Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը այլընտրանք չունի. Արտակ Բեգլարյան

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը այլընտրանք չունի. Արտակ 
Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Թաղավարդ և Կարմիր շուկա գյուղերի խաղաղ բնակիչների տների ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակած փամփուշտները և հրադադարի ռեժիմի այլ խախտումները վերջին օրերին հերթական ապացույցն են այն բանի, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը տեսանելի ապագայում չի փոխելու հայերի հանդեպ տասնամյակներ շարունակ դրսևորված ատելության, ֆիզիկական և հոգեբանական բռնության իր քաղաքականությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ հրապարակելով լուսանկարներ, որոնցում երևում են Արցախի խաղաղ բնակիչների՝ ադրբեջանական գնդակոծության հետևանքով վնասված տները:

 

«Ինչքան էլ ադրբեջանական իշխանությունները խաղաղություն և քաղաքավարություն խաղան, միևնույն է, նրանք շարունակում են հայատյացության և ագրեսիվության քաղաքականությունը՝ հայերին Արցախից վտարելու և հայկական պետականությունն ու ողջ հայությանը նվաստացնելու նպատակով: Հակամարտությունը չի կարող կարգավորվել և տարածաշրջանում չի կարող լինել երկարաժամկետ կայունություն, քանի դեռ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը պատրաստ չեն իրական և բոլոր կողմերի համար արժանապատիվ երկխոսության ու խաղաղության: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և պաշտպանությունը այլընտրանք չունի, քանի որ մենք ենք մեր ճակատագրի տերը մեր Հայրենիքում, և դա միակ ձևն է աշխարհում մի նոր ցեղասպանություն կանխելու», - գրել է Արցախի պետնախարարը:

Հուլիսի 28-ին Արցախի Ներքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ ադրբեջանական զինուժը մոտ 20 րոպե անկանոն կրակ է վարել Թաղավարդ և Կարմիր Շուկա, նաև՝ Տոնաշեն համայնքների ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am