Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Չեխիայի Սենատի նախագահի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարցին

Չեխիայի Սենատի նախագահի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է 
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարցին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 26-ին հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ այս առումով կարևորելով նաև խորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակական ամրապնդումը։

Գոհունակությամբ արձանագրվել է վերջին շրջանում միջխորհրդարանական բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը՝ որպես ձևավորված հարուստ երկխոսությունը հետևողականորեն խորացնելու երկկողմ պատրաստակամության կարևոր ցուցիչ։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հետևողականորեն առաջ մղվող բարեփոխումների օրակարգը, որոնք ուղղված են երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, իրավունքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրամիության կապերի ամրապնդմանը և Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հարավային Կովկասում  ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել  խաղաղության համար։

Անդրադարձ կատարելով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հրատապ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում համամարդկային ժառանգության մաս կազմող հայկական հուշարձանների պահպանման և վանդալիզմի շարունակվող դեպքերի կանխման անհրաժեշտությունը: Հումանիտար խնդիրների համատեքստում չեխական կողմն ընդգծել է, որ միջազգային իրավունքի և Ժնևի կոնվեցիաների դրույթները պետք է պահպանվեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am