Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պուտինը ցավակցել է Դուգինին՝ «ստոր և դաժան հանցագործություն» որակելով նրա դստեր սպանությունը

Պուտինը ցավակցել է Դուգինին՝ «ստոր և դաժան հանցագործություն» որակելով նրա 
դստեր սպանությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը արձագանքել է ռուսաստանցի հայտնի հասարակական գործիչ, եվրասիական ինտեգրման գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի դստեր՝ լրագրող Դարյա Դուգինայի սպանությանը՝ ցավակցական հեռագիր հղելով նրա ծնողներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Կրեմլի պաշտոնական կայքէջում հրապարակված հեռագրում Ռուսաստանի նախագահը ստոր և դաժան հանցագործություն է որակել Դարյա Դուգինայի սպանությունը:

Կրեմլի ղեկավարն իր անկեղծ ցավակցությունն ու աջակցության խոսքերն է հայտնել նրա ծնողներին՝ Ալեքսանդր Դուգինին և Նատալյա Մելենտիևային՝ նրանց պատուհասած ծանրագույն, անդառնալի կորստի կապակցությամբ:

«Ստոր և դաժան հանցագործությունը ընդհատեց Դարյա Դուգինայի՝ պայծառ, տաղանդավոր մարդու, իսկական ռուսական սիրտ ունեցող, բարի, սիրող, գթասիրտ ու անկեղծ անձնավորության կյանքը: Լրագրող, գիտնական, փիլիսոփա, ռազմական թղթակից. նա ազնվորեն ծառայում էր մարդկանց, հայրենիքին և գործով էր ապացուցում՝ ինչ է նշանակում լինել Ռուսաստանի հայրենասեր», - նշել է Պուտինն իր հեռագրում:

Ռուսաստանցի հասարակական գործիչ, փիլիսոփա, «Միջազգային եվրասիական շարժում» հասարակական կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Դուգինի դստեր՝ լրագրող Դարյա Դուգինայի սպանությունը տեղի էր ունեցել շաբաթ օրը՝ օգոստոսի 20-ին, տեղական ժամանակով երեկոյան 21:00-ի սահմաններում: Մերձմոսկովյան Բոլշիե Վյազեմի գյուղի մոտ պայթել էր նրա վարած Land Cruiser Prado ավտոմեքենան: Հաջորդ օրը՝ օգոստոսի 21-ին, Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ Դուգինայի սպանությունը պատվիրված է եղել: Իսկ օգոստոսի 22-ին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը հայտարարել է, որ Դարյա Դուգինայի սպանության ետևում ուկրաինական հատուկ ծառայություններն են կանգնած: Ըստ ԱԴԾ-ի տվյալների՝ սպանության անմիջական կատարողը Ուկրաինայի 43-ամյա քաղաքացի Նատալյա Վովկն է, որը հանցագործությունն իրականացնելուց հետո փախել է Էստոնիա: Սակայն Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Կիևը Դուգինայի սպանության հետ որևէ առնչություն չունի։

Ալեքսանդր Դուգինի դստեր սպանությունը լայն արձագանք է ստացել միջազգային մամուլում: Բրիտանական BBC-ն, ամերիկյան CNN-ը Դուգինին անվանում են Պուտինի «մերձավոր դաշնակից» և Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության «հոգևոր առաջնորդ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am