Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Սեր Արցախ». բարեգործական ծրագիրն ամփոփվեց նոր նախագծերի շուրջ քննարկումներով

«Սեր Արցախ». բարեգործական ծրագիրն ամփոփվեց նոր նախագծերի շուրջ 
քննարկումներով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սեր Արցախ» բարեգործական նախագծի ամփոփումը հուլիսի 22-ին մեկ հարկի տակ էր հավաքել «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի տնօրեն Աննա Աստվածատուրյան Թերքոթին ու ծրագրի գործընկեր-կազմակերպություններին։ Այն Աննա Աստվածատրյանի և գործընկերների խորհրդանշական առաջին հանդիպումն ու ծանոթություն էր՝ ամիսներ տևած հեռավար համագործակցությունից հետո։

«Սեր Արցախ» ծրագրի նախաձեռնող Աննա Աստավածատուրյանն օրեր առաջ է վերադարձել Արցախից, որտեղ ծանոթանում էր ծրագրի ընթացքին, շրջում քաղաքներով ու գյուղերով՝ հասկանալու, թե ինչ առաջնահերթություններ կան և հետագայում ինչպես կարող է օգնել «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը։

«Մեր մայրիկները և Արցախում բնակվող մեր բոլոր հայրենակիցները, իսկապես, հերոս են։ Ինձ համար կարևոր էր այս ծրագիրը «Սեր Արցախ» անվանել ու աշխարհին հիշեցնել, որ Արցախը կա, ապրում է և մեծանալու է։ Արցախում նաև հանդիպումներ ենք ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել համագործակցության ուղիները և նոր նախագծերի հնարավորությունները»,-նշում է նա։  

«Սեր Արցախ»-ին միացած կազմակերպությունների ներկայացուցիչներն անձամբ բացեցին նվեր-տուփերն ու ներկայացրին, թե ինչ է դրանցում ներառված. բամաբակյա մանկական հագուստ, գիշերանոց, քնապարկ, սրբիչներ, վերմակ, երեխայի և ծննդկանի խնամքի համար նախատեսված հիգիենայի պարագաներ, ինչպես նաև Հայաստանում անհատական պատվերով նախագծված փափուկ մանկական գրքեր և փայտե անիվներով խաղալիքներ։

Տուփում ներառված բոլոր պարագաները հայկական արտադրության են և պատրաստվում են Հայաստանում ու Արցախում։ Նախագծին միացած կազմակերպությունների՝  «Lalunz», «Play Artsakh», «Tmblik», «Theopharma Imports» ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամին այս նախաձեռնության համար և նշեցին՝ հպարտ են մասնակիցը դառնալու «Սեր Արցախ» ծրագրին, որին աջակցելը մեծ պատիվ և պատասխանատվություն է.

«Ամեն հագուստի վրա շատ երկար ենք աշխատել ու մանրակրկտորեն ընտրել ամեն դետալ՝ սկսած կտորից մինչև գույներ։ Մենք մեծ սեր ենք ներդրել այս ամեն ինչում, նույնիսկ կարելու ընթացքում մեր աշխատակիցներն օրհնանքներ էին ասում»,-պատմեց «Lalunz» ՍՊԸ-ի տնօրեն Լուսինե Դավթյանը։

«Մեզ ապրեցնողը, մեզ կյանք տվողը նորածիններ են, և շատ ուզում եմ, որ Հայաստանում ու Արցախում շատ երեխաներ ծնվեն»,-ասաց «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Լիլյան Գալստյանը։

«Սեր Արցախ» ծրագիրը մեկնարկել էր հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը` ի նշան 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ծնված և իրենց հայրենի հողին նոր կյանք տվող երեխաներին պաշտպանելու անհրաժեշտության և պատասխանատվության։

Աննա Աստվածատուրյան Թերքոթը ամերիկաբնակ հայ գրող, բարերար, իրավաբան, Վեստբրուկ բնակավայրի քաղխորհրդի ընտրված նախագահ, «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահն է: Աննան նաև «Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile)  ինքնակենսագրական գիրքի հեղինակն է` հիմնված 11 տարեկանում գրված իր օրագրի վրա, որում նա ներկայացնում է Բաքվում հայերի ջարդերից փախչող իր ընտանիքի պատմությունը: 2013 թվականին նա Մենում հաջողությամբ աշխատել է օրենսդիր մարմնի կողմից Արցախի  Հանրապետության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am