Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի առթիվ Բաքվի դեմ դիմումներ կներկայացվեն միջազգային դատարաններ

Հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի առթիվ Բաքվի դեմ դիմումներ կներկայացվեն միջազգային դատարաններ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի առիթով Բաքվի դեմ դիմումներ կներկայացվեն Եվրոպական և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարաններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ այս մասին տեղեկացրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։ 

«Ի պատասխան բազմաթիվ ԶԼՄ ներկայացուցիչների զանգերի և հաղորդագրությունների.

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը զբաղվում է այսօր առավոտյան տելեգրամյան ալիքներով տարածված տեսանյութով, որտեղ երևում է հայ գերիների գնդակահարությունը: Սա փաստացի պատերազմական հանցագործություն է:

Տեղեկացնեմ, որ այս պահին աշխատում ենք համապատասխան կառույցների հետ: Փաստերի համադրմամբ և հստակ ապացույցներով ուղեկցված նյութերով, առավոտյան Ադրբեջանի դեմ նոր դիմումներ կներկայացնենք Եվրոպական և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարաններ»,- գրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակը:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան մեկնաբանել է ադրբեջանական «Տելեգրամ»-ի ալիքներում տարածված տեսանյութը, որում ենթադրաբար ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիների: Նա նշել էր. «Տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ հայտնել չենք կարող, այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը:

Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է։ Այդ ձեռագիրը մեզ և միջազգային հանրությանը հայտնի է նախորդիվ տեղի ունեցած նույնանման դեպքերի վերաբերյալ անհերքելի ապացույցներից»:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը տեսանյութի առնչությամբ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում արել էր հետևյալ գրառումը․ «Հրապարակվել է հերթական տեսանյութը, որում հավանաբար մահապատժի են ենթարկվում հայ ռազմագերիներ։ Եթե տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա դա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am