Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

Կառավարությունը սահմանել է կրթական մրցանակներ ՏՏ ոլորտի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար

Կառավարությունը սահմանել է կրթական մրցանակներ ՏՏ ոլորտի լավագույն 
ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանվել է կրթական վեց մրցանակ: Բուհերի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար նախատեսված մրցանակները կշնորհվեն ամեն տարի: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը» հաստատվել է ՀՀ կառավարության՝ մայիսի 13-ին կայացած նիստում:

Սահմանվել են կրթական մրցանակները, պարգևատրման չափը և մրցանակների քանակը` ըստ անվանակարգերի:

Լավագույն ուսանողների համար.

  • «Գլխավոր մրցանակ»` 1200 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, նախատեսված է  1 մրցանակակիր,
  • «Լավագույն ասպիրանտ»` 1-ին և 2-րդ կարգի մրցանակների համար նախատեսված է համապատասխանաբար 1000 և 750 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 6 մրցանակակիր,
  • «Լավագույն մագիստրանտ»` 1-ին և 2-րդ կարգի մրցանակների համար նախատեսված է համապատասխանաբար 750 և 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 6 մրցանակակիր,
  • «Լավագույն բակալավր»` 1-ին և 2-րդ կարգի մրցանակների համար նախատեսված է համապատասխանաբար 500 և 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 6 մրցանակակիր:

 

Լավագույն սովորողների համար.

  • «Գլխավոր մրցանակ»` 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, նախատեսված է  1 մրցանակակիր,
  • «Լավագույն աշակերտ»` 1-ին և 2-րդ կարգի մրցանակների համար նախատեսված է համապատասխանաբար 200 և 100 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 5 մրցանակակիր:

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակների մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացնում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը՝ համաձայն ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի։

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատմանը կներկայացնի ընտրություն կատարող հանձնաժողովի կազմը:

ԿԳՄՍ նախարարին հանձնարարվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, հաստատել ՏՏ բնագավառում կրթական մրցանակի մրցանակակրի ընտրություն կատարող հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը, լավագույն ուսանողների կրթական մրցանակների մրցանակաբաշխության մասնակից բուհերի և հանրակրթական դպրոցների ցանկերը:

Համաձայն կարգի` մրցանակին կարող են հավակնել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ ուսանողները և 10-12-րդ դասարանների աշակերտները, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն, մասնակցել են ՏՏ ոլորտի նորարարական նախագծերի և մրցույթների, ունեն տպագրված հոդվածներ։

Մրցանակի հավակնորդները դիմումները ներկայացնում են իրենց բուհի կամ դպրոցի ղեկավարությանը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքում և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված հայտարարության հիման վրա:

Ուսումնական հաստատությունների ղեկավարությունը լավագույն տասը հավակնորդների փաստաթղթերը 5-օրյա ժամկետում ներկայացնում է մրցանակաբաշխության հանձնաժողովին, որը կատարում է հաղթողների վերջնական ընտրությունը` ըստ հավակնորդների հետ անցկացվող անհատական հարցազրույցների և սահմանված պահանջների բավարարման արդյունքների:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]