Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքում սկսվել է բրոկկոլիի սածիլումը

Գեղարքունիքում սկսվել է բրոկկոլիի սածիլումը

ԳԱՎԱՌ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «EU4Sevan» ծրագրի  «Գեղարքունիքի մարզում նոր մշակաբույսերի ուսուցման, մշակման եւ տարածման փորձի ընդլայնում» ենթածրագրի շրջանակներում սկսվել է բրոկկոլիի սածիլների բաշխման եւ սածիլման գործընթացը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագիրն իրականացնող «Համայնքի զարկերակ» ՀԿ նախագահ Արտուշ Խաչատրյանը, ծրագրի մեկնարկը Գեղարքունիքի մարզում տրվել է 2021 թվականին։ Ծրագրի շահառու են դարձել Վարդենիս քաղաքի, Ծովակ, Վարդենիկ, Զոլաքար գյուղերի 30 տնտեսություն։ Յուրաքանչյուր տնտեսություն սածիլում կատարել է 0,07 հեկտար տարածքի վրա։ «Սածիլները, օրգանական բուժանյութերը  եւ պարարտանյութերը տրամադրվել են մեր կողմից։ Շահառուներին տվել ենք համապատասխան գիտելիքներ, հմտություն եւ փորձ։ Ընդհանուր առմամբ, բրոկկոլի մշակվել է 2,1 հեկտարի վրա, որից ստացվել է 38 տոննա բերք։ Այն իրացվել է ներքին շուկայում։  1 կիլոգրամը վաճառվել է 400-700 դրամի սահմաններում։ Այս տարի ծրագրում  ընդգրկել ենք  68 ընտանիք եւ փոխել ու ընդլայնել ենք ցանքերի աշխարհագրությունը՝ այն իրականացնելով արդեն Գավառի, Սեւանի, Մարտունու և Վարդենիսի տարածաշրջաններում։ Որպեսզի ավելի շատ շահառուներ ընդգրկենք ծրագրում, որոշել ենք կրճատել հողամասի չափերը՝ այն 0, 07-ից  հասցնելով 0,04 հեկտարի։ Անցած տարվա 60 հազար սածիլի փոխարեն այս տարի արտադրել եւ տրամադրել ենք 72  հազար սածիլ, սածիլումն արդեն կատարվում է։ Յուրաքանչյուր սածիլ ապահովում է մինչեւ 800-1000 գրամ բերքատվություն։ Առհասարակ, այս ծրագրի նպատակն է՝ Գեղարքունիքի մարզում ավանդական մշակաբույսերի փոխարինումը ոչ ավանդական եւ նոր մշակաբույսերով, բարձրացնել հողագործությամբ զբաղվող անհատ գյուղացիների աշխատանքի եկամտաբերությունը հողակտորի օգտագործման ճիշտ պլանավորման միջոցով, տալ նրանց համապատասխան գիտելիքներ, աջակցել բերքի իրացման եւ շուկայավորման, ինչպես նաեւ ստացված փորձի ընդլայնման հարցերում։ Յուրաքանչյուր շահառուի բաժանում ենք օրգանիկ բուժանյութեր, պարարտանյութեր եւ գյուղգործիքներ, մշակության ընթացքում այցելելու ենք տնտեսություններ, օգնելու ենք բերքն իրացնելու հարցում՝ օգոստոս եւ հոկտեմբեր ամիսներին Երեւանում կազմակերպելով էկոտոնավաճառ, որտեղ եւ գյուղացիները կիրացնեն իրենց բերքը»,-ներկայացրեց Արտուշ Խաչատրյանը։ 

«Ես բրոկկոլիի սածիլումը կատարելու եմ 300 քառակուսի մետրի վրա։ Այդ արժեքավոր բույսի մշակությամբ զբաղվել եմ նաեւ նախորդ տարիների ընթացքում, իսկ հիմա, որպես այս ծրագրի շահառու, կարող եմ ասել, որ այն բավականին օգտակար ու արդյունավետ է սածիլների, բուժանյութերի, պարարտանյութերի, գյուղգործիքների, խորհրդատվության տրամադրման եւ իրացման հարցում տնտեսություններին օժանդակելու առումներով»,-ներկայացրեց Սարուխան գյուղի բնակիչ Վանիկ Գեւորգյանը։   

«Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի կառավարության կողմից եւ իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի կողմից՝ որպես «ECOServe» ծրագրի մաս, եւ ՄԱԶԾ կողմից: Ծրագիրը նպատակ ունի՝ բավարարել Սեւանա լճի վերականգնման անմիջական կարիքները՝ միաժամանակ նպաստելով ավելի երկարաժամկետ լուծումներին:

«Ծրագրի խնդիրներից մեկն է՝ բարելավել էկոհամակարգին բարենպաստ եւ ջրապաշտպան հողօգտագործման եւ մշակման պրակտիկաների ներդրման կարողությունները, որի շրջանակում համագործակցում ենք «Համայնքի զարկերակ» Երիտասարդական ՀԿ-ի հետ։ Ծրագրի մեկնարկից անցել է մեկ տարի, եւ արդեն տեսանելի են արդյունքները։ Համոզված ենք, որ այս տարի էլ ծրագրում ընդգրկված 68 շահառուները հստակորեն կկատարեն ծրագրի պահանջները, արդյունավետորեն կհամագործակցեն մեզ հետ, իսկ առաջիկա տարիների ընթացքում Գեղարքունիքում կարմատավորվի ոչ ավանդական ու արժեքավոր  մշակաբույսերի արտադրությունը, օրգանիկ գյուղատնտեսությունը,  կավելանան հողագործությունից ակնկալվող եկամուտները»,-ներկայացրեց EU4Sevan ծրագրի Գեղարքունիքի մարզի համակարգող Վարազդատ Սարգսյանը։  

Խոսրով  Խլղաթյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am