Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Ըստ ԱԺ նախագահի՝ ընդդիմությունը զբաղված է պաշտոնակռվով. ՔՊ-ն մոտ օրերս կքննարկի մանդատներից զրկելու հարցը

Ըստ ԱԺ նախագահի՝ ընդդիմությունը զբաղված է պաշտոնակռվով. ՔՊ-ն մոտ օրերս 
կքննարկի մանդատներից զրկելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մոտ օրերս կքննարկի նիստերից բացակայող ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մոտ օրերս խմբակցությունում կքննարկենք, նաև վարչությունով կքննարկենք՝ արդյոք արժի, թե չարժի, որովհետև օրենքը դրա հնարավորությունը տալիս է: Կա երկու կարծիք. մի կարծիքն այն է, որ այսպես թե այնպես ընդդիմությունն ինքն իրեն մեծ հաշվով զրկել է մանդատներից: Ես, անկեղծ ասած, չեմ պատկերացնում, թե մեր գործընկերներն այդքան բարձր նշաձող դնելուց ու հետո այդ նշաձողի «տակ» մնալուց հետո ոնց են վերադառնալու այս դահլիճ… Մյուս կարծիքն էլ այն է, որ պետք է մինչև վերջ «մաշեցնել» այն ամենն, ինչ իրենք արեցին», - ասաց Սիմոնյանը:

Ըստ ԱԺ նախագահի՝ այս պահին 10 պատգամավոր կա, որոնց բացակայությունների քանակը թույլատրելիից բավականին շատ է, ինչը թույլ է տալիս նրանց մանդատից զրկել: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն այց ցուցակում 11-րդն էր, սակայն նա արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել: Սիմոնյանը չբացառեց, որ որոշ անձանց հարցով  գուցե քննարկեն և քաղաքական որոշում կայացվի՝ չդիմել ՍԴ: Մեկտեղ չբացառեց, որ, որ ընդդիմադիրներին կզրկեն նաև ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովների նախագահների պաշտոններից։

«Ընդդիմությունը զբաղված է պաշտոնակռվով ու դա արդեն անում է բացահայտ։ Իրենք, ամեն ինչ թողած, հիմա մեկնաբանում և բացատրում են, թե ինչու իրենց չի կարելի մանդատից զրկել: Առաջին օրից այս ամենը եղել է պաշտոնակռիվ, նո՛ւյն Դաշնակցության, նո՛ւյն Ռոբերտ Քոչարյանի աջակիցների համար սա պաշտոնակռիվ է, մանդատ ունենալու խնդիր է, որ ունենան անձեռնմխելիություն, որ գնան ոստիկանին հարվածեն ու ասեն, որ իրենք պատգամավոր են»,-մասնավորապես ասաց ԱԺ նախագահը:

Անդրադառնալով 2018 թվականի պատգամավորական անհնազանդությունների հետ համեմատականին՝ Սիմոնյանն ասաց, որ այն ժամանակ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ որևէ ընդդիմադիր պատգամավոր չէր լրացրել բացակայությունների այն քանակը, որը պետք էր մանդատից զրկելու համար:  Նա համեմատականները տեղին չհամարեց:

«Շփոթել համաժողովրդական շարժումը և Դաշնակցության կուսակցության, Հանրապետական կուսակցության աջակիցների պահվածը Երևանի փողոցներում: Անհամեմատելի են: Արդյունքներն ապացուցում են իմ ասածի ճշմարտացիությունը»,-եզրափակեց ԱԺ նախագահը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]