարծիքներ, որ այսօր հասարակությունը բավարար հետաքրքրված չէ գրականությամբ, կան նաև հակառակ կարծիքներ, որ հատկապես վերջին տարիներին հրատարակչությունների ակտիվ աշխատանքի արդյունքում ընթերցողների քանակն աճել է:  Այս առումով ի՞նչ վիճակ է մանկական գրականության բնագավառում:

-Գրքերը, որոնք դուրս են գալիս տպարանից, խոսում են այն մասին, որ երբևիցե մեր երկրում չի եղել մանկական գրականության նման արտադրանք: Խոսքը ոչ միայն տեքստերի որակի, այլև գրքերի տեսքի՝ հագուկապի, շապիկների մասին է:  Շատ են հետաքրքիր գրքերը: Թե՛ թարգմանական մանկագրության, թե՛ տեղի հայալեզու և ոչ հայերեն գրող հայ հեղինակների հրատարակած գրքերի ծավալը շատ մեծ է:

Խորհրդային տարիներին մանկական գրականություն շատ կար, բայց այսօրվա հետ համեմատելիս խորհրդային գրքերը տուժում են: Եղել են լավ թարգմանություններ, միջնորդավորված թարգմանություններ: «Զանգակը» լույս է ընծայում գրքեր, որոնք թարգմանվում են նաև շվեդերենից, ինչը խորհրդային տարիներին բացառվում էր,  քանի որ առավել ընդունված էին միջնորդավորված թարգմանությունները, որոնք հիմնականում արվում էին ռուսերենից: Խորհրդային տարիներին և՛ մանկական, և՛ ոչ մանկական գրականության թարգմանությունները հսկվում էին, գրեթե չկար գիրք, որ թարգմանվեր հայերեն, եթե նախապես ռուսերեն չէր թարգմանվել: Այսօր այդ խնդիրը չկա:

-Իսկ ո՞ր ժանրի գրականությունն է առավել պահանջված: Երեխաները կամ նրանց ծնողները հեքիաթնե՞ր են նախընտրում, թե՞…

-Նախընտրում են ֆենթզի ժանրը: Հեքիաթներ ևս գնում են: Սա իրականում ինքնուրույն ձգտում չէ. աշխարհի միտումն է այդպիսին: Այսօրվա սոցիալ-քաղաքական համատեքստը, որը թվում է՝ քիչ կապ ունի մանկական գրականության հետ, թելադրում է հետաքրքրությունը դեպի ֆենթզի, որը փախուստ է իրականությունից: Որքան անհավանական են իրադարձությունները նկարագրվում, այնքան  հեռավոր աշխարհ են խոստանում, իսկ երեխային էլ հենց դա է  հետաքրքրում:

-Դուք շատ գրքեր եք թարգմանել, բայց Ձեզ հետ ծանոթանալու հնարավորություն ունեցա Հարրի Փոթերի հերթական հատորի շնորհանդեսին: Ըստ Ձեզ՝ ո՞րն է վիպաշարի հաջողության գրավականը: Թարգմանելիս ի՞նչ ապրումներ եք ունեցել: Զարմացե՞լ եք հեղինակի երևակայության դրսևորումներից:

-Արդեն հինգերորդ հատորն եմ թարգմանում, որում բազմաթիվ անդրադարձներ կան պատերազմի թեմային: Հեղինակը՝ Ջոան Ռոուլինգը, կենտավրոսի միջոցով հեգնանքով է խոսում մարդկային ցեղի մասին` ասելով, որ այն պետք է սովորի ապրել երկու պատերազմների արանքում ընկած կարճատև խաղաղության պայմաններում: Զարմանալի գիրք է իր բոլոր առնչություններով, իսկ Ռոուլինգի հաջողությունը բացատրվում է նրանով, որ  նա  պատանի ընթերցողին կարողացավ վերադարձնել  շնորհիվ իրադարձություններով հարուստ պատմություններ պատմելու իր բացառիկ ձիրքի, հմտություն, որի պակասը ժամանակակից հեղինակներն իսկապես ունեն:

-Հարրի Փոթերի գրքերին, ֆիլմերին ծանոթանալով՝ դժվարանում եմ որոշել մանկակա՞ն են, թե՞ մեծահասակների համար են նախատեսված:

-Գրքի ծավալն անգամ ասում է, որ միայն մանուկ ընթերցողը չէ, որ կարդալու է այն: Ցանկացած կայացած մանկական գիրք նաև հասուն ընթերցող ունի: Չմոռանանք, որ այսօր Հարրի Փոթերի մեծահասակ ընթերցողներն այն սերնդին են պատկանում, որի պատանեկության ժամանակ Հարրի Փոթերի գրքերը նոր լույս էին տեսնում: Ճաշակները տարբեր են լինում, գրական քիմքը՝ դժվարահաճ:  

-Ասում են՝ գիրքը լիարժեք ընկալելու համար պետք է բնագրով կարդալ:

-Բնագրային թարգմանությունը շատ կարևոր և գերադասելի է: Նախապատվությունը պետք է տալ բնագրային թարգմանությանը, սակայն մի բան է տեսությունը, այլ բան է իրականությունը: Ինչպես արդեն ասացի, խորհրդային տարիներին կային միջնորդավորված թարգմանություններ, և ես կարող եմ նշել նման թարգմանությամբ առնվազն հինգ գիրք, որոնք ավելի հաջողված են հայերենի տեսանկյունից: Պատճառը պարզ է. այդ ժամանակ հաճախ թարգմանում էին կայացած հեղինակներ, որոնք փայլուն էին տիրապետում հայերենին, իսկ այդ նույն գրքերի բնագրային տարբերակները ստվերում են մնացել գեղարվեստական ինչ-ինչ արժանիքներ չունենալու պատճառով: Այնպես որ միջնորդավորված թարգմանությունը միշտ չէ, որ վատ բան է:

-Ձեր ներդրումն ունենո՞ւմ եք գիրքը թարգմանելիս, թե՞ հավատարիմ եք մնում հեղինակին:

-Թարգմանիչը չի կարող ներդրում չունենալ, որովհետև նա փոխնակ հեղինակ է: Ցանկալի է, որ զերծ մնա տեքստ ներխուժումից և փոխանցի այն, ինչ կա բնագրում՝ չավելացնելով այն, ինչն այնտեղ չկա, սակայն գոնե ոճի տեսանկյունից կարող է փոփոխություն լինել: Նորամուծությունները ցանկալի չեն, բայց այնպես չէ, որ չեն լինում: Թարգմանությունը բավականին բծախնդիր` գրեթե ոսկերչական աշխատանք է:

-Սեղանին տեսնում եմ «Զանգակ» հրատարակչության մի շարք գունազարդ գրքեր: Մանկական գրականության ի՞նչ նոր նմուշներ եք ներկայացնելու ընթերցողներին:

-Արդեն հրատարակել ենք Մարջերի Ուիլյամսի «Թավշյա ճագարը» գեղեցիկ նկարազարդված գիրքը, որը թարգմանել է Լիլիթ Պետրոսյանը: «Զանգակը» հայտնի է այս շարքով, քանի որ երեխաները շատ են սիրում ճագար կերպարների, իսկ մանկագրության մեջ ճագարն ամենատարածված անձնավորված հերոսներից է: Հետաքրքիր է Մայքլ Բոնդի «Փադինգթոն անունով արջուկը», որը թարգմանել է  Լուսինե Հայրապետյանը: Հնարավոր է՝ լինի ամբողջ շարքը, քանի որ այն մի քանի գրքից է բաղկացած:  Էրիխ Քեսթների «Էմիլը և հետախույզները» գիրքը, որը գերմաներերից թարգմանել է Լիանա Սաֆարյանը, ռուսերենից հայերեն  էր թարգմանվել խորհրդային տարիներին և շատ սիրված էր:

Նիլ Գեյմանի «Քորլայն»-ը, որը թարգմանել է Արթուր Մեսրոպյանը, ևս սպասված գիրք է: Գեյմանը ֆենթզի գրականության արքաներից է: Նրա շատ գրքեր էկրանավորվել են: Հայտնի է «Քորլայն»-ի անիմացիոն տարբերակը: Գիրքը չէի համարի սարսափ ժանր, սակայն անիմացիան այդպիսին է: Այսօր թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում շատ զարգացած է մանկական գոթական արձակը: Խորհրդավորությունը, արգելված սենյակները գրավիչ են: Գեյմանի Քորլայնին կարելի է համարել Լուիս Քերոլի Ալիսի ժառանգորդը, սակայն Ալիսը զերծ է տագնապի զգացողությունից: Վիկտորյան  դարաշրջանում ընդունված չէր մանուկների համար նման գրքեր գրել, թեև գոթական  արձակը զարգացած է եղել նաև այդ շրջանում:

Հրաշալի է ճանաչված մանկագիր Երազիկ Գրիգորյանի «Կախարդին + ագռավ» գիրքը: Անսպասելի գեղեցիկ ստացվեց՝ հարուստ նկարազարդումներով: Գիրքը հետաքրքիր կլինի ոչ միայն մանուկների, այլև մեծերի համար: Լույս ենք ընծայել նաև Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիան»: Կան հեղինակներ, որոնք գովազդի կարիք չունեն, և նրանց անունն արդեն խոսում է դեռ չհրատարակված գրքի հաջողության մասին: Նման հեղինակներից է Դեն Բրաունը:

-Տիկին Ջիվանյան, շնորհակալ եմ հաճելի զրույցի համար:

 

Զրուցեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am